

Արև Հակոբյան, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Ռուսաստանի «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիժովը ապրիլի 22-ին ստորագրեցին պայմանագիր` ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին: Ըստ պայմանագրի, համատեղ ՓԲԸ-ն կգրանցվի առաջիկա երեք ամիսների ընթացքում, ապա ընկերությանը կտրվի Հայաստանի տարածքում ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա: Նախատեսվում է հետախուզական աշխատանքները սկսել սեպտեմբերին` Սյունիքի մարզում:
Ինչպես նշեց Ա.Հարությունյանը, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին համաձայնություն կնքել են դեռեւս 2000թ.-ին: 2008թ.-ի փետրվարին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ՌԴ-ի «Ռոսատոմ» գործակալության միջեւ ստորագրվեց ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիր, որով էլ հաստատվեց համատեղ ձեռնարկություն հիմնելու կողմերի մտադրությունը:
Ըստ Ա.Հարությունյանի, երկրաբանախուզական աշխատանքների ամբողջ գործընթացը լինելու է թափանցիկ եւ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Նա հայտնեց, որ այս տարի ռուսական կողմը նախատեսում է շուրջ 3 մլն դոլարի ներդրումներ իրականացնել:
Համատեղ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 92 մլն 241 հազար (ավելի քան 297,5 հազար ԱՄՆ դոլար): Ընկերություն ստեղծելու նպատակով ժամանակավոր հաշիվ կբացվի «Առեկսիմբանկ» («Գազպրոմբանկ Հայաստան») ՓԲԸ-ում: «Ատոմռեդմետզոլոտո»-ն կվճարի ընկերության կանոնադրական կապիտալի 50 տոկոսը` փողով: Հայկական կողմը` ի դեմս Բնապահպանության նախարարության, վճարելու է կապիտալի իր կեսը գույքով, նաեւ երկրաբանական եւ այլ տեղեկատվության ձեւով:
«Ատոմռեդմետզոլոտո» ընկերությունը կառավարում է Ռուսասատանի ուրանաարդյունաբերող ողջ ակտիվները, որոշ ծրագրեր է իրականացնում նաեւ Ղազախստանում: Ուրանի պաշարներով ընկերությունը գրավում է աշխարհում երկրորդ տեղը: «Ատոմռեդմետզոլոտո»-ի ակցիաների 100%-ը պատկանում է «Ատոմէներգոպրոմ» ԲԲԸ-ին, որն էլ մտնում է ՌԴ-ի «Ռոսատոմ» ատոմային էներգիայի գործակալության մեջ:
Ապրիլ 22, 2008
