Ատոմակայանի աշխատակիցները բողոքում են ԱԷԿ-ում ստեղծված «անառողջ ու անարդար» մթնոլորտից. նրանք դիմել են Սերժ Սարգսյանին

Ատոմակայանի աշխատակիցները բողոքում են ԱԷԿ-ում ստեղծված «անառողջ ու անարդար» մթնոլորտից. նրանք դիմել են Սերժ Սարգսյանին

News.am

Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի աշխատողների մի խումբ հանդես է եկել դիմում հայտարարությամբ, որտեղ բողոքում է ԱԷԿ-ում տիրող «անառողջ, ճղճիմ եւ անարդար» մթնոլորտից:

Նրանց դիմում-բողոքում, մասնավորապես, ասվում է.

«Մենք` ԱԷԿ-ի բազմամյա աշխատանքնային փորձ ունեցող մասնագետներս, ցանկանում ենք Ձեզ  տեղեկացնել մեր ԱԷԿ-ում տիրող անառողջ, ճղճիմ եւ անարադար մթնոլորտի մասին: Ատոմակայանի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը, կամայականորեն, առանց հաշվի առնելու աշխատակիցների մասնագիտական ունակությունները եւ հաշվի չառնելով ատոմակայանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, աշխատանքի է ընդունում եւ պաշտոն տալիս ըստ իր կամայականության: Խախտելով օրենքը` աշխատանքի է ընդունել իր նորաթուխ, բակալավրի կրթություն ունեցող  փեսա Հայկ Արմենի Գալստյանին, որն ամեն անկյունում պատմում է բոլորին, որ իր «հզոր» աները շուտով իրեն նշանակելու է մի պաշտոնում, որը զբաղեցնում են մեր բազմամյա փորձ ունեցող մասնագետները, եւ, որ շուտով մեր ներկայիս տնօրեն պարոն Մարկոսյանին հեռացնելու են աշխատանքից, որպես անարժան եւ անգրագետ մասնագետի եւ փոխարենը նշանակելու են իր աներոջը` Մովսես Վարդանյանին:

Ճապոնական ԱԷԿ-ների վթարներից հետո ԱԷՄԳ-ն եւ այլ կազմակերպություններ մեծ դրամական միջոցներ են տրամադրում Հայաստանյան ԱԷԿ-ը վերազինելու եւ նրա անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար: Սա մեր հանրապետության եւ հայ ազգի համար ճակատագրական հարց է: Մեր ԱԷԿ-ը պետք է զինված լինի իրական մասնագետներով եւ նվիրյալներով, որպեսզի կարողանա դիմակայել ցանկացած փորձության: ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար ստացվող գումարները շորթվում են Մովսես Վարդանյանի կողմից եւ անարդար բաշխվում անգրագետ, աշխատանքային փորձ չունեցող փեսային եւ իր մյուս բարեկամներին: Պահանջում ենք անցկացնել ատեստավորում, որի արդար անցկացման դեպքում, առաջիններից մեկը որպես անգրագետ դուրս կմնա Հայկ Գալստյանը եւ իր նման հովանավորվողները:

Խնդրում ենք Ձեզ ազատել մեզ բռի, թալանչի Մովսես Վարդանյանից եւ նրա նմաններից, որոնք մեր երկրի համար խիստ ռազմավարական նշանակություն ունեցող ԱԷԿ-ում անառողջ մթնոլորտի պատճառն են:

Մեր պահանջը չբավարարելու, վերը նշված փաստերը  չուսումնասիրելու եւ համարժեք գործընթաց չձեռնարկելու դեպքում` մենք կդիմենք վերին ատյաններին եւ ԱԷՄԳ-ին, որոնց փաստերով կներկայացնենք Մովսես Վարդանյանի թալանի, վերջին տարիներին միանգամից մեծ կարողությունների տեր դառնալու  եւ անարժան պահվածքի մասին»:

Նշենք, որ այս նամակն ուղարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ վարչապետին, ՀՀ էներգետիկայի նախարարություն, ՀՀ Ատոմակայանի տնօրինությանը, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, ՀՀ Վերահսկիչ պալատ, «Ռուս Ատոմ»-ի տնօրեն պարոն Կիրիենկոյին, Մոսկվա, ԱԷՄԳ-ի Եվրոպական գրասենյակներ եւ լրատվամիջոցներին:

Սեպտեմբեր 16, 2011 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր