ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԻ ԿՏԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԻ ԿՏԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

NEWS.am

«Էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավրդավարության զարգացում» ՀԿ-ն եւ մեկ տասնյակ այլ բնապահպանական կազմակերպություններ պատրաստվում են դատի տալ Հայաստանի կառավարությանը`պահանջելով չեղյալ համարել կառավարության այն բոլոր որոշումները, որոնք վերաբերվում են Հայաստանում ուրանի պաշարների շահագործմանը: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավրդավարության զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը` հավելելով, որ դատարան դիմելու են մյուս տարի եւ այն կլինի կոլեկիվ հայտ:

Արթուր Ղազարյանը նշեց, որ ներկայումս Լեռնաձոր համայնքում առաջին հորատման սարքի այրվելուց հետո, երկրորդ հորատման մեքենան են բերել եւ շարունակվում են ուրանի որոնման աշխատանքները:

Իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքով էլ Զանգակատուն գյուղի տարածքում այս տարվա հունիս-հուլիս ամիսներից սկսվել են հետախուզական աշխատանքներ այդտեղ ռադիոակտիվ  թափոնների նոր գերեզմանոց սարքելու համար:

Նշենք, որ բնապահպանների հավաստմամբ, ուրանի հանքավայրերի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում  թե՛ բնակչության առողջությանը, թե ՛ բնությանը:

ԲՆԱՊԱՀՊԱՆ. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԻՄՆ Է
NEWS.am


Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ էներգետիկային ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունները, որ ուրանի շահագործման ծրագիրը ռիսկ չի պարունակում , անհիմն է: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

«Երկու հայտարարություններն էլ բոլորովին անհիմն են, որովհետեւ  ռիսկերի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե հիմնավորում կա, թե ինչ ռիսկեր են պարունակվում եւ դրանք ուղղակի բացառվում է ինչ-որ պատճառներով: Ռիսկի գնահատման փորձաքննությանը ոչ մի մարդ, ոչ մի հիմնարկ չի ընդգրկվել»,-ասաց Զառաֆյանը:

Նրա խոսքով, բնապահպանութան նախարարությունը համաձայնություն տալով այս ծրարին, չի պատկերացնում, թե ի՞նչ ռիսկեր են դրանք պարունակում շրջակա միջավայրի եւ տեղի բնակչության համար:

Բնապահպանի հավաստմամբ, Լեռնաձորում ուրանի հանքավայրերի շահագործման ռիսկերը գրունտային եւ ստորգետնյա ջրերի մակարդակով են:

Նշենք, որ ներկայումս Կապանի Լեռնաձոր համայնքում իրականացվում է ուրանի պաշարների որոնողական աշխատանքներ:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Aysor.am


Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» Հ/Կ-ն պատրաստվում է դատարանում վիճարկել 2007թ. ընդունած Կառավարության 228 որոշումը` ուրանի ծրագրի վերաբերյալ և այն չեղյալ հայտարարել: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց հ/կ-ի տնօրեն իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը: Նրա խոսքով`դատական հայցի պատրաստման գործընթացին արդեն միացել են 10 հ/կ-ներ, և գնալով ցանկացողների թիվը մեծանում է:

«Կառավարության որոշումը, որով ներկայում հետախուզական աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում, կասկածի տակ դրվեց 2009թ. օգոստոսի 4-ից»,- ասաց Ղազարյանը` պատմելով, որ այդ օրը հասարակական լսումներ են անցկացվել, ինչի մասին իրենք շատ հ/կ-ների նման պատահաբար են տեղեկացել, իսկ մասնակիցների 60-70%-ը չինովնիկներ են եղել:

Ըստ մասնագետի` երբ հանրային լսման արձանագրությունն են վերցրել, պարզվել է` դրանք կեղծված են. համայնքապետի ու գյուղապետի ու հ/կ-ների դժգոհությունն արձանագրության մեջ չի եղել, փոխարենը` գրված է եղել, որ բոլորը գոհ են:

Ասուլիսի մասնակից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ ասաց, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից արված հայտարարությունները, թե այդ ծրագիրը ռիսկ չի պարունակում, բոլորվին անտեղի են:

