Հայկական ատոմակայանի կոլեկտիվը վրդովված է, որ իրենց անունից «զրպարտչական» նամակ են հղել Սերժ Սարգսյանին

Հայկական ատոմակայանի կոլեկտիվը վրդովված է, որ իրենց անունից «զրպարտչական» նամակ են հղել Սերժ Սարգսյանին

News.am

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ավելի քան 370 աշխատակիցներ արձագանքել են ՀԱԷԿ-ի մի խումբ աշխատակիցների` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, որտեղ խոսք էր գնում ՀԱԷԿ-ում տիրող «անառողջ, եւ անարդար» մթնոլորտի մասին:

Ստորեւ ներկայացնում ենք Ատոմակայանի աշխատակիցների հայտարարությունը, որի տակ իրենց ստորագրությունն են դրել ՀԱԷԿ-ի ավելի քան 370 աշխատակիցներ: Նրանք Սերժ Սարգսյանին ուղղված նամակը համարում են «զրպարտչական» եւ նշում, որ «հանրապետության համար կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտում` ՀԱԷԿ-ում տիրող անառողջ մթնոլորտի, կադրային քաղաքականության, նրա Գլխավոր Ճարտարագետի մասին այդ հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել կուռ, համերաշխ, իր գործին նվիրված անձնակազմի շարքերում»:

«Վերը նշված հաղորդագրության մեջ ատոմակայանի աշխատողների իբրեւ թե «մի խմբի»  հիշատակված դիմում-հայտարարությունը իրականում իրենից ներկայացնում է մի անստորագիր նամակ, որի հետ ատոմակայանի կոլեկտիվը ոչ մի առնչություն չունի: Զրպարտիչ հայտարարության մեջ նշված փաստերը ընդամենը հեղինակի` իր իսկ խոսքերով ասած «ճղճիմ» երեւակայության արդյունքն են»,- ասված է ՀԱԷԿ-ի աշխատակիցների հայտարարության մեջ:

Ատոմակայանի աշխատակիցները վրդովված են, որ նման նամակով ստվեր է գցվում «ատոմակայանի կոլեկտիվի եւ նրա ղեկավարության բարի համբավի վրա, ում գերագույն նպատակը հանդիսանում է ՀԱԷԿ-ի անվտանգությունը»:

Հայտարարությանը կցված են ՀԱԷԿ-ի անձնակազմի ստորագրությունները, որտեղ կա 377 ստորագրություն:

Նշենք, որ ՀԱԷԿ-ի աշխատակիցներից մի քանիսը նաեւ զանգահարել են NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ իսկապես եղել է, որը, սակայն բոլորովին այլ բովանդակություն է ունեցել եւ կապ չունի մամուլում հրապարակված նամակի հետ: Ըստ այդմ, իրականում ՀՀ նախագահին ուղղված նամակում խոսք է գնացել միայն աշխատավարձերի հետ կապված խնդրի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի աշխատողների մի խումբ հանդես է եկել դիմում հայտարարությամբ, որտեղ բողոքում է ԱԷԿ-ում տիրող «անառողջ, ճղճիմ եւ անարդար» մթնոլորտից:

Սեպտեմբեր 22, 2011 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր