«ԷկոԼուրը» հարցում է ուղղել ՀՀ կառավարությանն անռընթեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ պարզելու, թե արդյո՞ք Հայաստանում ստեղծվել է շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիա, որում իրականացվում է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և ի՞նչ արդյունքներ կան:
Հարցման մեջ մասնավորապես նշված է. «2020թ-ի օգոստոսի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (բաղադրիչ բ)» ֆինանսվորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» 1407-Ա որոշումը: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (բաղադրիչ Բ)» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում նախատեսված է ստեղծել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիա:
ՀՀ տարածքում շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիան պետք է իրականացնի՝
- շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ՝ հողում, օդում, ջրերում, մթերքում, շինանյութում ռադիոակտիվ աղտոտվածությունը գնահատելու համար
- անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի ապահովում
- ճառագայթման աղբյուրների օգտագործման օբյեկտներում անձնակազմի աշխատատեղի և այդ աղբյուրների ճառագայթային մոնիթորինգի ապահովում
- տիրազուրկ ճառագայթման աղբյուրների հայտնաբերման/բացահայտում և բնութագրում
- վթարային ճառագայթային մոնիթորինգի իրականացման աշխատանքների ապահովում
- միջուկային նյութերի վերահսկման աշխատանքների ապահովում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.
-
Արդյո՞ք արդեն ստեղծվել է լաբորատորիան, եթե այո, ապա
- ո՞ր համայնքերում կամ ո՞ր տարածքներում է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և հողում, օդում, ջրերում, մթերքում, շինանյութում ռադիոակտիվ աղտոտվածության գնահատում իրականացվել և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել:
-
Արդյո՞ք լաբորատորիայի իրականացրած մոնիթորինգի արդյունքները կլինեն հրապարակային հանրության համար և արդյո՞ք կլինեն ուղեցույցներ հասարակության համար ռադիոակտիվ աղտոտվածության հայտնաբերման դեպքում որոշակի քայլերի իրականացման համար գիտելիքների տրամադրման առումով:
-
Եթե լաբորատորիան դեռ չի ստեղծվել, ապա ի՞նչ ժամկետներում է նախատեսվում ստեղծել այն:
-
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ի՞նչ պարբերականությամբ է ՀԱԷԿ-ից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող 25 համայնքներում օդի, հողի, ջրի, գյուղմթերքի ճառագայթային մոնիթորինգ իրականացնում: Արդյո՞ք երբևէ հայտնաբերվել են շեղումներ, ո՞ր համայնքներում և դրանց կանխարգելման, տեղի բնակչության ճառագայթային անվտանգության ապահովման համար ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել»:
Հունվար 27, 2022 at 10:00