Արմավիրի և Արագածոտնի մարզպետարանների պատասխանը ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու բնակիչներին հակագազերի ու դնչկալների տրամադրման մասին հարցման վերաբերյալ

Արմավիրի և Արագածոտնի մարզպետարանների պատասխանը  ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու բնակիչներին  հակագազերի ու դնչկալների տրամադրման մասին հարցման վերաբերյալ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին՝ պարզելու, թե Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդակիր նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման (ՇՊՄՊ) գոտիների համայնքների բնակչությունն արդյոք ապահովված է անհրաժեշտ քանակի հակագազերով ու դնչկալներով: 

Մարզպետներին հասցեագրված ԷկոԼուրի հարցման մեջ նշված է.

«ՀՀ կառավարության 2005թ․ դեկտեմբերի 22-ի N 2328-Ն «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)» որոշմամբ հաստատված 1-ին հավելված  9-րդ կետում ամրագրված է, որ  բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման (ՇՊՄՊ) գոտիներում գտնվող բնակավայրերի բնակչությանը բաշխվում են նախօրոք և պահպանվում նրանց մոտ։ Նույն հավելվածի 29-րդ կետում նշված է, որ ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն անհատական պաշտպանության միջոցների բաշխումը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Արմավիրի մարզպետարանները, որոնք անհրաժեշտ քանակությամբ անհատական պաշտպանության միջոցներն ստանում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունից` ըստ ներկայացված հայտի:

Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք  տալ տեղեկատվություն հետևյալի մասին՝

1. Վերջին անգամ ե՞րբ է մարզպետարանը ՀԱԷԿ-ի ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը բաշխել որոշմամբ պահանջվող հակագազեր և դնչկալներ:

2. Բաշխված անհատական պաշտպանական միջոցների քանակությունը համապատասխանո՞ւմ է Պլանով նախատեսված քանակություններին։

3․ Որքա՞ն են բաշխված  հակագազերի և դնչկալների  պիտանելիության ժամկետները»։

Ի պատասխան Արագածոտնի մարզպետարանից ԷկոԼուրին հայտնել են, որ անհրաժեշտ քանակությամբ անհատական պաշտպանության միջոցներ ստանալու համար Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանը հայտ չեն ներկայացրել: 

«Համաձայն ՀՀ կառավարության 2005թ․ դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշման 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի  մարզպետարանն անհրաժեշտ քանակությամբ անհատական պաշտպանության միջոցներ ստանալու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանը հայտ չի ներկայացրել»,- նշված է Աարագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովսեփ Գուլյանի պատասխան նամակում:

Արմավիրի մարզպետարանից էլ տեղեկացրել են, որ մարզպետարանի արխիվում ԷկոԼուրի հարցման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

«2022 թվականի սեպտեմբերի 16-ի Մ-15287-2022 մուտքային համարով ՀՀ Արմավիրի մարզպետին հասցեագրված Ձեր հարցման կապակցությամբ իրազեկում եմ Ձեզ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանում քննարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանը) հաստատելու մասին» N2328-Ն որոշման 3-րդ եւ 7-րդ կետերով պահանջված դրույթները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի արխիվում գործին առնչվող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ուստի համապատասխան տեղեկատվության հավաքագրման նպատակով դիմել ենք պատկան մարմիններին։

Հավաքագրված և ամբողջական տեղեկատվություն Ձեզ կտրամադրվի պատկան մարմիններից գործին առնչվող նյութեր ստանալուց հետո»,- նշված է Արմավիրի մարզպետարանի նամակում:

Սեպտեմբեր 29, 2022 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր