

2026թ․ հուլիսի 9-ի կառավարության նիստում հաստատվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով տրամադրվող բյուջետային վարկի պայմանները։ Նախատեսվում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036թ․։
Կառավարության որոշմամբ՝ Հայկական ԱԷԿ-ին նախատեսվում է տրամադրել 20 միլիարդ 111 միլիոն 798 հազար դրամի չափով բյուջետային վարկ։ Վարկի մարման ժամկետը սահմանվել է 10 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։ Հիմնական գումարի մարումները նախատեսվում է իրականացնել կիսամյակային հավասարաչափ վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին։
Ֆինանսավորումը նախատեսված է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման և արդիականացման ծրագրի (ՇԺԵ-2) շրջանակում իրականացվող աշխատանքների համար։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ից դադարեցվել է ՀԱԷԿ-ի շահագործումը՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Նախատեսված է աշխատանքներն ավարտել 5 ամսում։
Հուլիս 30, 2026 at 12:08
