

ԱրմԻնֆո
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ողբերգական իրադարձությունները չեն կարող հանգեցնել Հայաստանի կողմից ՀԱԷԿ-ի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծից հրաժարվելուն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Այսօր Հայաստանը նոր ատմակայանի կառուցման այլընտրանք չունի»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ կարելի է կառուցել գազով և ածուխով աշխատող էլեկտրակայաններ, սակայն դա կհանգեցնի էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքի բավականին մեծ թանկացման:
«Այսօր մենք չունենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, և մեր առաջնահերթ խնդիրն առավելագույնս էժան էլեկտրաէներգիայի արտադրությունն է: Նվազագույն գներով էներգակիրների մատակարարումները մեր էներգետիկ անվտանգությունն են»,- նշել է Մովսիսյանը:
Նրա խոսքով, Ճապոնիայի իրադարձությունները հազիվ թե հանգեցնեն Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծում որևէ էական փոփոխությունների: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև 2017 թվականը նոր ատոմային էներգաբլոկը կառուցված կլինի: Նա ավելացրել է, որ նախագծի արժեքը նույնպես էապես չի փոխվի և կտեղավորվի ի սկզբանե հայտարարված -5 մլրդ սահմաններում:
«Չեմ կարծում, թե Ճապոնիայի իրադարձությունները հանգեցնեն Հայաստանում նախագծի լուրջ թանկացման, քանի որ ի սկզբանե մենք նախատեսել ենք 9 բալ սեյսմակայունություն»,- ասել է նախարարը:
Հունիս 14, 2011 at 17:28
