2021թ. հոկտեմբերի 17-ին 156 օր տևած պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2021) հետո գործարկվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկը և միացավ ՀՀ միասնական էներգահամակարգին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:
Աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ:
ՊՆՎ-2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր, որը հաջողությամբ իրականացվել է ՀԱԷԿ-ում և կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բլոկի տևական կանգի ընթացքում իրականացվել են նաև անվտանգության հիմնական համակարգերի՝ ակտիվ գոտու վթարային հովացման, սպրինկլերային, հուսալի սնուցման, ներռեակտորային տեխնոլոգիական վերահսկման և տեղեկատվահաշվողական համակարգերի արդիականացման աշխատանքները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության և ներգրավված ենթակապալառու ընկերությունների մասնագետների, ինչպես նաև կայանի անձնակազմի մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի պատմության մեջ եզակի, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվել են շուրջ 730 մ խողովակաշարի և շուրջ 270 միավոր խողովակաշարային փականների մոնտաժման աշխատանքներ, 420 նոր եռակցվածք, ինչպես նաև շուրջ 4700 եռքակարանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում/վերահսկում, անցկացվել և մոնտաժվել է շուրջ 42 կմ երկարությամբ մալուխ և այլն: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ավարտական փուլի աշխատանքներին զուգահեռ ընթացել են տարեկան պլանային վերանորոգման նախատեսված աշխատանքները՝ շուրջ 520 միավոր սարքավորման հիմնանորոգում, ինչպես նաև մոտ 330 միավոր սարքավորման միջին և ընթացիկ վերանորոգում և այլն:
Հոկտեմբեր 18, 2021 at 11:19