«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ» ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ» ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ

ԷկոԼուր
 
«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել Հայաստանում ուրանի հանքավայրերի շահագործման դեմ: Իր հայտարարության մեջ «Սարդարապատ»-ը մասնավորապես կոչ է անում «մտահոգ և սրտացավ բոլոր հայերին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին սատարել Զանգեզուրի բնակչությանը, վիժեցնելու համար այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերը»:

«Արձանագրում ենք, որ
• Հայաստանի Հանրապետությունում լեռնաարդյունաբերության  տեխնոլոգիական   ցածր մակարդակը գործող հանքավայրերում անդառնալի վնասներ է հասցնում շրջակա միջավարին և մարդկանց առողջությանը,

•    հանքավայրերի շահագործման ժամանակ առաջացած թունավոր թափոնների ոչնչացումը կամ թաղումը ինչպես շահագործման, այնպես էլ շահագործումից հետո հետևանքների վերացման փուլերում կրում են անկառավարելի և անվերահսկելի բնույթ,

•    բացակայում են հանքավայրերում աշխատող և նրանց հարակից տարածքներում բնակչության առողջության   նպատակային ուսումնասիրությունները, վիճակագրական համակարգը և մարդկանց առողջության պահպանման  ուղղությամբ կանխարգելիչ և բուժական աշխատանքները,

•    արդեն իսկ ծանր վնասներ են հասցվել Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում,  Դրմբոնում հանքարդունաբերական ձեռնարկությունների հարակից տարածքներին, բնությանը և մարդկանց առողջությանը,

•    շրջակա միջավայրի և մարդկանց առողջության իրական վիճակը արտացոլող վիճակագրական տեղեկությունների բացակայությունն ու  տվյալների անհարկի գաղտնիությունը իրականում հետապնդում է նպատակ քողարկել առկա իրական աղտեալի վիճակը,

•    բնությանը և մարդկանց առողջությանը հասցվող ծանր  վնասները հետևանք են նաև էկոլոգիական ստանդարտների, հումանիտար փորձաքննության` երաշխիքային ենթակառույցների  բացակայության։

Ուսումնասիրելով և փաստելով Զանգեզուրի բնակչության վերաբերմունքը և նրա կողմից հայտնած անվստահությունը  նոր  հիմնադրվող  հանքարդյունաբերական  համալիրների՝ ուրանի հանքերի շահագործման  կապակցությամբ` «Սարդարապատ»   շարժման նախաձեռնությունը գտնում է, որ այդ  ծրագրերի   կյանքի կոչելը հղի է ոչ միայն էկոլոգիական և առողջապահական աղետով, այլ ուղղակիորեն վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը։ Հանքերի շահագործումը կպարտադրի Զանգեզուրի բնակչությանը կարճ ժամանակահատվածում հեռանալ հայրենի բնօրրանից։

Հայաթափելով Զանգեզուրը, ի հեճուկս թուրքերի` մենք մեր ձեռքով վերացնում ենք «հայկական սեպը» և պայման ստեղծում իրականացնելու թուրքերի վաղեմի երազանքը՝ Զանգեզուրը տեսնել առանց հայերի։ Օտարին ծառայելը և իշխանությունը պահելը ռեժիմի համար դարձել են իրենց գոյության միակ նպատակը։ Հարստանալու անհագ տենչը կուրացրել է և իրականությունից կտրել այսօրվա իշխող ռեժիմին, որն էլ պատրաստ է Հայաստանում իրականացնել ծրագրեր, որոնք չեն բխում ո՛չ հայ ժողովրդի և ո՛չ էլ Հայաստանի շահերից։ Կոչ ենք անում մտահոգ և սրտացավ բոլոր հայերին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին սատարել Զանգեզուրի բնակչությանը, վիժեցնելու համար այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերը»,- ասված է  «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ։

Հոկտեմբեր 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր