

ԷկոԼուր
Սյունիքի հասարակայնությունը վճռական է տրամադրված Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման դեմ եւ մտադիր է համոզել կառավարությանը հետ կանչել բոլոր որոշումները, որոնք վերաբերում են այդ ծրագրին:
Որպես բողոքի նշան Սյունիքի հասարակայնությունը նոյեմբերի 11-ին Կապանում կազմակերպում է հանրահավաք եւ կոչ է անում Հայաստանի ողջ հասարակությանը միանալ այդ հանրահավաքին: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց հանրահավաքի կազմակերպման եւ անցկացման աշխատանքային խմբի անդամ, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
«Կառավարությունն օրինական չի գործում, չի կատարում պարտականությունները, ճիշտը չի ասում: Մարդիկ ասացին «ո’չ ուրանային ծրագրին», իսկ կառավարությունը ձեւացնում է, թե չի լսում»,- ասաց Ղազարյանը:
Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են մի քանի կազմակերպություններ, այդ թվում` «Ազատամարտ» կոմիտեն եւ «Կապանի զարգացման հիմնադրամ» ՀԿ-ն, որոնք ուրանի ծրագրի դեմ ստորագրահավաք են սկսել Սյունիքում: Այժմ այդ գործընթացին միացել են նաեւ այլ կազմակերպություններ:
«Արդեն հավաքված է ավելի քան 11 հազար ստորագրություն: Հիմնականում ստորագրել են Կապանի եւ մոտակա գյուղերի բնակիչները: Գործընթացը տեղափոխվել է Մեղրի: Այն գյուղերը, որոնք գտնվում են ուրանի պաշարների հետախուզման տարածքում, նույնպես պատրաստ են բողոքի տակ ստորագրել»,- ասաց Ղազարյանը: Նա նշեց, որ մարդիկ վճռական են տրամադրված եւ պատրաստ են մինչեւ վերջ հասցնել սկսած գործընթացը` կառավարության բոլոր որոշումները հետ կանչելու վերաբերյալ, որոնցով կարգավորվում է Հայաստանի ողջ տարածքում հետախուզման, ուսումնասիրությունների, ռադիոակտիվ հումքի արդյունահանման գործընթացը:
«Մենք կշարունակենք օրենքով նախատեսված բոլոր ակտիվությունները` հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, եթերային ելույթներ»,- հայտարարեց Ղազարյանը: Նրա կարծիքով` տեղական իշխանությունները ժողովրդի կամքին հակառակ չեն գնա:
Հավելենք, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն մտադիր է դատի տալ ՀՀ կառավարությանը` պահանջելով անվավեր ճանաչել Սյունիքում ուրանային պաշարների հետազոտությունների մասին որոշումը, քանի որ որոշման ընդուման ընթացքում ուշադրություն չի դարձվել հասարակության կարծիքը, իսկ 2009թ. օգոստոսի 4-ին Կապանում այդ հարցի վերաբերյալ անցկացված հասարակական լսումների արձանագրությունը կեղծվել է:
Նոյեմբեր 04, 2010
