

Արմենուհի Մելքոնյան, Հայաստանի ՀանրապետություՆ
Իսկ շահագործման ժամկետը երկարացնելու տարբերակը չպետք է անտեսվի
ՀՀ կառավարությանն է ներկայացված միջուկային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական աշխատանքների հիմնավորման առաջին նախագիծը, որը քննարկման փուլում է։ Մինչեւ տարեվերջ կներկայացվի վերջնական տարբերակը, ըստ որի էլ վերջնականապես կընտրվի նոր էներգաբլոկի կառուցվածքը։ Քննարկվո՞ւմ է արդյոք Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման տարբերակը։ Էներգետիկայի եւ բնապական պաշարների նախարարության մասնագետները նշում են, որ գործող էներգաբլոկի ժամկետի երկարացման հնարավորությունը կպարզի 2016թ. համալիր փորձաքննությունը։ Հստակեցնենք, սակայն, որ այդ հնարավորություն ասվածը առավելապես վերաբերում է անհրաժեշտությանը, այսինքն՝ այդ ժամանակ անհրաժեշտությունը կլինի՞ երկարացնել, թե՞ ոչ։
Պարզաբանման համար նշենք, որ շատ երկրներ (Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա), միջազգային կազմակերպություններ (ատոմային էներգիայի Եվրոպայի գործակալություն, միջուկային համաշխարհային ընկերակցություն, ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն) իբրեւ էլեկտրաէներգետիկ պահանջարկի բավարարման միակ եւ հուսալի աղբյուր ատոմային էներգետիկան են դիտարկում։ Այդ է վկայում այն փաստը, որ եթե 1990—1998թթ. աշխարհում 20 միջուկային էներգաբլոկներ են թողարկվել, ապա 1999—2002թթ. այդ թիվն արդեն 17—ի է հասել։ Այսինքն՝ 8 տարում 20 բլոկի եւ ընդամենը 3 տարում 17 բլոկի համեմատության մասին է խոսքը։ Միջուկային էներգետիկայի ոլորտը զգալի տեմպերով է առաջ գնում Չինաստանում, Հնդկաստանում եւ Իրանում, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները վառելիքի սեփական աղբյուրներ ունեն։ Բացի այդ, հարեւան երկրների կողմից շրջափակման վտանգ էլ չկա, ինչպես Հայաստանի պարագայում։ Նույն քաղաքականությունն են վարում նաեւ ԱՄՆ—ն, Անգլիան եւ Ֆրանսիան։ Այս պետությունները մեկ այլ քայլ էլ են անում. երկարացնում են գործող միջուկային էներգաբլոկների շահագործման ժամկետը (մինչեւ 60 տարի)։ Մեր մասնագետները միանշանակ պնդում են, որ կայանը շահագործումից վաղաժամկետ դուրս բերելը անիմաստ է։ Եվ պատճառը հետեւյալն է. մեր ատոմակայանի կազմում 2 բլոկներ են։ Դրանցից յուրաքանչյուրի տեղակայված էլեկտրական հզորությունը 407.5 մՎտ է։ ՀԱԷԿ—ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման է հանձնվել 1976թ. դեկտեմբերի 22—ին, իսկ երկրորդը՝ 1980թ. հունվարի 5—ին։ Դրանց շահագործման նախագծային ժամկետը 30 տարի է։ ՀՀ էներգետիկայի նախարարության տվյալներով, Չեռնոբիլի ԱԷԿ—ի 4—րդ էներգաբլոկի վթարից հետո ԽՍՀՄ «Պետատոմհսկողության» պահանջով 1986թ. մայիսից մեր ատոմակայանի էներգաբլոկները կանգնեցվեցին՝ արդիականացման նպատակով։ Նույն թվականի նոյեմբերին ՀԱԷԿ—ում խորհրդակցություն եղավ, որին մասնակցեց ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի նախարարը, եւ որոշվեց, որ մեր կայանի երկու բլոկներն էլ կշահագործվեն ձմռանը եւ արդիականացման նպատակով կկանգնեցվեն միայն գարնանը։ Այդ ժամանակահատվածում էլ ԽՍՀՄ համապատասխան նախարարությունը ՀԱԷԿ—ի արդիականացման նախագիծ պատվիրեց։ Այն, սակայն, մի քանի պատճառներով չհաստատվեց։ Մեջբերենք դրանցից երկուսը. 1. Նախագիծը շատ թանկ էր՝ 460 մլն ռուբլի. այն դեպքում, երբ կայան կառուցելը 180 մլն ռուբլի արժեր։ 2. Երկար էր կայանի վերակառուցման ժամկետը՝ 7 տարի։ Այս պարագայում էր, որ բոլորովին մեկ այլ որոշում ընդունվեց։ Ըստ դրա, հայկական ատոմակայանի էներգաբլոկները շահագործումից պետք է հանվեին Հրազդանի ՋԷԿ—ում 2 հատ 300 ՄՎտ—անոց հզորությամբ ջերմային էներգաբլոկներ թողարկելուց հետո միայն։ Բայց ատոմակայանը փակելու գործընթացն արագացավ 1988թ. երկրաշարժից հետո։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշեց ՀԱԷԿ—ի աշխատանքն ավելի շուտ դադարեցնել։ 1993թ. արդեն ՀՀ Գերագույն խորհուրդը ատոմակայանը վերագործարկելու որոշում կայացրեց։ ՀԱԷԿ—ի թողարկման հայեցակարգ մշակվեց։ Այդպիսով, ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկը 6.5 տարի կանգնելուց, 2.5 տարի վերաթողարկմանը նախապատրաստվելուց հետո աշխատեց։ Մասնագետները վստահեցնում են, որ հայկական ատոմակայանի էներգաբլոկը վերաթողարկվել է անվտանգության ավելի բարձր մակարդակով, քան նախատեսված էր նախագծով։ Վերաթողարկումից հետո 2003թ. հունվարի 1—ի դրությամբ արդեն 1058 արդիականացման եւ անվտանգության ավելացման 118 տեխնիկական միջոցառումներ են իրականացվել։ Դրանք ցայսօր էլ շարունակվում են։ ՄԱԳԱՏԷ—ի փորձագետներն էլ վստահեցրել են, թե անվտանգության տեսակետից բարվոք է տեխնիկական վիճակը։ Ասել է թե՝ կայանը շահագործումից վաղաժամկետ դուրս բերելու կարիք ամենեւին չկա։
Ինչ վերաբերում է կայանը շահագործումից հանելու ոչ վաղաժամկետ տարբերակին՝ 2016թ., ապա ատոմային էներգետիկան ներքին էներգետիկ պաշարների շարքին է դասվում, եւ սա միջազգային փորձում ձեւավորված դիրքորոշում է։ Վաղաժամկետ դադարեցնելը ճիշտ չէ, քանզի մենք չպետք է մոռանանք (հասկանալ՝ անտեսել) մեր երկրի՝ իբրեւ էլէներգիա արտահանողի, ավանդական նշանակությունը։ Մենք էլէներգիայի արտահանման ծավալների շարունակական ու զգալի աճ ենք ունենալու։ Հասկանալի է, եթե կայանը վաղաժամ փակվի, ապա արտահանման ծավալները կնվազեն։ Մինչդեռ եթե մենք տնտեսական զարգացման ուղին ենք որդեգրել, ապա հասկանալի է, որ այդ զարգացումը զգալի էլէներգիա է «խլելու»: Նույնը վերաբերում է նաեւ ոչ վաղաժամկետի տարբերակին։ Այլ կերպ, ելնելով մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը ապահովելու անհրաժեշտությունից՝ էներգետիկան պետք է զարգանա միջուկային տարբերակով։ Կայանի գործող էներգաբլոկը պե՛տք է շահագործվի։ Մինչ այդ, ամենաուշը 2015—2016թթ. պետք է թողարկվի միջուկային նոր էներգաբլոկը եւ դրանից հետո միայն գործող էներգաբլոկը հանվի շահագործումից։ Իսկ գործող էներգաբլոկի թողարկումը հետաձգելու տարբերակը լիովին իրագործելի է, քանզի նախ՝ նախկինում ընդունված շահագործման 30 տարվա ժամկետը նախնական էր, եւ հետո՝ միջուկային էներգաբլոկների շահագործման փորձը վկայում է, որ ռեակտորի իրանի մետաղը նեյտրոնային հոսքի տակ, ինչպես ենթադրվում էր, զգալի փոփոխության չի ենթարկվում։
Ի դեպ, ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետները երկարացնելու օրինակներ աշխարհում կան. 15 տարով ավելացվել է Լովիզայի, Նովովորոնեժի եւ Պակշի ԱԷԿ—ների էներգաբլոկների շահագործումը։
ՄԵԾԱՄՈՐԻ ԳՈՐԾՈՂ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՄԵԾ ՑԱՆՑ ԿԱ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Մեծամորի գործող ատոմակայանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման ծառայությունների մրցույթում հաղթած «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը ՀՀ կառավարությանը ներկայացրել է տեխնիկատնտեսական աշխատանքների հիմնավորման առաջին նախագիծը, որը քննարկման փուլում է, իսկ մինչ տարեվերջ կներկայացվի վերջնական տարբերակը:
Այն հնարավորություն կտա վերջնականապես ընտրելու նոր էներգաբլոկի կառուցվածքը: Ինչպես այսօր ոլորտի կարեւորագույն ծրագրրի ընթացքի ներկայացման նպատակով հրավիրված մամլո ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մի կարեւոր հանգամանք որպես սկզբունք է հռչակվել` նոր կառուցվող էներգաբլոկը պետք է ունենա աշխարհի ատոմային էներգետիկայի ոլորտում գոյություն ունեցող դպրոցների լավագույն փորձը` լավագույն ռեակտորը, լավագույն տուբունային կղզյակը, լավագույն ավտոմատ կառավարման համակարգը: Նոր էներգաբլոկը պետք է համապատասխանի անվտանգության ամենաժամանակակից համակարգին, ունենա մի քանի շերտով անվտանգության ապահովվածություն, լավագույն տնտեսական տվյալներ, որը հնարավորություն կտա եւ ներքին պահանջարկը բավարարել, եւ տարածաշրջանում ունենալ իր ուրույն տեղը:
Հարցին` արդյո՞ք համապատասխանում են իրականությանը տեղեկությունները, որ գազի գնի իջեցման փոխարեն Ռուսաստանն ակնկալելու է ստանձնել նոր կայանի շինարարությունն ու հետագա շահագործումն ամբողջովին, Ա.Մովսիսյանը պատասխանեց, որ ատոմակայանի կառուցման մենաշնորհի չի տրվում որեւէ մեկին: Ատոմակայանի կառուցման համար լինելու են շատ ներդրողներ եւ նրանց խումբն է կառուցման վերաբերյալ որոշումներ կայացնելու: «Մենք ընդամենն ասում ենք, թե ինչպիսի կայան ենք թույլ տալիս կառուցել Հայաստանի Հանրապետությունում, եւ, բնականաբար, ներդրողներն են որոշելու, թե որ հանգույցի կառուցումը որ ընկերությունն ու երկիրն է իրականացնելու»,-պարզաբանեց նախարարը: Նա ընդգծեց, որ որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել գազի սակագնի իջեցման փոխարեն նման հավակնություններ ունենալու մասին: Նախարարը նկատեց, որ ներկայումս չկա մի երկիր, որը երեք` տուբինային, ռեակտորային եւ ավտոմատ կառավարման հանգույցներին հավասարաչափ տիրապետի: Դրա համար տարբեր հանգույցների կառուցում տարբեր ընկերություններ պիտի ստանձնեն, սակայն լավագույն փորձով:Նախարարը չի բացառում, որ նոր կայանի կառուցման, մոնտաժման, կարգաբերման աշխատանքներում մասնակցություն ունանալ ցանկացող երկրները կարող են ներգրավվել կոնսորցիումի տարբերակով:
Ուկրաինացի մասնագետներն առաջարկել են քննարկել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հնարավորությունը, սակայն մինչ այդ պահը դեռ շատ ժամանակ կա: Երկարացնելու հնարավորությունը կպարզի 2016թ-ի համալիր փորձաքննությունը, որը կհստակեցնի` անհրաժեշտություն կա՞ երկարաձգելու շահագործման ժամկետը, թե ոչ: Նախարարը նշեց, որ նոր կայանի կառուցման գրաֆիկը չի խախտվի, Մեծամորի ատոմակայանը կաշխատի այնքան, քանի դեռ չկա նրան համարժեք փոխարինող: Ներդրումների համար հետաքրքրվողների մեծ ցանց կա տարբեր երկրներից` եւ Ռուսաստանից, եւ Եվրոպայից. ամենատարբեր երկրներից:
Ի դեպ, «Worley Parsons» ընկերությունն իրականացնում է աշխարհում ներկայումս կառուցվող մի քանի նոր կայանների անմիջական կառավարումը եւ մեծ հեղինակություն ունի ոլորտում: Նշենք նաեւ, որ միջուկային էներգաբլոկը պետք է կառուցվի Մեծամորի ատոմակայանի հրապարակի վրա` առկա ենթակառուցվածքների օգտագործմամբ: Նախնական գնահատականներով` նոր էներգաբլոկի հզորությունը կկազմի մինչեւ 1200 ՄՎտ, դրա կառուցման համար կպահանջվի 4,5 միլիարդ դոլար: Կառուցվելիք էներգաբլոկի ծառայության ժամկետը պետք է լինի 60 տարի, որն ամբողջ շահագործման ընթացքում պետք է 25 անգամ անցնի սեյսմիկ գնահատման մոնիտորինգ:
Հոկտեմբեր 29, 2009
