

News.am
Հայկական ատոմակայանի` իբր սպառնալիքի մասին բոլոր խոսակցություններն անհիմն են: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պետական տեսուչ, վթարային պլանավորման գլխավոր մասնագետ Մարտուն Գեւորգյանը:
Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարվա մայիս-հունիսին Հայաստանում էր ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբը, որն իր եզրակացություններում դրական է արձագանքել այստեղ նկատած մի քանի միջոցառումների եւ առաջարկել է դրանք իրականցնել այլ ատոմակայաններում:
«Ինքս արդեն 40 տարի ատոմային էներգետիկայում եմ, զբաղեցրել եմ բոլոր օպերատիվ պաշտոնները, եղել եմ թողարկման տեսուչ: Մեր ռեակտորը շատ հուսալի է»,- ընդգծեց փորձագետը` ավելացնելով, որ կայանի շահագործումն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի եւ Ռուսաստանի հետ սերտ գործակցությամբ:
«Առանց ատոմային էներգիայի Հայաստանի համար շատ դժվար կլինի: Առավել եւս, որ այդ դասը մենք արդեն անցել ենք»,-նկատեց Մարտուն Գեւորգյանը` ավելացնելով, որ 1988 թ. երկրաշարժի փորձը, 1993-95 թթ. աշխատանքների վերկանգնումը ցույց տվեց, որ կայանում հրաշալի կոլեկտիվ է աշխատում:
«Մենք ապրել ենք առանց էլեկտրաէներգիայի, տեսել ենք, թե դա ինչ է: Մեր ատոմային էներգիան Հայաստանին էներգետիկ անվտանգություն է տալիս, եւ ոչ միայն: Իմ խորին համոզմամբ` ատոմակայանը Հայաստանի համար միջուկային վահան է»,-ընդգծեց փորձագետը:
Նախարար. Ատոմաակայանի աշխատողների պահանջը ճիշտ է
Panorama.am
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) աշխատավարձի ֆոնդը տարեկան կազմում է 4,5 մլրդ դրամ, իսկ ատոմակայանի աշխատակիցների պահանջը` աշխատավարձերը 50 տոկոս բարձրացնելը նշանակում է 2 մլրդ-ով ավելացնել այդ գումարը: Ազգային ժողովում պատասխանելով դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին` հայտարարեց Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով, աշխատավարձի 50 տոկոս բարձրացում պահանջող ՀԱԷԿ-ի հիմնականում օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձը կազմում է 277 հազար դրամ, առավելագույն աշխատավարձը` շուրջ 550 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը` 140-150 հազար դրամ: Սակայն նախարարն ասաց, որ հասկանում է` մարդկանց այդքան աշխատավարձը բավարար չէ:
Այդ պատճառով էլ իրենք ընդառաջել են բարձրացնել աշխատավարձերը, բայց…10 տոկոսով:
«Մենք եկել ենք ընդհանուր պայմանավորվածության, որ ատոմակայանի ծախսերի օպտիմիլացման արդյունքում առաջացող գումարն ուղղենք գոնե տասը տոկոս օպերատիվ անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը, -հայտարարեց նախարար Մովսիսյանը ու հավելեց, -Նրանց պահանջը ճիշտ է, ընդհանուր հայտարարի ենք եկել, հետագայում կտեսնենք ինչպիսի հնարավորություններ են բացվում: Աշխատակազմը բավականին բարձր պատասխանատվությամբ է վերաբերում այդ ամենին, բավականին հասկանալով: Իհարկե, մենք էլ հասկանում ենք, որ իրոք, կա խնդիր և պետք է փորձենք ժամանակի ընթացքում այդ խնդիրների լուծումները տալ»:
Որպես լուծում, նախարարը նշում է ասենք տնտեսության զարգացումը, էներգակիրների արտահանման ծավալների մեծացումը և նոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ մի քանի օր բողոքի ակցիաներից հետո նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով, մինչդեռ մասնագետները պահանջում էին դրանք բարձրացնել 50 տոկոսով:
Էներգետիկայի նախարար. Թուրքիան եւ Ադրբեջանը շահարկում են ՀԱԷԿ-ի վրա թուրքական երկրաշարժի ունեցած ազդեցության մասին լուրերը
News.am
Թուրքիան եւ Ադրբեջանը շահարկում են հայկական ԱԷԿ-ի վրա թուրքական երկրաշարժի ունեցած ազդեցության մասին լուրերը: Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` ելույթ ունենալով Ազգային ժողովում: Նա նշել է, որ հայկական ԱԷԿ-ը կառուցվել է նվազագույնը 9 բալ սեյսմակայունությամբ, այն դեպքում, երբ ԱԷԿ-ի գոտում ցնցման ուժգնությունը կազմել է ընդամենը 3 բալ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 23-ին Թուրքիայի արեւելքում` Վանից 38 կմ հյուսիս գտնվող տարածքում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` 9-10 բալ հզորությամբ: Հայաստանի տարածքում ցնցումների թափը եղել է 3-5 բալ: Հայկական ԱԷԿ-ը թուրքական սահմանից 16 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ երկրաշարժի էպիկենտրոնից` մոտ 160 կմ:
Նախարարը հիշեցրել է, որ վերջերս OSART ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը եղել է կայանում, որի եզրակացության մեջ նշվել է, որ կայանի շահագործման ռիսկերը կառավարելի են:
Թուրքիայի երկրաշարժը Հայաստանին մտածելու տեղիք պետք է տա. Գաչեչիլաձե
Tert.am
Վրաստանի «Կանաչների կուսակցության» առաջնորդ Գեորգի Գաչեչիլաձեն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի տարածքը սեյսմիկ ակտիվ գոտի է համարվում, և վտանգ կա, որ ուժգին երկրաշարժ կարող է տեղի ունենալ հայկական ատոմակայանին սահմանակից տարածքում, ինչն էլ աղետի կհանգեցնի։
«Թուրքիայի տարածքում ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ 1976թ., որի հետևանքով մինչև 4000 մարդ զոհվեց, իսկ 80–ականների վերջին Հայաստանում՝ Սպիտակում, երկրաշարժ տեղի ունեցավ, 1999թ.՝ կրկին Թուրքիայում. այդ ժամանակ մինչև 20 000 մարդ զոհվեց։ Վերջին երկրաշարժը կրկին տեղի ունեցավ Թուրքիայում։ Այդ երկրաշարժները կրկնվում են համարյա 10 տարին մեկ, ուստի կարելի է սպասել, որ տարերային աղետ կարող է տեղի ունենալ ատոմակայանից ոչ հեռու։ Այդ ատոմակայանը խորհրդային ժամանակներում է կառուցվել և լուրջ վերանորոգման չի ենթարկվել, ուստի նման ուժեղ նման ուժգին երկրաշարժը լուրջ նաս կհասցնի ատոմակայանին։ Մենք՝շրջակա միջավայրի պաշտպաներս, և ոչ միայն, վաղուց արդեն պահանջում ենք վերացնել այդ ատոմակայանը։ Եվրամիությունը խնդրել էր, որ Հայաստանը վերացնի այդ ատոմակայանը, նույնիսկ գումար էր առաջարկել՝ էներգիայի այլընտրանքային աղբյուր կառուցելու համար։ Հայերը մի պահ համաձայնեցին, բայց հետո այդ ատոմակայանը ձեռք բերեց ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը և բանակցությունները կանգնեցվեցին։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը պետք է որ ստիպի Հայաստանին մտորել»,– ասել է նա և հավելել, որ եթե հայկական ատոմակայնը վնասվի, ապա լուրջ վտանգի տակ կլինեն Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը:
«Ռադիացիան Թբիլիսի կհասնի 8 ժամից։ 2 մլն բնակչություն ունեցող քաղաքը տարահանելը կատակ բա՞ն է»,–հավելել է Գաչեչիլաձեն:
«Նախարարը թող չմտածի, թե ինքն է տղերքին համոզել»,- ասում են ատոմակայանի աշխատակիցները
Մարինե Մարտիրոսյան, www.168.am
Երեկ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդունեց Հայաստանի ատոմակայանի այն աշխատակիցներին, որոնց աշխատանքից ազատման դիմումները նախորդ ուրբաթ մակագրեց ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին լրացավ ատոմակայանի 158 աշխատակցի` տնօրինությանը ներկայացրած աշխատանքից ազատման դիմումների 30 օրը: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում 50 տոկոսի չափով: Ընդ որում` դեռեւս այս տարվա մարտին աշխատակիցները նամակներով դիմել էին ՀՀ Կառավարությանը` աշխատավարձերը բարձրացնելու համար: Ինչեւէ, երեկ նախարարի մոտ տեղի ունեցած, այսպես ասած` «բանակցությունների» արդյունքում աշխատակիցները որոշեցին վերադառնալ աշխատանքի` համաձայնելով աշխատել աշխատավարձերը 10%-ով բարձրացնելու պայմանով: «Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի ատոմային ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմանը: Տեղեկացնենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման եւ վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա համակարգին»,- ասվում է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում` այն դեպքում, երբ օրեր շարունակ նախարարությունն ընդամենը ստանձնել էր դիտողի կարգավիճակ, իսկ ավելի ճիշտ` հաշտարարի դեր:
Երեք օր շարունակ ընթացող դրամատիկ տեսարաններից գոնե մեկին նախարար Արմեն Մովսիսյանը, թեկուզ ցուցադրական, մասնակցություն չունեցավ: Նման լռությունը պայմանավորեցին այն հանգամանքով, թե նախարար Ա. Մովսիսյանը հանձնարարական է ստացել ատոմակայանի փակման աշխատանքները չխոչընդոտելու համար: Իսկ աշխատակիցներն իրենց վերադարձը պայմանավորեցին ոչ թե նախարարի «բարի» տրամադրությամբ կամ «հոգածությամբ», այլ ատոմակայանի ստրատեգիական նշանակությամբ, որի փակման տխուր փորձն արդեն հայտնի է բոլորիս, երբ Մեծամորի ատոմակայանի փակմամբ ծայր առավ Ղարաբաղյան շարժումը: «Հասկանալով իրավիճակը, հանուն ազգի, գնալու ենք աշխատանքի: Մեր չգնալն, իսկապես, որոշիչ ու շատ տխուր է լինելու հայոց ազգի համար: Իսկ նախարարի կողմից մեզ առաջարկություն եղավ, որ այս տարվա դեկտեմբերի 1-ից 10 միլիոն դրամ է տրամադրվելու: Այդ գումարը տրամադրում է նախարարը` չեմ կարող ասել` դա նախարարի անձնական գումա՞րն է, թե՞ նա հայթայթել է, բայց ատոմակայանի հիմնական պերսոնալին, որտեղ ներառվում են ռեակտորային, էլեկտրական, տուրբինային, ջերմային ավտոմատիկայի արտադրամասերը, տրամադրել է 10 միլիոն դրամ` խոստանալով, ես չգիտեմ` դա PR է, թե՞ ոչ, որ եկող տարի անպայման լավ կլինի: Իսկ այդ խոստումները մեզ տրվում են տարիներ շարունակ»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ատոմակայանի աշխատակից Արայիկ Գեւորգյանը: Վերջինիս փոխանցմամբ` 10 միլիոն դրամը տրամադրվելու է այն 158 աշխատակիցներին, ովքեր ներկայացրել էին աշխատանքից ազատման դիմումներ: Ինչ վերաբերում է տնօրինության կողմից աշխատավարձերը 10%-ով բարձրացնելու խոստմանը... «սկզբնականում ասվել էր, որ 10%-ով բարձրացնելու են, բայց հետո դա հերքվեց: Նախարարն ասել էր, որ ինքը չի կարող տրամադրել այդ գումարը: Երեկ առավոտյան աշխատակիցները գնացել էին մակագրված դիմումները վերցնելու, նաեւ աբխադնոյները վերջնական ստանալու, բայց վերջին պահին, Դուք պետք է իրավիճակը պատկերացնեք, մարդիկ գիտակցեցին, որ հանուն ազգի պետք է եւս մեկ քայլ անել, եւ օպերատիվ անձնակազմը ձգտեց, որ հանդիպի անձամբ նախարարին, եւ փորձի հասկանալ, թե ինչո՞ւ էին այդքան անտարբեր»,- նշեց զրուցակիցս` շեշտելով, որ հուսով են` այս անգամ գոնե Կառավարությունը կլինի իր խոստումների տերը: Ցավալին այն է, որ ատոմակայանի աշխատակազմն ինքն է առաջարկել հանդիպել նախարարի հետ, այլ ոչ թե հակառակը: Աշխատակիցների ասելով` իրենց հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ է Կառավարությունն այդչափ անտարբեր իրենց նկատմամբ: «Նախարարը միգուցե մտածում է, թե ինքն է հարցին լուծում տվել, միգուցե ասելով` տեսեք, ոչ մեկն այդ հարցին լուծում չտվեց, բայց տղերքն եկան ինձ մոտ, եւ ես հարցին լուծում տվեցի: Ո՛չ, իրականում դա էդպես չէ, ուղղակի իրականում տղերքը լավ գիտակցում են, որ ատոմակայանը բարձիթողի վիճակում չի կարող հայտնվել»,- ասացին աշխատակիցները` ընդգծելով,- Հարցն այն 10 միլիոն դրամ չէ, ինչը նվաստացուցիչ պայման է մեզ համար, այլ ավելի գլոբալ հարց կա...»: Պաշտոնական տեղեկատվության եւ աշխատակիցների փոխանցածի հակասությունները պարզելու նպատակով փորձեցինք որոշ տեղեկություններ պարզել ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանից: Մեր այն հարցին, թե աշխատավարձերը բարձրացվել են ատոմակայանի ծախսերի օպտիմալացմա՞ն, թե՞ նախարարի տրամադրած 10 միլիոն դրամի հաշվին, Գ. Մարկոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` մյուս մասի ինֆորմացիան, որ Դուք ստացել եք, երեւի լավ չեն հասկացել: Այսինքն` ես կարող եմ պնդել, որ, այո՛, ես պարտավոր եմ ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսել գումար, եւ 10%-ի սահմաններում բարձրացնել օպերատիվ անձնակազմի աշխատավարձը»: Մեր հաջորդ հարցին, թե ատոմակայանի ո՞ր ծախսերն են օպտիմալացվելու, տնօրենը պատասխանեց, որ օպտիմալացնելու ընթացքի մասին անձնակազմը տեղեկացված կլինի: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ երբ նույն պայմանն ինքն էր առաջարկում նախորդ ուրբաթ, աշխատակիցները հրաժարվեցին, Գ. Մարկոսյանն ասաց. «Ի՞նչ եք ակնկալում, որ ես պատասխանեմ: Այն ժամանակ գնայի մարդկանց ուղեղների մեջ մտնեի՞: Հիմա չեմ հասկանում` լա՞վ է, թե՞ վատ: Ի՞նչ եք ուզում ինձնից իմանալ: Ոչ մի բառ չեմ ավելացրել, ոչ մեկի վրա չեմ ջղայնացել, իսկապես, քննարկումներ են եղել, նրանք մտել են ինձ մոտ նախարարի հետ հանդիպումից հետո, ո՞նց կարող եմ բացատրել, թե ինչո՞ւ էսպես եղավ: Ես հոգեբանական վերլուծություն անեմ, թե ինչո՞ւ այդպես եղավ: Այո՛, ինձ համար միգուցե այդքան էլ հաճելի չէ, որ ուրբաթ օրը համարյա նույն պայմանները կոլեկտիվին առաջարկեցի, չհամաձայնեցին, երեւի մտածել են` շաբաթ-կիրակի, չգիտեմ` ի՞նչ է փոխվել: Ինձ համար էլ լավ կլիներ, որ ուրբաթ համաձայնեին, եւ ցավալի է, որ երկու օր անիմաստ կորցրեցինք, բայց էլի գոհ եմ, որ կայանում սկսելու են վերաթողարկման աշխատանքները»:
Հոկտեմբեր 26, 2011 at 14:16
