ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման համար Ռուսաստանը 270 միլիոն դոլլարի վարկ կտրամադրի

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման համար Ռուսաստանը 270 միլիոն դոլլարի վարկ կտրամադրի

ԷկոԼուր

Ռուսաստանը Հայաստանին 270 միլիոն ԱՄՆ դոլլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար: Այս մասին նշված է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի նախագծում, որը սույն թվականի նոյեմբերի 19-ին  արժանացավ գործադիրի հավանությանը:  Ըստ համաձայանգրի նախագծի` հայկական կողմը վարկն օգտագործելու է 2014-2018թ.թ. ընթացքում: Վարկի մարման գծով առաջին վճարումը կատարվելու է 2019թ. հունվարի 15-ին: Հայաստանը վարկի գծով տոկոսները վճարելու է տարեկան 3.0 տոկոս տոկոսադրույքով:

Ռուսական Կողմից լիազորված «Внешэкономбанк»-ը և Հայկական Կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 60 օրացուցային օրվա ընթացքում կկնքենն սույն Համաձայնագրի շրջանակներում հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ապա ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել  է 2016թ:

Նոյեմբեր 19, 2014 at 18:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր