

Մերի Սողոմոնյան, Հետք
Ամփոփում են Ուրանի ծրագրի դեմ կատարած աշխատանքը
Սյունիքի մարզի տեղական կառույցները տարվա ընթացքում Կապանում զգալի աշխատանքներ են կատարել մարզի Լեռնաձոր համայնքում իրականացվող ուրանի ծրագրի դեմ: Կապանի, Քաջարանի և Լեռնաձորի համայնքների ավագանիները արատահերթ նիստ են հրավիրել և իրենց բացասական դիրքորոշումն արտահայտել:
Մարզկենտրոնում կազմակերպվել է ստորագրահավաք, որին մասնակցել է ավելի քան 3.000 քաղաքացի` ՀՀ տարբեր տարածաշրջաններից:
Տեղական կառույցները ծրագրի կասեցման պահանջով գրավոր դիմումներ են ուղղել ՀՀ նախագահին, կառավարությանը, ԱԺ-ի բոլոր խմբակցություններին, բնապահպանության, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններին, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին: Տեղական կառույցները հանդիպումներ են ունեցել բժիշկների, ուսանողների, մանկավարժների հետ, այցելել Լեռնաձորում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների վայր:
«ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում ներկայացվել էր, որ ստորագրահավաքին մասնակցել է 11.000-ից ավելի քաղաքացի, և մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Բայց ՀՀ նախագահի փոխարեն պատասխանեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Փիրումյանը: Նախագահի աշխատակազմի այս քայլից կարելի է երկու ենթադրություն անել. կամ անտեսում են 11.000-ից ավելի քաղաքացիների դիրքորոշումը, կամ չեն հասկացել խնդրի բովանդակությունը»,- ասաց «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը:
Նրա գնահատմամբ` բնապահպանության նախարարարության աշխատակազմի նամակում ոչ մի նոր բան չի ասվում: Ներկայացվել է, որ 2009 թ. օգոստոսի 28-ին «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկից օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծին տրվել է դրական բնապահպանական փորձաքննության N 78 եզրակացություն` հետևյալ փորձաքննական պահանջներով. ռադիոակտիվ ֆոնը հսկելու համար կնքել պայմանագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հետ, ցանկացած արտանետման ժամանակ անմիջապես մեկուսացնել օջախը (հորատանցք, հետախուզական առու)` համաձայն գործող նորմերի, որից հետո շարունակել ռադիոակտիվ ֆոնը հսկելու մշտադիտարկումները:
«Ուրիշ ոչ մի կարևոր բան չի ասվում մեր ուղղած նամակների պատասխաններում: Այնինչ, մենք պահանջում էինք հաշվի առնել տարածաշրջանի բնակչության բացասական կարծիքը` ուրանի ծրագրի վերաբերյալ, և հանդես գալ ծրագրի կասեցման նախաձեռնությամբ»,- ասաց Արմեն Փարսադանյանը:
Լեռնաձորի տարածքում ուրանի և հարակից մետաղների երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացնում է «Աբվան» ՍՊԸ-ն, որն անորոշ ժամանակով հետաձգել էր աշխատանքները` հորատող սարքը տեղափոխելով Սյունիքի մարզից: Դեկտեմբերի 22-ին «Աբվան» ՍՊԸ-ի տնօրենը փորձում էր համոզել, որ երկրաբանահետախուզական աշխատանքները բացարձակ անվտանգ են և նույնիսկ ենթակա չեն բնապահպանական փորձաքննության:
Այժմ տեղական հասարակական կառույցները սպասում են ՀՀ վարչապետի պատասխան նամակին, որն ուղղել էին բոլորովին վերջերս` կցելով տարածաշրջանում իրականացվող ծրագրին դեմ արտահայտված ավելի քան 13.000 բնակչի ստորագրությունները:
«Եթե այս անգամ էլ հասարակության պահանջները չբավարարավեն, մենք եկող տարի կրկին անցնելու ենք հանրահավաքներ կազմակերպելու գործընթացին»,-հավելեց Արմեն Փարսադանայանը:
Դեկտեմբեր 27, 2010
