

ԷկոԼուր
«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ն Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումները համարում է անօրինական եւ մտադիր է բողոքարկել դրանք դատական կարգով:
Առաջին հերթին խոսքը 2009թ. օգոստոսի 4-ին Կապան քաղաքում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի անցկացրած «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծի վերաբերյալ հասարակական լսումների մասին է:
Ինչպես նշված է կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանի կոչ հայտարարության մեջ 2009թ. օգոստոսի 4-ին անցկացված հասարակական լսումների արձանագրությունը կեղծվել է և չի համապատասխանում իրականությանը:
Կբողոքարկվեն ՀՀ կառավարության բոլոր այն որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքում ուրանի ծրագրի իրականացմանը:
Կապանի քաղաքային և Լեռնաձորի գյուղական համայնքների ավագանիները դիմել են ՀՀ կառավարությանը` չեղյալ համարելու ՀՀ տարածքում ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ որոշումները: «Բայց հասարակության կարծիքը առ այսօր ՀՀ կառավարությունը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն հաշվի չեն առնում և շարունակում են իրենց կողմից որդեգրած ուղին»,- նշված է հայտարարության մեջ:
Այս դատական գործընթացին մասնակցել ցանկացողները կարող են ՀԿ-ին դիմել մինչև 2010 թվականի նոյեմբերի 20-ը: Կոնտակտներն են` ՀՀ Սյունիքի մարզ,ք.Կապան Մ.Ստեփանյան 4/11, Հեռ/ֆաքս/+374 285/52544/ / +37493 88 71 71/ Էլ. Հասցե` [email protected]:
Հոկտեմբեր 27, 2010
