

Aysor.am
Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման և շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության շուրջ հասարակական լսումների երկրորդ փուլը տեղի կունենա մոտ ապագայում: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից Aysor-ին հայտնեցին, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայումս ուսումնասիրում է փաստաթղթերը և պետք է ներկայացնի փորձաքննական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ առաջին հասարակական լսումներն անցկացվել են այս տարի սեպտեմբերին Արմավիր քաղաքում: Հանդիպման մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էին նոր էներգաբլոկի կառուցման և շահագործման անվտանգության ապահովման խնդիրները, ինչին փոխնախարար Արեգ Գալստյանը պատասխանել էր, որ էներգաբլոկը համապատասխանելու է միջազգային ստանդարտներին և ապահովված է լինելու անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերով:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի շրջանակներում «Ռոսատոմ» պետկորպորացիայի հետ համաձայնագիր ստորագրվեց` Հայաստանում 1060 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Ռուսական կողմը ծրագրին մասնակցելու է ատոմային կղզյակի կառուցման մասով:
Ներկայումս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը բանակցություններ է վարում նաև այլ ներդրողների` հիմնականում եվրոպական ընկերութունների հետ, ԱԷԿ-ի տուրբինային կղզյակի և էլեկտրական կառավարման համակարգի կառուցման շուրջ: Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո սկսվելու է մրցութային գործընթացը:
Սպասվում է, որ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինաշխատանքները կմեկնարկեն 2011 թ. սկզբին:
Հոկտեմբեր 20, 2010
