ԲԱԽՏՆԵՐՍ ԲԵՐԵԼ Է, ԹԵ ՈՉ

Արմեն Դավթյան, «Հրապարակ»

«...եթե ուրան հայտնաբերվի Սյունիքի մարզի տարածքում, ապա կարտահանենք, Ռուսաստանում կհարստացվի, ու կստանանք միջուկային վառելիք»,-ասաց Արեգ Գալստյանը:

«Բախտներս եթե բերի, ու հետազոտությունների արդյունքում ուրան հայտնաբերվի Սյունիքի մարզի տարածքում, ապա կարտահանենք, Ռուսաստանում կհարստացվի, ու կստանանք միջուկային վառելիք»,-այսպիսի միտք հայտնեց ՀՀ բնական պաշարների ու էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը Կապանի Օրհուս կենտրոնում երեքշաբթի կայացած «Սյունիքի մարզում ուրանի եւ ուղեկցող հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նախագծի» հասարակական լսումների ժամանակ:

Ըստ փոխնախարարի, ծրագիրը մի քանի տարի իրականացվելու է, ու միայն այս տարվա համար նախատեսված է 350 հազար դոլար: Պաշտոնյայի կարծիքով, վտանգավոր ոչինչ չկա: «Ուսումնասիրություններն այս փուլում լինելու են մակերեւութային, կիրառվելու են բիոքիմիական տեխնոլոգիաներ, հողի շերտից վերցնելու են փորձանմուշներ: Դրանց ուսումնասիրությունից հետո, որոշ խորության վրա կես մետրից մինչեւ մեկ մետր փորվածքներ են արվելու, ու հետո միայն պարզ է լինելու՝ կշարունակվի ծրագիրը, թե՝ ոչ»,-ասաց փոխնախարարը: Հայաստանի համար նախագիծը ձեռնտու ու շահավետ կլինի այն դեպքում, երբ հանքանյութից տարեկան 300 տոննա ուրան մշակվի, ինչն էլ հնարավորություն կտա գործարկելու ատոմակայանի մի բլոկը:

Ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի տեսակետով էլ, բացի ուրանից, կան շատ այլ հանքանյութեր, որոնց ռադիացիոն ֆոնն ավելի բարձր է, քան ուրանինը: Ակադեմիկոսի խոսքով, մոտ 30 տարի ուսումնասիրություններ են կատարվել, ու դրանք սկսվել են դեռեւս խորհրդային տարիներից: «Հիմա շատ բան է փոխվել, գուցե առաջին հետազոտության արդյունքները գոհացուցիչ չլինեն, ու չշարունակվի՞»,-տարակուսեց ակադեմիկոսը:

Այնուամենայնիվ, ըստ պաշտոնյաների, սպասվելիք հետազոտություններն այնքան էլ չեն աղտոտի շրջակա միջավայրը ու վնաս չեն այդ բնակավայրերում ապրողների համար: Այս կարծիքի հետ չհամաձայնվեց Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը, որի ղեկավարած համայնքի վարչական սահմաններում են ուրանի հանքավայրերը: «Գյուղում, համայնքում վախ կա, բնակիչները տարակուսած են, ուզում են թողնել ու փախչել: Դե եկեք՝ գյուղում բացատրեք, հանգստացրեք մարդկանց»,-ասաց գյուղապետը` հայտարարելով, որ ինքն իր ժողովրդի հետ է, ինչքան էլ որ պետական պաշտոնյա լինի:

Թերեւս վերադասներից ոչ ոք չառարկեց գյուղապետի ասածի դեմ, բայց եւ այնպես շտապում էին ու պայմանավորվեցին հետո հանդիպել բնակիչների հետ: Մի հետաքրքիր փաստ էլ: «Սյունյաց երկիր» պարբերաթերթի «Լուլիար» ՍՊԸ-ն Լեռնաձոր-Փուխրուտ հատվածում հուլիսից երկրաբանական-հետախուզական աշխատանքներ է սկսել: Երկրաբան Արման Ազիզբեկյանը թերթին ասել էր, որ իրենք ուրան չեն որոնում, որ իրենց գործունեությունն ուրանի արդյունահանման նպատակ չի հետապնդում: «Մենք բազմամետաղային ապարներ ենք որոնում` ոսկի, ցինկ, մոլիբդեն... Մենք ուղղակի նկարագրում ենք ապարները, փաստագրում ենք` ինչ կա-չկա: Եւ չենք կարող ասել, թե որքան կտեւեն աշխատանքները»,-ասել է նա «Սյունյաց երկրին»:

Իսկ արդեն Օրհուս կենտրոնում քննարկման ժամանակ, հավաքվածներից լեռնային ճարտարագետ-երկրաբան Ռուդիկ Հովհաննիսյանն ասաց, որ դա վտանգավոր է: «Փաստորեն, ընդերքն են հետազոտում, ու ուրանն այնպիսի կառուցվածք ունի, որ մի տեղից մյուսն է անցնում: Սա նշանակում է, որ այդ տարածքում չի պահպանվում ոչ մի կանոն, ու չի բացառվում, որ այդ ընկերությունը անգիտակցաբար հասնի ուրանի հանքերին»,-ասաց Ռուդիկ Հովհաննիսյանը:

Օգոստոս 14, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր