Նելլի Դանիելյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
Հայաստանի բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի «ԱտոմՌեդՄետԶոլոտո» ընկերության միջեւ այսօր պայմանագիր է կնքվել` Հայաստանում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության համար համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ: Նոր ընկերությունն արդեն սեպտեմբերին կսկսի հորատման աշխատանքները:
Հայաստանը կարող է դառնալ ուրան արդյունահանող եւ նույնիսկ արտահանող երկիր: Այս հեռանկարը, որի շուրջ Հայաստանի իշխանություններն արդեն 2 տարի բանակցում են ռուսական կողմի հետ, օրեցօր իրականություն է դառնում: Երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրից հետո, այսօր ստորագրվել է եւս մեկ պայմանագիր` ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացնող համատեղ ընկերություն ստեղծելու մասին: Նորաստեղծ կազմակերպության կանոնադրական կապիտալն ավելի քան 92 մլն դրամ է` բաժանված 300 անվական բաժնետոմսերի: Կողմերը հավասար մասնաբաժին ունեն:
Նիկոլայ Սպասսկի՝ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ.
-Ինչ վերաբերում է ռուսական մասնաբաժնի ավելացմանը, նման ծրագրեր չկան:
Ներդրումային ծրագրերն առաջին տարում 3 միլիոն դոլարի են հասնում, իսկ եթե Հայաստանի տարածքում ուրանի պաշարների շուրջ ռուսական կողմի սպասումները հաստատվեն, առաջիկայում դրանք կհասնեն 10-յակ միլիոնի: Հորատման եւ հետախուզման աշխատանքների մեկնարկը նախանշված է սեպտեմբերին, Սյունիքի մարզում: Այստեղ դեռ խորհրդային տարիների ուսումնասիրությունները վկայում են. ուրանի տասնյակ տոննաների պաշար կա: Ի դեպ, սպասված արդյունքի դեպքում Ռուսաստանը պատրաստվում է նաեւ արդյունահանում սկսել: Իսկ հանքաքարի վերամշակումը, նախնական պայմանավորվածության համաձայն, կիրականացվի Ռուսաստանում:
Նիկոլայ Սպասսկի՝ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ.
-Եթե ասեմ, որ մենք ծրագրում ենք դրանով սահմանափակվել, դուք կենթադրեք, որ անկեղծ չեմ: Բայց դա արդեն հաջորդ փուլն է:
Ինչ վերաբերում է հաջորդ փուլին. բնապահպանության նախարարը վստահեցնում է, որ հանքարդյունահանման թույլտվությունը կտրվի բացառապես Հայաստանի օրենքների շրջանակում, իսկ ներկա փուլում Արամ Հարությունյանը վտանգ չի տեսնում:
Արամ Հարությունյան՝ ՀՀ բնապահպանության նախարար.
-Ուրանն ուսումնասիրության փուլում վտանգ չի ներկայացնում, ինչպես մասնագետները գիտեն: Ուրանը կարող է վտանգ ներկայացնել միայն հարստացումից հետո: Այսօր խոսքը միայն ուսումնասիրությունների եւ պաշարների հաստատման մասին է:
Այդուհանդերձ, դատելով երկկողմ պայմանավորվածությունների մակարդակից, ծախսվող գումարներից, նաեւ` ուրանի արդյունահանման բնագավառում համաշխարհային զարգացումներից, հայկական ուրանի պաշարները հազիվ թե մնան գետնի տակ:
Մայիս 26, 2008
