ՀԱՆՐԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ՞... ԿԱՊԱՆՅԱՆ ԴԻՍՈՆԱՆՍ

ՀԱՆՐԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ՞... ԿԱՊԱՆՅԱՆ ԴԻՍՈՆԱՆՍ

Սամվել Ալեքսանյան, «Սյունյաց երկիր»

Հայ-ռուսական միջպետական պայմանավորվածության համաձայն` Հայաստանի տարածքում (մասնավորապես` Կապանի շրջանում) ուրանի արդյունահանման ծրագիր է իրականացվում: Առայժմ միայն որոնողական աշխատանքներ են տարվում շրջանի Լեռնաձոր համայնքի տարածքում, ինչի մասին «Սյունյաց երկրի» էջերում պարբերաբար տեղեկատվություն է սփռվում: Կապանի բնակչությունը դեմ է այդ ծրագրին, ինչի համար եւ տարաբնույթ քայլերի է դիմել (դիմում)` ստորագրահավաք, նամակ` երկրի նախագահին… Առայժմ չպարզված հանգամանքներում` հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Լեռնաձորում հրկիզվել է որոնողական աշխատանք կատարող մեքենասարքավորումը: Իսկ նոյեմբերի 11-ին մոտ երեք հազար կապանցի դուրս էր եկել հանրահավաքի` ընդդեմ այդ ծրագրի:

Ապշեցուցիչ իրողություն արձանագրվեց հանրահավաքում. իշխանությունները Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի շուրթերով հայտարարեցին, որ իրենք ժողովրդի հետ են եւ նույնպես դեմ են ուրանի ծրագրին: Հանրահավաք վարողներն էլ հազար ու մի անգամ հիշեցրին, թե իրենք իշխանությունների դեմ ոչինչ չունեն (սիրո նման սրտաճմլիկ ու լացացնող խոստովանության կարիք, գոնե այդ օրը, համոզված ենք, չկար): Սակայն առավել ապշեցնող իրողություն արձանագրվեց հանրահավաքի օրը եւ դրանից հետո. մեքենայի հրկիզումից ի վեր սարսափահար երկրաբանները (նրանց հանդիպել էինք նախօրեին), այլեւս աներկյուղ, նոր մեքենայով ու նոր եռանդով վերսկսեցին ուրանի որոնողական աշխատանքները նույն վայրում, որտեղ հրկիզվել էր մեքենան:

Աններդաշնակ այս իրավիճակում, բնականաբար, շատ հարցեր առաջ եկան, բայց դրանցից մեկն առավել հրատապ էր. եթե միտինգավորներն ու իշխանավորներն իսկապես միասին են հակաուրանյան պլատֆորմում, ապա այդ ո՞ր մի շան որդին է միտինգին զուգահեռ վերսկսել որոնողական աշխատանքները: Տեսեք` ժողովուրդը դեմ է, իշխանությունները դեմ են, բայց որոնողական աշխատանքները վերսկսվում են, իսկ պատկան մարմինների ղեկավարները նույնիսկ արժանի չեն համարում հավաքվել ու միտինգավորների մտահոգությունները քննարկել կամ քննարկման տեսիլք ստեղծել, ինչպես հաճախ է արվում:

Այդ ամբողջ ընթացքում կապանյան (եւ ոչ միայն) բոլոր տռզածների մոտ կամավորապես դամքաշի դեր ստանձնած ինչ-որ գոյություններ` լրատվական դաշտից, իրենց անժույժ դամքաշությունն էին անում: Բազմաթիվ օրինակներից միայն մեկը. արական սեռի մի ներկայացուցիչ, ով մայրաքաղաքային թերթերից մեկում շատ հաճախ հանդես է գալիս կնոջ անուն-ազգանունով կամ անստորագիր նյութերով, այս թոհուբոհի մեջ շեշտը դրեց ոչ թե բուն խնդրի, այլ միտինգի օրը մարզկենտրոնում կայանալիք-կայացած ինչ-որ խորհրդակցության վրա` իբր միտինգի հաջող անցկացմանը սպառնացող («Սյունյաց երկրի» լրագրողը նույնպես մասնակցում էր այդ խորհրդակցությանը, որն ավարտվեց միտինգից 1-1,5 ժամ առաջ, իսկ խորհրդակցության մասնակիցները միտինգին չմասնակցելու պատճառ չունեին եւ որեւէ արգելքի չհանդիպեցին):

Իսկ հիմա` բուն հանրահավաքի մասին:

Կապանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած հանրահավաքը, անտարակույս, ուշագրավ իրադարձություն էր ոչ միայն Կապանի կամ Սյունիքի մարզի, այլեւ հանրապետության կյանքում: Ուրեմնեւ պիտի մեր հարգանքը մատուցենք` նախ` կապանցիներին, ովքեր դուրս եկան հրապարակ` պաշտպանելու ապրելու իրենց իրավունքը, ովքեր ապացուցեցին, որ արթնանալու հունդերն այս կողմերում կարող են ծլարձակել ցանկացած ժամանակ: Մեր հարգանքը պիտի մատուցենք (ստորեւ ներկայացվող բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ) հանրահավաքի նախաձեռնող խմբին` մարդկանց ազնիվ պոռթկումին տեր կանգնելու համար (Արշավիր Խալափյանը պատշաճ մակարդակով էր վարում հանրահավաքը` մինչեւ տիկին պատգամավորի հերոսացման ծեսը): Այդ բոլորով հանդերձ, սակայն, հանրահավաքի ընթացքում տեղ գտան երեւույթներ, որոնք առնվազն անհամատեղելի էին մարդկանց ազնվագույն պոռթկումի հետ, ինչին ականատես եղանք: Եվ այդ մասին պետք է բարձրաձայնել, քանի որ մարդկանց մտահոգող եւ այդ օրը մատնանշված բնապահպանական խնդիրներից եւ ոչ մեկն առայժմ արձագանք չի գտել պատկան մարմիններում (այդ մասին վերեւում նշեցինք), քանի որ մարդիկ, որքանով հասկանում ենք, դեռ ասելիք ունեն եւ կփորձեն հնչեցնել այն:

Հատուկ խոսակցության թեմա է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը: Երեւանից հասել է Կապան, ցուցապաստառը գրկել ու կանգնել: Ընթացքում փորձեց ելույթ ունենալ: Միտինգավորները ողջունեցին, ծափահարեցին, ուզում էին լսել պատգամավորին, բայց… Միտինգի նախաձեռնողները գրոհեցին եւ չթողեցին: Դե քանի որ Զարուհու լեզվի տակ էլ ոսկոր չկա, առաջ անցավ եւ խոսել սկսեց առանց խոսափողի: Երկու-երեք րոպե անց հավաքվածների ճնշմամբ ու հորդորով խոսափողը տրվեց պատգամավորին, եւ քիչ առաջ ասվածը նորից արտահայտեց: Նոր բան չասաց, իրեն բնորոշ հուզականությամբ սովորական մտքեր արտահայտեց: Միջադեպը, սակայն, պայթեցրեց հանրահավաքի լրջության փուչիկը, գմփոցն անմիջապես հասավ մայրաքաղաք, ինչը լայնորեն տեղ գտավ հաջորդ օրվա մամուլում:

Մեզ հատկապես զարմացրեց նախաձեռնող խմբի անդամ Վոլոդյա Աբրահամյանի համառությունը` ամեն գնով կասեցնելու պատգամավորի ելույթը: Փորձառու այդ մարդը, չգիտես ինչու, հակառակ հավաքվածների կամքի, ստանձնեց անփառունակ առաքելություն: Չենք ուզում հավատալ շրջանառվող խոսակցությանը, որ միտինգի կազմակերպիչները նախապես հրավիրվել են իշխանական գրասենյակներ եւ հրահանգավորվել առ այն, թե ինչպես պետք է կազմակերպել միտինգը: Եվ, իբր, պատգամավորի հետ մենամարտելու «պատիվը» վստահվել է հենց Վոլոդյա Աբրահամյանին: Այո՛, չենք հավատում, բայց եւ չենք հասկանում, թե ինչու նա գնաց միջոցառումը վարկաբեկող այդ ճանապարհով: Վերջին հաշվով Զարուհին նոր բան չպիտի ասեր եւ չասաց: Վերջին հաշվով դա պատգամավորի անձի այնպիսի փառաբանում էր, ինչին երբեւէ չէր արժանացել տիկինը մեկ այլ մարզում:

Բայց այդ ամենը նաեւ զավեշտական էր: Զավեշտական այն իմաստով, որ այդ դրվագից առաջ միտինգի ամբիոնից քանիցս հնչում էր խոսքը, թե պետք է միասնական լինենք: Հետո, երբ արդեն փուչիկը պայթել էր, կազմակերպիչների կողմից արդարացման բազում վարիացիաներ տեսանք ու լսեցինք: «Արդարացումների» մեջ ամենաուշագրավն այն պնդումն էր, թե պատգամավորը եկել է, որ հանրահավաքի ամբիոնից իր կուսակցությանը` «Ժառանգությանը» գովերգի, ուրեմնեւ պետք է խանգարել:

Եթե դա ճիշտ է, ուրեմն հարգանք տիկին պատգամավորին: Դե թող մեր մարզի հինգ պատգամավորներն էլ գային, խոսափողը վերցնեին ու իրենց կարծիքը հայտնեին: Գոնե Գագիկ Գեւորգյանը գար` կապանցի է, հեղինակություն ունի: Թող մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Վահեն գար: Ասում են` գիտությունների դոկտոր է դառնում շուտով, թող գար ու իր մտքի գոհարները շաղ տար եւ հասարակ մահկանացուներիս լուսավորեր: Թող Գալուստ Սահակյանը գար, թե չէ պատգամավորական իր խցից ու «Հայլուրի» եթերից է փիլիսոփայում…

Մեկ այլ դիպվածով նույնպես միտինգի կազմակերպիչները մեզ զարմացրին: Քանի-քանի անգամ հնչեց միտքը, թե միտինգը քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի, թե միտինգն ապաքաղաքական է, թե միտինգը… Շատ հարգելի Արշավիր Խալափյան ու Խորեն Հարությունյան, որքանով գիտենք, բնապահպանությունն այսօր երկրագնդի թիվ մեկ քաղաքական հարցն է: Որքանով գիտենք, բնապահպանությունը Սյունիքի համար ոչ միայն քաղաքական, այլեւ լինելության հարց է: Ուրեմն` ինչո՞ւ էիք այդքան համառորեն փորձում տարանջատվել քաղաքականացված կոչվելու հեռանկարից: Հո քաղաքականություն ասելով չպիտի՞ միայն Պզո հասկանալ, Լուժկով-Քոչարյան հասկանալ, Մարտի 1 հասկանալ, ՀՀԿ կամ ԲՀԿ հասկանալ: Գոնե հետագա միտինգներում, պարոնա՛յք, զերծ մնացե՛ք անհեթեթ այդ խուսանավումներից: Ի վերջո, անկախ ձեր պատկերացումներից ու անկախ ձեր ելույթներից` բնապահպանությունը, այն էլ Սյունիքում, մեծ քաղաքականություն է, թեկուզեւ այն իմաստով, որ Սյունիքը` հանքարդյունաբերական իր ռեսուրսներով, հումքային անկրկնելի բազա է հանրապետության քաղաքական ցեցերի հարստացման համար: Եվ սյունիքյան յուրաքանչյուր ընդվզում կարող է վտանգել ասպատակության ներկայիս կայուն ընթացքը:

Միտինգի մասնակիցները, անշուշտ, ընթացքում նկատեցին, որ մեծագույն մի անազնվություն է տեղի ունենում: Ամեն ինչ արվեց, որ բնապահպանություն ասվածը հանկարծ ուրանի ծրագրից զատ այլ հարցեր չներառի իր մեջ: Շատ վաղուց են մասնագետներն ապացուցել, հայտարարել, որ հանքարդյունաբերությունը, հատկապես մոլիբդենի արտադրությունը (հատկապես դրա անգրագետ ու անզուսպ շահագործումը, որը ժամանակակից տնտեսագիտության մեջ անվանվում է մաքսիմյան մեթոդ) ոչ պակաս վտանգավոր են, քան ուրանի արդյունահանումը: Պարոնա՛յք նախաձեռնողներ, բարի լինեիք եւ մեկ նախադասությամբ գոնե այդ մասին խոսեիք: Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ մոլիբդենի պատճառած վնասներից մեռնելն իմացյալ եւ արժանապատիվ մահ է, իսկ ուրանից մեռնելը` անարժանապատիվ մահ:

Այնուհետեւ: Ինչ-որ մեկը` հանրահավաքը վարողներից, հայտարարեց, թե ավարտից անմիջապես հետո ստորագրություններ ենք հավաքելու ներկաներից` վերեւներ ուղարկվելիք մեր մտահոգությունները վավերացնելու համար: Միտինգից հետո դա տեղի չունեցավ: Միտինգից հետո, ինչպես նշեցինք, նոր թափ ստացավ ուրանի որոնման գործը: Միտինգին հաջորդած մոտ 20 օրվա ընթացքում էլ ոչ մի քայլ չկատարվեց հնչած մտահոգությունների ուղղությամբ:

Ելույթներից մեկի մասին: Հարգարժան Վլադիկ Մարտիրոսյանը, ով Քաջարանի կոմբինատի բնապահպանական ծառայության պատասխանատուներից էր մինչեւ ս.թ. օգոստոս, ներկայացավ իբրեւ «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ եւ ներկայացրեց առաջին հայացքից բնապահպանության ոլորտին մտահոգող հարցեր: Մինչդեռ Վլադիկ Մարտիրոսյանը պետք է ներկայանար իր նախկին դիրքերից` իբրեւ Քաջարանի կոմբինատի ներկայացուցիչ եւ գոնե համառոտ պատասխաներ կապանցիներին մտահոգող մի քանի հարցի` Քաջարանի կոմբինատին ուղղակիորեն առնչվող: Օրինակ` 2009-10թթ. քանի՞ անգամ եւ ինչո՞ւ է վթարվել կոմբինատի թափուկատարը, եւ քանի՞ անգամ են Կապանի, Քաջարանի, Լեռնաձորի, Սյունիքի բնակիչները պատիվ ունեցել իրենց այգիներն ու բանջարանոցները ջրել Ողջիի, Նորաշենիկի աղտոտված, վտանգված ջրերով: Կամ, ինչպե՞ս է ստացվել, որ մեկ-երկու տարում երկու անգամ բաց է ընկել Գեղիի ջրամբարը ու շրջակա միջավայրի անհատական տնտեսություններին ու տնտեսվարող սուբյեկտներին լուրջ վնասներ պատճառել: Կամ գոնե հրապարակեր Քաջարանի քաղաքապետարանի կողմից երկու-երեք տարի առաջ (համապատասխան գիտական կազմակերպությունների հետ) Քաջարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի` Քաջարանում ու մերձակայքում ապրելն աստիճանաբար դառնում է անթույլատրելի` կոմբինատի բնապահպանական անգրագետ քաղաքականության հետեւանքով: Նման հարցերի առկայության պարագայում, կարծում ենք, Քաջարանի կոմբինատի նախկին ներկայացուցիչն այլ թեմաներով խոսելու եւ ուրիշներին մեղադրելու բարոյական իրավունք առնվազն չուներ:

… Շատ կուզենայինք, որ ազնիվ մղումներով, ոգեւորությամբ, հավատով հանրահավաքի եկած կապանցիները խաբված չլինեին: Բայց, առայսօր, կրկնում ենք, միտինգում հնչած որեւէ հարց պատկան մարմինների ուշադրությանը չի արժանացել, իսկ ուրանի որոնումները վերսկսվել են նոր թափով:

Եվ վերջին հարցը` մեծ հաշվով ի՞նչ տվեց հակաուրանյան հանրահավաքը` նոյեմբերի 11-ին Կապանում տեղի ունեցած:

Առաջին. Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի իշխանություններին ապացուցեց (քանի որ խոսքը միջպետական համաձայնագրով իրագործվող գործարքի մասին է), որ, չնայած հանրապետության բնակչությունը դեմ է ուրանյան ծրագրին, Հայաստանի իշխանությունները` ռուսական պետության հանդեպ ունեցած անհուն սիրուն հավատարիմ, կշարունակեն իրագործել ուրանի արդյունահանման ծրագիրը:

Երկրորդ. բազմամարդ միտինգի կազմակերպումը միակ ձեւն էր, որպեսզի մարվեր, գոնե ժամանակավորապես հանգչեր մարդկանց ազնիվ պոռթկումը, եւ հնարավորություն տրվեր վերսկսելու ուրանի որոնողական աշխատանքները, ինչը եւ տեղի է ունենում հետմիտինգյան ժամանակաշրջանում:

Երրորդ. հանրապետության բարձր իշխանություններին հաջողվեց կապանցիների ուշադրությունը շեղել անբարո այն գործընթացներից, որոնք հիմա տեղի են ունենում Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտում` ունեցվածքի, բաժնեմասերի վերաբաժանման, թույլերին կուլ տալու ուղղությամբ, ինչը քննարկման առանձին նյութ է:

… Չի բացառվում, որ ձեռք բերված «հաջողություններն» ամրագրելու համար նոր միտինգ հրավիրվի Կապանում: Ի տարբերություն նախկինի` ենթադրում ենք, որ նոր միտինգում հնչող ելույթները նախորդներից կտարբերվեն մի քիչ ավելի կարծր եւ արմատական ոճով:

Դեկտեմբեր 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր