ՍՅՈՒՆԻՔՑԻՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ

ՍՅՈՒՆԻՔՑԻՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ

Արմինֆո

Սյունիքի մարզի բնակիչները ծրագրում են շարունակել պայքարն ընդդեմ ուրանի ծրագրի իրագործման:

«Մենք հավատում ենք, որ գործընթացը կարելի է կասեցնել հասարակայնության գործուն մասնակցության պայմանով», - ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում նշել է «Հանուն էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նա հիշեցրել է, որ ուրանի ծրագրի իրագործման դեմ արդեն ստորագրել է ավելի քան 14 հազար մարդ: «Բացի այդ, մենք մտադիր ենք դատական հայց ներկայացնել և վիճարկել ուրանի վերաբերյալ կառավարական որոշումները», - ընդգծել է Ղազարյանը:

Նրա ասելով` կապանցիները մտադիր չեն դրանով սահմանափակվել, հետագայում կձեռնարկվեն նաև այլ քայլլեր: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ նոյեմբերի 11-ին Կապանում ուրանի ծրագրի դեմ անցկացված հանրահավաքը ոչ մի արձագանք չի հարուցել իշխանության վերին էշելոններում: «Ժողովրդի ձայնը նրանց չի հետաքրքրում: Նրանք դրսևորում են լիակատար անտարբերություն», - նշել է նա:

Ինչպես նշում են մասնագետները, ուրանի ծրագրի իրագործումը Հայաստանում էկոլոգիական մեծ վտանգ է կրում իր մեջ: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով` դրա արդյունքը կլինի Սյունիքի մարզի գրունտային ջրերի վարակումը: Բազմիցս նշվել է նաև այն հանգամանքը, որ այսօրվա դրությամբ աշխարհում գոյություն չունեն տեխնոլոգիաներ, որոնք երաշխավորեն ուրանի հանքավայրերի` շրջակա միջավայրի համար անվտանգ շահագործում: Էկոլոգները նշում են, որ Հայաստանի էկոլոգիական իրավիճակն առանց այդ էլ մտահոգություն է հարուցում. հանրապետության տարածքում արդեն կա 15 պոչամբար և թունավոր նյութերի առնվազն 2 գերեզմանոց: Չնայած հասարակական մեծ բողոքին` ուրանի ծրագրի իրագործողները Հայաստանում, այդուհանդերձ, ձեռնամուխ են եղել ուրանի հետախուզման հորատման աշխատանքներին:

Դեկտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր