

Արթուր Հովհաննիսյան, www.hayatsk.am
Ըստ իսրայելական Haaretz թերթի, Միացյալ նահանգներն այս տարվա հուլիսին Իսրայելին է փոխանցել Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարձակման Պենտագոնի մշակած ծրագիրը: ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը և ամերիկյան հատուկ ծառայություններն արդեն որոշակի և հիմնականում ավարտուն աշխատանք են կատարել Իրանի դեմ հարձակման նախապատրաստման շրջանակներում: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2012 թ. հուլիսին ստորագրել է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության ամրապնդման մասին օրենք, որի շրջանակներում այդ երկիրն ԱՄՆ-ից կարող է խորքային գերհզոր ռումբեր ու նորագույն ինքնաթիռներ ստանալ:
«Բոլոր դեպքերում, ռազմական գործողություններն Իրանի դեմ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար կլինեն աղետ»,- այս տարվա փետրվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում հավաստել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Դրանից ավելի վաղ` հունվարի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Իրանին հարվածելու դեպքում «Չի կարելի բացառել նույնիսկ երրորդ աշխարհամարտի սկսման հավանականությունը»:Փորձագետը նշել է նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող մի կողմ քաշված մնալ, եթե Իսրայելը հարվածի Իրանին:
Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հավանական ագրեսիայի հետևանքները տարբեր բաղադրիչներ ունեն: Անդրադառնանք դրանցից էկոլոգիական հետևանքներին, հատկապես` Հայաստանի տարածքի ռադիոակտիվ վարակվածության խնդրին, ինչպես նաև սեյսմիկ ռիսկի աճին մեր երկրում ու տարածաշրջանում:
2012 թ. հունվարին պատասխանելով Yerkir.am-ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի դեմ պատերազմը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ասել է.
«Ենթադրյալ պատերազմը ծայրահեղ ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի համար. Հայաստանը կկրի էական տնտեսական կորուստներ, Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի և վիրահայերի նկատմամբ ավելի կկոշտանա, մեծ վտանգ կա, որ Իրանի տարածքում մեծ խորություններում տեղակայված նպատակակետերի դեմ խորքային ռումբերի կիրառումը կարող է ամբողջ տարածաշրջանում հանգեցնել ավերիչ երկրաշարժերի, ռադիոակտիվ ամպն ու փոշին կարող են վնասել ողջ տարածաշրջանը»:
Դեռ ավելի վաղ տեղյակ էինք, որ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, նրանց թվում նաև` «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ն, հասարակական գործիչներ, մտավորականներ ժամանակին անհանգստություն են հայտնել այս կապակցությամբ ու զբաղվել վերոնշյալ խնդրով:
Կա՞ արդյոք Հայաստանի տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության վտանգ:
«Իրոք, անհանգստությունը շատ մեծ է, ընդ որում, երկու առումով` և տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության հնարավորության հետ կապված, և սեյսմիկ վտանգի հնարավոր աճի հետ կապված,- պատասխանելով մեր այս հարցին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:- Ռմբակոծություններն արդեն իսկ վտանգավոր երևույթ են էկոլոգիական առումով, իսկ եթե նկատի ունենանք նաև ԱՄՆ-ի, Իսրայելի համապատասխան պաշտոնյաների հայտարարությունները, որ օգտագործվելու են խորքային ռումբեր, որովհետև Իրանի միջուկային օբյեկտների մի մասը գետնի տակ բավականին մեծ խորության վրա են, ուրեմն այստեղ վտանգն ակնհայտորեն կրկնապատկվում է սեյսմիկ ռիսկի բարձրացման տեսանկյունից:
Պետք է նկատի ունենանք, որ մեր տարածքը սերտորեն կապված է Իրանի տարածքի հետ: Հայաստանից հենց այդ ուղղությամբ են գնում և հետո հատվում են, այդ տարածքին են մոտենում և, որքան հասկանում եմ, շարունակվում են Փամբակ-Սևան-Սյունիքի խզվածքը, Փարաքար-Դվինի խզվածքը: Փաստորեն Սևանի ջրավազանի մոտ է խզվածքը, մյուս խզվածքը հենց Երևանի կողքով է անցնում: Անկախ նրանից, թե դրանք որտեղ են, այնքան փոքր է Հայաստանի տարածքը, որ վտանգը շատ մեծ է: Դրա համար այդ անհանգստությունը մենք դեռ մի քանի տարի առաջ դրսևորեցինք, երբ դեռ նոր էին սկսվել խորքային ռումբերով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծության մասին խոսակցությունները:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանի հետ միասին կազմեցինք նամակ, որի տակ ստորագրեցին շատ հասարակական կազմակերպություններ, նաև` ստեղծագործական միություններ: Մենք այդ նամակը տարանք Հայաստանում ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատներ, հանդիպեցինք այդ դեսպանատների աշխատակիցներին: Երկու դեսպանատանն էլ շատ դրական ընդունեցին և ընկալեցին մեր անհանգստությունը: Ամերիկյան դեսպանատանն ասացին, որ դա ժողովրդական դիվանագիտության դրսևորման լավագույն դրսևորումներից մեկն է, և Հայաստանն իր բնույթով կարող է ու ցանկալի է, որ միջնորդի դերակատարություն ունենա, որովհետև և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ կապեր ունի և ունի սփյուռք, բացի այդ, քաղաքակրթորեն կապված է երկու ուղղությունների` և Արևելքի, և Արևմուտքի հետ: Նույնիսկ ասացին` ցանկալի է քննարկում կազմակերպել սկզբում միգուցե ժողովրդական դիվանագիտության մակարդակով, հետո` ավելի բարձր, ինչն արդեն կախված է Հայաստանի իշխանությունների ցանկությունից:
Իրանի դեսպանատունն ուղղակի ոգևորությամբ ընդունեց այդ նամակը, և դարձյալ ցանկանում էին, որ մեր իշխանությունները միջնորդի դեր կատարեն: Իրենք էլ ցանկանում էին, ինչքան հնարավոր է, այդ վտանգը հեռացնել: Ասում էին նաև, որ իրենք ոչ մի միջուկային զենքի հավակնություն չունեն, աշխատանքները միայն ատոմակայանի և գիտական նպատակներով են իրականացվում: Հետաքրքիր է, որ չէինք դիմել մյուս դեսպանատներին, բայց Սիրիայի դեսպանատունն ինքը հրավիրեց մեզ, և դարձյալ ցանկություն հայտնեցին երկու երկրների բանակցային գործընթացին մասնակցել: Համապատասխան նամակ ուղարկեցինք նաև Հայաստանի ղեկավարությանը: Մենք պատասխան նամակ ստացանք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որ այդ գործունեությունը ցանկալի է տանել ավելի շատ հասարակական հիմունքներով, քան պետական մակարդակով»:
Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին-4
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայացք
Շարունակելով «Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին» հոդվածաշարը, ընդգծենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում Հայաստանին սպառնացող լրջագույն վտանգի մասին ՀՀ կառավարությունը և ԱԳՆ-ն համառորեն լռում են:
Հեռուստատեսությամբ ինչ ախմախություն ասես կարող ես լսել, նույնիսկ 10-րդական կարևորության ու հայ հասարակության համար ընդհանրապես կարևորություն չունեցող բաների մասին, սակայն ոչ մի խոսք հիշյալ պատերազմի դեպքում Հայաստանի տարածքի ռադիոակտիվ վարակվածության և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգի վերաբերյալ:
Կարելի է կարծել, թե լռում են, որովհետև այդ վտանգն իրականում չկա: Ցավոք, մեր ձեռք բերած տեղեկությունները, փաստերն ու փաստաթղթերը վկայում են, որ իրականում կա վտանգ, այն էլ` լրջագույն վտանգ, որի մասին Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի և Իսրայելի ահից, նրանց հետ ոչ մի դեպքում հարաբերությունները չփչացնելու մտասևեռումից, թերևս նաև այդ պետություններին զսպելու, կանգնեցնելու անզորությունից չեն համարձակվում բարձրաձայնել:
«Իրոք, անհանգստությունը շատ մեծ է, ընդ որում, երկու առումով` և տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության հնարավորության հետ կապված, և սեյսմիկ վտանգի հնարավոր աճի հետ կապված,- մեզ հետ զրույցում ասել էր «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:
Իր հարցազրույցներից մեկում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ասել է.
«Ենթադրյալ պատերազմը ծայրահեղ ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. Հայաստանը կկրի էական տնտեսական կորուստներ, Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի և վիրահայերի նկատմամբ ավելի կկոշտանա, մեծ վտանգ կա, որ Իրանի տարածքում մեծ խորություններում տեղակայված նպատակակետերի դեմ խորքային ռումբերի կիրառումը կարող է ամբողջ տարածաշրջանում հանգեցնել ավերիչ երկրաշարժերի, ռադիոակտիվ ամպն ու փոշին կարող են վնասել ողջ տարածաշրջանը»:
Դեռ 2007 թվականին, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվել էր, այդ երկրի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքն առաջին անգամ լուրջ բնույթ ստացել, Հայաստանից մոտ 45 հասարակական կազմակերպություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, միջազգային կազմակերպություններին դիմել են նամակով, որում մասնավորապես գրված է.
«...Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաև Կովկասյան լեռներից հարավ ընկած ողջ տարածաշրջանը, գտնվում է երկրաշարժային բարձր-ռիսկային գոտում: Այս տարածաշրջանում երկրակեղևը մեծ խզվածքներ ունի, որտեղ բազմաթիվ կործանարար, բարձր-բալային երկրաշարժեր են դիտվել, և որը երկրագնդի ամենախիտ բնակեցված գոտիներից է: Այս տարածաշրջանում խորքային ռումբերով կետային ռմբահարումների հետևանքներից սարսափելին միայն ռադիացիոն ֆոնի մեծացումը չի լինի, այլ նախ և առաջ այն, որ խորքային ռումբերով ուրանի հարստացման բունկերների կետային ռմբահարումները կգրգռեն-կգեներացնեն մեծ մագնիտուդի, բարձր-բալայնության տեխնածին երկրաշարժեր, որոնց էպիկենտրոնների դիրքերը երկրակեղևում կարող են գտնվել ռմբահարման կետից շատ հեռու, և որոնք կառաջացնեն մեծ ավերածություններ` մեծաքանակ մարդկային զոհերով, նաև ռադիացիոն ֆոնի խիստ աճ` անկանխատեսելի հետևանքներով: Այդպիսի բարձր-բալային տեխնածին երկրաշարժերի արդյունքում կվնասվեն ՀՀ քաղաքներն ու այլ բնակավայրեր, այդ թվում` ՀՀ մայրաքաղաք Երևանը, խիստ հնարավոր է նաև Հայաստանի Հանրապետության Մեծամորի ատոմակայանի ավերում, որի աղետալի հետևանքները տարածաշրջանի էկոհամակարգի և բնակչության համար սարսափելի է անգամ պատկերացնելը:
Վերն ասվածը ենթադրություններ չեն, այլ լուրջ գիտական հետազոտությունների արդյունք, որին քաջատեղյակ է միջազգային գիտական հանրությունը:
Մենք դեմ ենք մեր տարածաշրջանում միջուկային զենքի տարածմանը: Դեմ ենք նաև խորքային ռումբերով հզոր կետային ռմբահարումների միջոցով այս հարցի լուծման ռազմավարությանը: Պրոբլեմն առկա է և այն լուծում է պահանջում: Հենց այդ նպատակով էլ դիմում ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը և կոչ ենք անում ստանձնել խաղաղարար միջնորդական առաքելություն մեզ բարեկամ երկու երկրների միջև պայթյունավտանգ կոնֆլիկտի հնարավոր հարթեցման հարցում...
Որպես առաջին քայլ առաջարկում ենք կազմակերպել կլոր սեղան բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցութամբ Երևանում` ներառելով պետական, գիտական և հասարակական կառույցները»:
Հավելենք, որ այդ քննարկումն առ այսօր չի կազմակերպվել:
Նոյեմբեր 02, 2012 at 18:49
