

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը 2022թ. նոյեմբերի 30-ին N/3/07.2/15243 գրությամբ պատասխանել է «ԷկոԼուր» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների` Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու և լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու ծրագրի վերաբերյալ նամակ-դիմումին:
Փոխնախարարի պատասխան նամակում նշված է. «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ 2012 թվականի հուլիսի 26-ին տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն (ԲՓ-64):
Նշված նախատեսվող գործունեության վերաբերյալ կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ չի ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի, հաշվետվությունների և հիմնադրութային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի:
Նշված կազմակերպությունները կարող են մասնակցել ՇՄԱԳՓ գործընթացին և դրա շրջանակներում ներկայացնել իրենց դիրքորոշումը:
Տեղեկացնում եմ, որ համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1 մասի 1-ին կետի՝ ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման, այդ թվում ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերին համապատասխան բնապահպանական (այդ թվում՝ ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման պահանջների ու պայմանների ապահովման իրավասությունները ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N733-Լ որոշմամբ վերապահված են Կառավարությանը ենթական Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին»:
Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ներն նամակով դիմել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին և Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանին՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու և լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու ծրագրի վերաբերյալ:
Նշենք, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն հայտարարել էր Քարաբերդի հանքավայրում ոսկու արդյունահանումն ընդլայնելու ծրագրի վերաբերյալ 2022թ. նոյեմբերի 4-ին Փամբակում հանրային լսումներ անցկացնելու մասին, սակայն տեղի բնակիչները դեմ են արտահայտվել և թույլ չեն տվել լսումներ անցկացնել՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
ՀԿ-ներն իրենց դիմումում, մասնավորապես, նշել էին. ««ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի՝ ոսկու արդյունահանումն ընդլայնելու և վերամշակման գործարան կառուցելու նոր նախագիծը պետք է հետաձգել այնքան ժամանակ, մինչև չվերանայվեն «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ընդերքօգտագորման պայմանագրում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընկերության ստանձնած պարտավորությունները և չամրագրվեն համայնքի իրական կարիքներից բխող պարտավորություններ, մինչև ընկերությունը չվերականգնի Քարաբերդի ոսկու հանքավայրի խախտված տարածքները, չստեղծի վերը նշված բոլոր գործողություններն իրականացնելու հիմնադրամ, և, ի վերջո, չներկայացնի հանքարդյունաբերական տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձը։
Անընդունելի ենք համարում հանրային լսումները միայն Փամբակ համայնքում անցկացնելու փորձը՝ առանց Քարաբերդի ոսկու հանքավայրի անմիջական ազդեցության տակ գտնվող, բայց ազդակիր համայնքի կարգավիճակ չունեցող Վանաձոր քաղաքի և Մեղրուտ գյուղի մասնակցության։
Կոչ ենք անում Փամբակ խոշորացված համայնքի տեղական իշխանություններին հատուկ քննարկումներ նախաձեռնել «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ստանձնած, բայց չկատարված պարտավորությունների վերաբերյալ, պահանջել գնահատել Քարաբերդի ոսկու հանքավայրի արդեն իսկ առկա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և համայնքի բնակիչների առողջության վրա։ Քաղաքացիների մասնակցությամբ բացահայտել Փամբակ համայնքի կարիքներն ու հնարավորությունները և զարգացման առաջնահերթությունները՝ ստեղծելով սոցիալ-բնապահպանական քաղաքականություն, որը կնպաստի համայնքի կայուն զարգացմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԿ-ների դիմումին պատասխանել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Փոխնախարարի պատասխան նամակում նշված է.
«Հայտնում ենք, որ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու և լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու նպատակով նախագծի փոփոխության վերաբերյալ համապատասխան դիմում ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից չի ստացվել, ինչպես նաև ՀՀ ՏԿԵ նախարարությունը չունի օրենսդրությամբ սահմանված իրավասություն ընդերքօգտագործողի կողմից հանրային լսումների անցկացման գործընթացը սահմանափակելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով ՀՀ ՏԿԵ նախարարությունը հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։ Հարկ է նշել, որ նախագծի՝ օրենքով սահմանված հանրային քննարկումն ապահովելու նպատակով այն հրապարակվել է e-draft.am պաշտոնական կայքում»:
Դեկտեմբեր 01, 2022 at 16:55