«Ռիսկի մասին կարող ես խոսել այն դեպքում, երբ հիմնավոում ունես: Ոչ մի հիմնարկ ու կազմակերպություն չի ընդգրկվել ռիսկի գնահատման գործընթացին: Առողջապահության նախարարությունն իր այո ասելով ոչ մի հիմք չի ներկայացրել, Բապահպանության նախարարությունն էլ չի պատկերացնում` ինչ ռիսկ է պարունակում շրջակա միջավայրի վրա ուրանի հանքերի շահագործումն ու հետազոտությունը»,- ասաց նա:

Զարաֆյանն ասաց, որ եթե հիմք չունի ու ստորագրություն է դրված, ուրեմն քաղաքական պրոցես է կամ որևէ մեկի քաղաքական կամք:

Անդրադառնալով օրեր առաջ ուրանի հարցով Աշոտ Մարտիրոսյանի արած հայտարարությանը, թե ռիսկեր չկան, քանի որ Սյունիքի մարզում ֆոնը նորմալ է, Զարաֆյանն ասաց. «Ֆոնը պարզ է, որ նորմալ պիտի լինի, մենք բաց հանք չունենք, ռադիոակտիվ փոշի չունենք, որ կարող է աղտոտել ֆոնը, էնտեղ ռիսկը գնում է լրիվ ուրիշ մակարդակով` գրունտային ու ստորգետնյա ջրերի: Ուրանը ագրեսիվ տարր է, եթե բզբզենք հանքը, վտանգավոր պրոցես կսկսվի»:

Ըստ նրա, սխալ է նաև փորձանմուշի ատոմակայն ուղարկելը, քանի որ վերջինը շահագրգիռ կողմ է ու անկախ փորձագիտական գնահատման մասին խոսք լինել չի կարող:

Հ/կ-ի տնօրենը հիշեցրեց կառավարության ընդունած որոշումը, որի կետերից մեկով այս տարվա ապրիլին Զանգակատուն համայնքի տարածքում սկսել են ռադոիակտիվ թափոնների գերեզմանոցի տարածքի հետախուզման աշխատանքները:

«Պատկերացնու՞մ եք, Արարատյան դաշտում ունենալ 150 մետ խորությամբ 4 քառակուսի կիլոմետր տարածք ու դեռ փորձում են համոզել, թե այնտեղ բժշկական նշանակության ռադիոակտիվ թափոններ են լինելու: Ստացվում է` ով ուզում է թող թափի մեզ մոտ իր թափոնները, այդ թվում ` մեր հարևան Իրանը»,- պարզաբանեց նա:

Ղազարյանն էլ հիշեցրեց Սյունիքի մարզում նոյեմբերի 14-ին կապանցիների անցկացրած հանրահավաքը, որին ներկա էին նաև մարզպետն ու համայնքի ղեկավարը. վերջիններս նույնպես բողոքում են ուրանի հանքերի հետազոտման ու դրանց շահագործման դեմ:
 
ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՎՍ ԴԵՄ ԵՆ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ
Ինգա Մարտինյան, Հետք


Ուրանի ծրագրին դեմ հանդես եկող սյունեցիները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի քանի գրավոր նամակներ են ուղարկել տարածաշրջանից ընտրված պատգամավորներին` խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը, բայց նրանցից ոչ ոք չի արձագանքել: «Ոչ գրավոր պատասխանել են, ոչ տեսել ենք, ոչ էլ լսել ենք»,- ասում է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:

Սյունիքի պաշտոնյաններից ուրանի ծրագրին դեմ է Կապանի քաղաքապետը, նա իր խոսքն արդեն ասել է: «Հետքի» հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ինչ դիրքորոշում ունի, Արթուր Ղազարյանը պատասխանեց, որ վերջին հանրահավաքից առաջ նա ոչ միայն ասել է, որ դեմ է, այլեւ նրա լիազորը ելույթ է ունեցել ու նշել, որ մարզպետը իրենց հետ է, իրենց կողքին է կանգնած:

-Այսինքն պաշտոնյանները եւս դե՞մ են:

-Այո:

-Մեկ տարի առաջ «Հետքի» հետ զրույցում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով Կապանում ուրանի հանքավայրի հայտնաբերման ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններին, ասել էր. «Այն, ինչ որ կխանգարի, չենք անի, ինչ որ չի խանգարի, չի փչացնի, վնաս չի տա, կանենք: Ես միայն ծնունդով չեմ Կապանից, ես շատ եմ կապված այդ քաղաքի հետ, հաճախակի եմ լինում, իմ ողջ բարեկամությունը այնտեղ է, ես թույլ չեմ տա, որ մի բան կատարվի, որը բացասական ազդեցություն ունենա քաղաքի վրա»:  Դուք խոսե՞լ եք նախարարի հետ:

-Անձամբ նախարարի հետ չենք զրուցել, շատ-շատ նամակներով դիմել ենք եւ պատասխաններ ենք ստացել, որը մեզ չի գոհացնում: Ինչ վերաբերում է կապանցի լինելուն, եթե պատմությունը ուսումնասիրեք, հենց այդպես էլ փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, ոնց են խաբում մարդուն: Ես էլ եմ կապանցի: Դա պատասխան չի` կապանցի եմ, ղարաբաղցի եմ, Թիֆլիսից եմ, դա կապ չունի:

- Նախորդ շաբաթ «Հետքի» հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Հակոբյանը, խոսելով Սյունիքի մարզում ուրանի ծրագրի վերաբերյալ, ասել էր. «Ինչի՞ են պայքարում այդ ծրագրի դեմ: Բա որ չեն իմանում` ինչի են պայքարում, էլ ինչի՞ են բողոքում»:

-Մենք, 20 տարի է, ուսումնասիրում ենք էս պետության ընթացքը եւ գիտենք, թե ինչի համար ենք պայքարում: Եթե ինքը գար, ներկա լիներ, միգուցե մեր հարգարժան պատգամավորը կիմանար, թե ինչի համար ենք պայքարում, հնարավոր է` ինքն էլ միանար մեր պայքարին, բայց որ ներկա չի, չգիտի:

-Իսկ Վահե Հակոբյանի հայրը` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ի՞նչ վերաբերմունք ունի:

-Կոնկրետ չգիտեմ` տնօրինությունը ինչ վերաբերմունք ունի, բայց որ Քաջարանի ավագանին որոշում է կայացրել Կառավարության ծրագրի դեմ, դա հենց բերում է նրան, որ ինչ-որ մի տեղ կարող է  իրենք իրենց կարծիքը արտահայտել են:

ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՀԿ-ՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅՑՈՎ ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ
Ինգա Մարտինյան, Հետք


Մեկ տարի առաջ մի խումբ հասարակական կազմակերպություններ, պատահմամբ իմանալով ուրանի ծրագրի մասին, սկսեցին իրենց պայքարը, որպեսզի այն չիրականցվի: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն եւս մասնակցում է այդ գործընթացին: «Մի շարք քայլեր են իրականցվել եւ կիրականացվեն, որպեսզի կանխվի այդ ծրագրի իրականցումը ամբողջ Հայաստանի տարածքում»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Վերջին քայլը Կապանում տեղի ունեցած հանրահավաքն էր, նրա խոսքերով` երկար տարիներ Սյունիքում այդպիսի հանրահավաք չէր եղել:

Կառավարության որոշումը հետախուզական աշխատանքներ իրականցնելու մասին 2009 օգոստոսի 4-ից կասկածի տակ դրվեց հասարակության կողմից: Այդ օրը Կապանի «Օրհուս» կենտրոնում հասարակական լսումներ անցկացվեցին այդ ծրագրի իրականացման վերաբերյալ, բայց Արթուր Ղազարյանի խոսքերով` այդ լսումների մասին հասարակությունը պատշաճ չէր տեղեկացվել, իսկ լսումների մասնակիցների 60-70 տոկոսը չինովնիկներ էին` բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներ: Արթուր Ղազարյանի պատմելով`երբ իրենք ունեցան լսումների արձանագրությունները, պարզեցին, որ դրանք կեղծվել են: Այնտեղ նշված էր, որ ծրագրի իրականացման հետ կապված բոլորը գոհ են, մինչդեռ Արթուր Ղազարյանը ասում է, որ գոհ էին միայն չինովնիկները:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, խոսելով ուրանի շահագործման դեպքում ռիսկերի մասին, նշեց, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները, թե այդ ծրագիրը ընդհանրապես ռիսկ չի պարունակում, անհիմն են: «Ոչ մի փորձաքննություն, ոչ մի հիմնարկ, կազմակերպություն չի ընդգրկվել ռիսկի գնահատման գործընթացին: Մենք չունենք այդպիսի կազմակերպություն, որը, օրինակ, կգնահատի առողջական ռիսկերը, երբ դու իրականցնում ես ուրանային ծրագիր»,- ասում է նա:

Մի քանի  օր առաջ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հարցազրույց էր տվել եւ ասել, որ չունենք ռիսկեր, քանի որ հետազոտել ենք: Ինգա Զարաֆյանը հարցնում է Աշոտ Մարտիրոսյանին` ինչպե՞ս կարող ենք խոսել անվտանգության մասին, երբ այնտեղ ռիսկը գնում է գրունտային եւ ստորերկրյա ջրերի մակարդակով: «Ուրանը շատ ագրեսիվ տարր է, եթե մենք սկսում ենք բզբզել հանքը, այնտեղ կարող են սկսվել վտանգավոր պրոցեսներ»,- ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահը: Նրա խոսքերով` անկախ փորձագիտության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ դրա համար չկան պայմաններ:

Ռուսատտանը տարիներ ի վեր շահագործում է ուրանի հանքերը թե բաց եղանակով., թե փակ: Նրանք ունեն պաշտոնական տվյալներ, ըստ որոնց` Ռուսաստանի տարածքում` փակ քաղաքներում, որտեղ շահագործվում են ուրանի հանքերը,  արատավոր երեխաների հիվանդության ցուցանիշը երկու անգամ բարձր է, քան ամբողջ Ռուսաստանում: Ինգա Զարաֆյանն ասում է, որ փորձաքննության համար կարող էին դիմել Ռուսաստանին:

Նա նշում է, որ Կառավարությունը վերցրել է ամբողջ ուրանային ծրագրի մի փորք մասը եւ դրա մասին է խոսում: Բայց 2007 թ. Կառավարության որոշումով ունենք ուրանային ծրագրի ամբողջ փաթեթը, որտեղ խոսվում է ոչ միայն հետախուզման, այլ շահագորման եւ վերամշակման, ռադոիակտիվ տարրերի համար գերեզմանոց կառուցելու մասին:

«Եթե այսօր Սյունիքի մարզում գործում են 3 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ եւ իրենց աշխատանքով վնաս են հասցնում տարածաշրջանին, Կառավարությունը չի կարողանում աշխատանքներ տանել այդ պրոցեսները նորմալ հունի մեջ դնելու համար, ի՞նչ ուրանի ծրագրի մասին է խոսքը: Ուրանը պղինձ չէ, մոլիբդեն չէ»,- ասաց Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:

Կապանի, Լեռնաձորի եւ Քաջարանի ավագանիները դիմել են Կառավարությանը` պահանջելով հետ կանչել ուրանի ծրագրի վերաբերյալ որոշումները: Սյունիքի մարզում ուրանի ծրագրի դեմ հավաքվել է 11 հազար ստորագրություն: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը նամակներ են ուղարկել, բայց հետո պարզվել է, որ պաշտոնյաներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում այդ ամենին:

Մի խումբ ՀԿ-ներ պատրաստվում են կոլեկտիվ հայցով դատարան դիմել եւ չեղյալ համարել Կառավարության որոշումը: Արդեն 10 ՀԿ միացել է, այդ թվում`«ԷկոԼուր»-ը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը: Նրանք պատրաստ են մինչեւ վերջ պայքարել, եթե անգամ հայցը չբավարարվի:

Նոյեմբեր 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր