ՀԱԿԱՈՒՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ԱԶՆԻՎ ՊԱՅՔԱՐ Է

ՀԱԿԱՈՒՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ԱԶՆԻՎ ՊԱՅՔԱՐ Է

Արմեն Դավթյան, «Սոսի» հեռուստատեսություն

Մինչև օրս  Սյունիքում ուրանի հանքերի շահագործման դեմ հավաքվել է մոտ 11 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը շարունակվում է, ու նոյեմբերի 11-ին Կապանում կայացած հանրահավաքը պարզեց, որ բազմահազար սյունեցիներ դեմ են հանքերի շահագործմանը։ Ըստ կազմակերպիչների՝  հակարուանյան շարժումը գործնական փուլ մտավ։ Այսուհետ պարբերաբար հանրահավաքներ կկազկամերպվեն։ Բացելով հավաքը՝ փաստաբան Արշավիր Խալափյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս շարժումը քաղաքական չէ, զուտ բնապահպանական է։ «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի խոսքով չի կարելի ձեռքերը ծալած նստել; Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը հայտարարեց  որ «մարզային իշխանությունը կապանցիների, սյունեցիների կողքին է»։

Հանրահավաքում  ելույթ ունեցողները դատապարտեցին ծրագիրը: «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքով, ինքը եկել էր, որ մասնակցի հայոց պատմության նորագույն էջի կերտմանը: Կապանցիները իրենց խոսքում մեկ անգամ ևս շեշտեցին, որ  թույլ չեն տա Սյունիքը դատարկել: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նախաձեռնողները սկզբում չթույլատրեցին ելույթ ունենալ։ Միայն մասնակիցների հորդորով  պատգամավորին խոսափող տրամադրվեց։ 

Նոյեմբերի 12-ին հանրահավաքի կազմակերպիչները տարածել են հայտարարություն, ըստ որի,  «իրենց հասած  տեղեկություններով պատգամավորը Երևանում հայտարարություններ էր անում իր կողմից Կապանում հանրահավաք կազմակերպելու մասին։  «Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողացանք այսքան հասունացնել  խնդիրը և դեռ ավելի կհասունացնենք, բայց մեզ համար անընդունելի է, որ մեր կատարած աշխատանքը վերագրեին որևէ մեկին  և մեզ գործիք դարձնեն։ Մենք թույլ չենք տա ոչ մի քաղաքական ուժի շահարկել այս հարցը և ղեկավարել մեզ, քանի որ մեր պայքարը ազնիվ է։ Հանրահավաքներ կկազմակերպենք այնքան, մինչև կառավարությունը կասեցնի այս գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ։

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՍՑԵՆԱՐՈՎ
Մարինե Մարտիրոսյան, 168, ժամ

 
«Առաջ Ուրանաստան»: Սա նոյեմբերի 11-ին Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի հանքավայրի հետազոտական աշխատանքների դադարեցման համար կազմակերպված հանրահավաքի ցուցանակներից մեկի հորդորն է: 1988-ից ի վեր նման զանգվածային հանրահավաք դեռ չէր կազմակերպվել Կապանում, սակայն փոխարենը՝ պակասում էին սյունեցու նախկին ըմբոստությունն ու խիզախությունը: Մարդիկ մի տեսակ կուչ եկած, սառած նայում էին հարթակին, որտեղ ելույթները հաջորդում էին իրար: Այնպիսի տպավորություն էր, կարծես, նրանք անհաղորդ էին կատարվող իրարանցմանը, եւ հանրահավաքն էլ կազմակերպվել է ոչ թե նրանց շահերի պահանջատիրության ոգով, այլ իշխանական բուրգում գտնվողներին ինչ-որ բան խնդրելու համար: «Պա մեր ծեռքին պեն կա՞, աղջիկ ջան: Հինչ օզին, էն ալ ընելու ըն»,- հանրահավաքի պես խաղաղ՝ նշեց կապանցիներից մեկը՝ թերահավատորեն նայելով հանրահավաքի կազմակերպիչներին, ովքեր միջոցառումից ժամեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից նախապես ստացել էին հանրահավաքի սցենարը, որը փորձեցին ի կատար ածել հանրահավաքի կազմակերպիչները: Ի դեպ, հանրահավաքը կազմակերպել էին Կապանի 6 տեղական կազմակերպություններ՝ «Ազատամարտ» կոմիտեն, «Խուստուփ» բնապահպանական հ/կ-ն, «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպությունը, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հ/կ-ն, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն եւ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղը, որի նախագահ Արշավիր Խալափյանն էլ վարեց ամբողջ հանրահավաքը: Կազմակերպիչներից բացի, ելույթ ունեցան նաեւ «Սարդարապատ» նախաձեռնող շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Կապանի բնակիչներն ու անգամ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը՝ մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Վերջինս կապանցիներին փոխանցեց, թե իրենք «միշտ կլինեն սյունեցիների կողքին»:

Հանրահավաքից 1 ժամ առաջ

Լեռնաձորը գտնվում է Քաջարանի գանձերի պահապան մեծ արջից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ անգամ աշունն է կորցնում իր հմայքը՝ բախվելով հորատող երկաթյա մեխանիզմներին, որոնցից մեկի հրկիզման համար մեղադրում են գյուղի բնակիչներին: Գյուղի խանութի մոտ հավաքված լեռնաձորցիներն ի սկզբանե այս վարկածը համարեցին անհեթեթ: «Եթե հանքախորշերը բացեն, մենք այլեւս ապագա չենք ունենա այստեղ»,- ասաց Լեռնաձորի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գրետա Աղասարյանը: «2 տարի առաջ, երբ ուրանի հանքավայրի հետազոտությունները նոր էին սկսել, մեր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին բեմականացում, թե ուրանն ինչ վնասակար կլինի լեռնաձորցիների համար: Երեխաները բեմ էին դուրս գալիս 3 գլուխներով, 5 ձեռքերով, ոտքերով, եւ հանկարծ ուրանի մահվան ուրվականը մարմնավորող աշակերտը դուրս եկավ բեմ՝ սպանեց ամեն կենդանի բան, ինչ կար իր շրջապատում: Բեմականացումը կոչվում էր «Ուրանի ուրվականը»: Այս ներկայացումը նայեց ամբողջ Լեռնաձորը»,- նշեց Լեռնաձորի բնակչուհին՝ նկատելով, որ 2 տարի շարունակ իրենց բողոքները, պայքարն ապարդյուն անցան, քանի որ հորատման աշխատանքները շարունակվում են: Կինն այնքան էր հիասթափված մեր երկրի իշխանություններից, որ հանրահավաքը համարեց անօգուտ միջոցառում: «Հինչ ա տալու, կարիս ասի՞ս: Ես քեզ պեն ըմ հըրցնում: Հի՞նչ օգուտ ա տալու էդ միտինգը: Սոտ-սոտ պեներ ըն: Կառավարությունը հինչ որոշած ա, տի ալ ընելու ա: Պըրծավ-քեցավ»,- զրույցին միացավ լեռնաձորցի տղամարդկանցից մեկը: Լեռնաձորցիներն այնքան հուսահատ էին, որ այլեւս չեն հավատում ոչ մի հեքիաթի: Նրանցից ոմանք պատրաստվում էին, ինչպես իրենք էին ասում՝ իջնել քաղաք, եւ ոչ թե մասնակցելու, այլ կողքից լսելու ելույթները: «Նայեք, այ էն սարում են ռազվեդկա անում: Էդտեղ հասնելու համար պիտի վիլիս կամ նիվա վերցնեք, ամեն մեքենա չի, որ անցնում ա: Համ էլ շատ վտանգավոր ա էդ ուրանը»,- մեկը մյուսին ուղղելով՝ ասացին գյուղի երեխաները՝ մատնացույց անելով հանդիպակաց սարում գտնվող հորատման հսկա սարքերը:

Հանրահավաք կամ դրամատիկ շոու

Կապանի ծառուղիներով մարդիկ գլխիկոր, իրար թեւանցուկ արած, անշտապ գնում էին դեպի Կապանի Մշակույթի կենտրոնի բակ: Թվում էր՝ նրանք գնում էին մասնակցելու ոչ թե հանրահավաքի, այլ հանրային լսումների: Ծերունիները սովորականի պես գրավեցին ուռենիների հարեւանությամբ գտնվող նստարանները՝ հենվելով ձեռնափայտերին: Փոխարենը՝ շատ խանդավառ էին հանրահավաքի կազմակերպիչները:

Հանրահավաքը գուցե ավարտվեր խաղաղասիրական ու հասարակության անտարբեր հայացքների ներքո, եթե «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ հանրահավաքի կազմակերպիչներից «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպության նախագահ Վլադիմիր Աբրահամյանը չհրահանգեր անջատել բարձրախոսը:

Ընդ որում՝ վերջինս հետո պատճառաբանեց, թե ինքը պարզապես տեղյակ չէր, որ ելույթ ունեցողը պատգամավոր է: Մինչդեռ Կապան գալու ճանապարհին կազմակերպիչներից մեկը զանգահարել էր Զ. Փոստանջյանին՝ զգուշացնելով, որ չգա Կապան եւ չմասնակցի հանրահավաքին: «Այս պահին ես չեմ կարող անուններ նշել: Ես գտնում եմ, որ այդ մարդկանց արարքը հարիր չէ հայ տղամարդուն: Թող մտածեն եւ շտկեն իրենց վարքագիծը»,- մեզ հետ զրույցում նշեց Զ. Փոստանջյանը: «Ես էի զանգահարել Զ. Փոստանջյանին,- ասաց «Կապանի տարածաշրջանի զարգացման» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը,- Ամբողջ խնդիրն այն է, որ փորձում են հարցը քաղաքականացնել, իսկ մենք չենք ուզում, որ բնապահպանական այս շարժումը քաղաքականացվի: Կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են իրենց վերագրել այս նախաձեռնությունը, եւ դրանով փորձում են դիվիդենտներ ձեռք բերել: Մենք դա թույլ չենք տա: Խոսակցություններ կան, որ «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է իրեն վերագրել էս նախաձեռնությունը, ու Երեւանում էլ ԶԼՄ-ներին տեղեկացնում է (խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է.- Մ.Մ), թե ինքն է կազմակերպում: Ինչի՞ պիտի էդպես լինի: Մենք չարչարվենք, որ ինքն էլ գնա դիվիդենտներ շահի»: «Կարծում եմ՝ տերմինների փոքր-ինչ սխալ գոյություն ունի: Ըստ էության՝ ցանկացած էկոլոգիական շարժում նաեւ քաղաքական շարժում է: Երեւի պետք է ասեին՝ կուսակցական շարժում չէ սա, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ»,- հակադարձեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Իհարկե, այն, որ վերջին շրջանում «Ժառանգությունն» ակտիվորեն մասնակցում է բնապահպանական միջոցառումներին՝ որոշակի դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով, գաղտնիք չէ: Սակայն հարկ է նշել, որ կազմակերպիչներն իրենք էին հանրահավաքից օրեր առաջ բոլորին` անկախ նրանից, թե ինչ կազմակերպության կամ կուսակցության ներկայացուցիչ են, կոչ արել գալ եւ մասնակցել հանրահավաքին: Ինչեւէ, դրամատիկ հանրահավաքի կուլմինացիան դարձավ Զ. Փոստանջյանի ելույթը, որի ողջ սցենարը նախապես մշակել էր մարզպետ Ս. Խաչատրյանը: Ի դեպ, վերջինս մարզպետարանի շենքից հեռացավ այն ժամանակ, երբ արդեն ավարտվել էր հանրահավաքը: Մեր տեղեկություններով՝ հանրահավաքից ժամեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր մոտ էր կանչել տեղական կազմակերպությունների ղեկավարներին՝ նախ մի քանի հորդոր-նախազգուշացումներ տալու, ապա հայտնելու, որ հանրահավաքի ժամանակ ինքը ելույթ կունենա, եթե Զարուհի Փոստանջյանը չմասնակցի: Եվ դա էր պատճառը, որ նախ Զ. Փոստանջյանին Կապան գալու ճանապարհին զգուշացրեցին հետ գնալ, ապա պատահաբար անջատեցին նրա միկրոֆոնը: «Ես տեսա՝ Վոլոդյա Աբրահամյանը նարոչնի անջատել տվեց միկրոֆոնը: Ես էլ ասացի՝ էն աղջիկը դեպուտատ ա, պիտի խոսի: Պա քու Ղափանի դեպուտատներն ու նախարարները շտեղ ըն, որ եկալ չըն: Ես դեմ եմ Կառավարության որոշումներին: Էդ Կառավարությունը վաաբշե մտածո՞ւմ ա, թե հինչ որոշումներ ա ընդունում: Ես բանվոր մարդ եմ, պատերազմի առաջին կարգի հաշմանդամ եղբորս եմ պահում: Եթե վիճակն էսպես շարունակվի, սաղս էլ գնալու ենք: Տեսեք՝ այ հենց գետի վրայի էն խանութը, որ սարքում ենք, Վոլոդյա Աբրահամյանինն ա, իսկ էն բիզնես-կենտրոնի շենքն էլ Մաքսիմ Հակոբյանինն ա»,- ասաց կապանցիներից Աշոտը: «Բայց դե էս միտինգն ալ ա պետք: Էլի որ մալադեց»,- ավելացրեց զրուցակիցս:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՈՒՐԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐ Է`ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՀԱՆՔԻ. ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՊԱՆՈՒՄ
Tert.am


Կապանում նոյեմբերի 11-ի երեկոյան մեկնարկած ընդդեմ Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների որոնողական աշխատանքների հանրահավաքի ժամանակ կազմակերպիչներից ոմանք փորձել են խոչընդոտել Երևանից հանրահավաքին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Կապանից վերադարձող Զարուհի Փոստանջյանը։

«Սյունիքի մարզ վերջին անգամ կատարած այցելության ժամանակ ես ընտրվեցի ընդդեմ ուրանի շահագործման կազմկոմիտեի անդամ, որի ժամանակ էլ որոշեցինք հաջորդ անգամ ուրանի հանքավայրերի շահագործման դեմ զանգվածային միջոցառում կազմակերպել։ Առավոտյան, երբ ես գնում էի Կապան, ինձ զանգահարեց կազմկոմիտեի անդամներից մեկը և ասաց՝ լավ կլինի չգաք, որովհետև մենք ուզում ենք հանրահավաքը կազմակերպել խնդրագիր կարգախոսներով։ Ես ասացի, որ իրենք իրավունք չունեն ինձ նման բան ասելու, գնացի և ելույթ ունեցա։ Փորձում էին խոչընդոտել, միկրոֆոնը անջատել, բայց չստացվեց որովհետև հավաքված քաղաքացիները պահանջեցին միկրոֆոնը միացնել»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրահավաքն արտոնված էր, դրան մասնակցում էին ինչպես Երևանից ժամանած հյուրեր, այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

«Հանրահավաքին մոտ 3000 մարդ էր հավաքվել, տեղական իշխանություններից ներկա էր և ելույթ ունեցավ Սյունիքի փոխմարզպետը։ Կապանի ՀԿ–ների ղեկավարները լավ տպավորություն թողեցին, չնայած որոշակի զգուշավորություն ցուցաբերեցին։ Երեխաներ էին մասնակցում նաև, որոնք բավականին հետաքրքիր ցուցապաստառներ և նկարներ էին բերել, որոնց վրա պատկերված էին մուտանտներ»,– ասաց Լևոն Բարսեղյանը։

Միաժամանակ, Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց. «Լեռնաձոր համայնքում հորատող մեքենան գտանք քանդված, այրված վիճակում։ Նաև նոր հորատող մեքենա տեսանք, երկրաբանները կեռնը հանել էին արդեն, տեղում էին մի քանի երկրաբաններ ու բանվորներ»։

Անդրադառնալով ուրանի հանքավայրերի թեմային՝ Լևոն Բարսեղյանը կատակեց. «Հայաստանն արդեն ուրան արտահանող երկիր է՝ առանց որևէ հանքի»։

Նոյեմբեր 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր