Չնայած Սյունիքի ուրանի հանքերի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել, սակայն բնապահպանները արդեն սկսել են մտահոգվել:
Հիշեցնենք, որ այս տարի ապրիլի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ռուսական ՙԱտոմռեդմետզոլոտո՚ ընկերության միջեւ կնքվեց պայմանագիր՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որը զբաղվելու է Հայաստանում ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզմամբ, արդյունահանմամբ եւ վերամշակմամբ: ՙՈւրանը քանի որ ռադիոակտիվ է, ի տարբերութուն մյուս հանքավայերի, շատ ավելի վտանգավոր է: Նրա հետեւանքները, կարծում եմ, շատ բարդ են լինելու, Թեղուտի վնասները դրա համեմատ ուղղակի ծաղիկներ են՚,- ասում է Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը:
«Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանն էլ ավելացնում է, որ ոչ մի նորագույն տեխնոլոգիա մեզ չի կարող փրկել, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, իսկ աղտոտվածությունը մեծ տարածքներ է ընդգրկում: ՙՊատկերացնու՞մ եք, թե դա ինչ բնապահպանական խնդիր կարող է առաջացնել Զանգեզուրի տարածաշրջանում, Քաջարանի կոնբինատն էս կողմից, ուրանի հանքը՝ մյուս կողմից: Ո՞նց կարող է դա բնապահպանական խնդիր չառաջանցել՚,- մեզ հետ զրույցում ասում էր Սիլվա Ադամյանը:
Բացի այն, որ ուրանի հանքավայրի շահագործումը կարող է վտանգավոր լինել շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար, այն լուրջ սպառնալիք է ՙՇիկահող՚ արգելոցի համար: Օրինակ, Ներքին Հանդ գյուղը, որտեղ, ըստ բնապահպանության նախարարության, ուրանի պաշար կա, համարյա արգելոցի տարածքում է:
Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանն առայժմ անհանգստանալու առիթ չի տեսնում, ասում է, թե նախ պետք է փաստաթղթերի փաթեթին ծանոթանալ, հասկանալ, թե ինչ եղանակով եւ տեխնոլոգիաներով է հանքը շահագործվելու: ՙԵս Ձեր մտավախությունը հասկանում եմ, կանխավ մենք ինչ-որ բան ենք ուզում տեսնել սրա մեջ, բայց մենք չունենք դեռ կոնկրետ փաստեր՚,- ասում է նախարարության պաշտոնյան: Ի տարբերություն պարոն Աղասյանի, որն այնքան էլ վստահ չէր, որ տնտեսական շահի դեպքում երկրաբանները Շիկահող չեն մտնի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ՙՀայքին՚ ասաց հետեւյալը. ՙՄիանշանակ կարող եմ հայտարարել, որ Շիկահողի արգելոց չենք մտնի եւ ուսումնասիրություն չենք կատարի՚:
Պայմանագիր ստորագրելու ժամանակ երկու կողմերն էլ կոնկրետ որեւէ պատասխան չտվեցին, թե ինչ եղանակով են շահագործելու ուրանի հանքերը, իսկ ահա երկրաբան Սերգեյ Գրիգորյանը, որը ներգրավված է այս աշխատանքներում իբրեւ խորհրդատու, պնդում է, որ Սյունիքում շահավետ է փակ եղանակով շահագործումը: ՙՍյունիքում հնարավոր չէ բաց շահագործում իրականացնել, որովհետեւ պաշարները 600մ խորության վրա են՚,- ասում է մասնագետը: Ըստ Գրիգորյանի, բաց եղանակով շահագործումը նպատակահարմար է միայն այն դեպքում, երբ հանքային մասնիկներն ավելի մակերեսային են:
Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, ապա դրանք, ինչպես մյուս հանքավայրերի շահագործման դեպքում, կարող են առաջանալ անփույթ լինելու դեպքում: ՙՓակի դեպքում ազդեցությունը շատ քիչ է լինում, մնում է միայն թափոնները խելամիտ կառավարել, քանի որ դրանց ոչ ճիշտ կոնսերվացնելու դեպքում կարող են շրջակա միջավայրին վնասել՚,- բացատրում է երկրաբանը եւ հավելում, որ թափոնների խնդիրը կարելի է լուծել հետեւյալ կերպ. դրանք ՙվերադարձնել՚ դատարկ հանքավայր:
Բնապահպանների անհանգստությունը, պարոն Գրիգորյանի կարծիքով, դեռ անտեղին է մի շատ պարզ պատճառով. ՙԱյսօր շահագործման մասին խոսք լինել չի կարող, եթե մենք նոր պաշարներ չգտնենք, եղածն անիմաստ է շահագործել՚: Սերգեյ Գրիգորյանի հաշվարկներով, Սյունիքում 30 հազ. տոննա պաշարի վարկածը իրականությանը չի համպատասխանում. այնտեղ շահագործման ենթակա ընդամենը մի քանի հարյուր տոննա հանքաքար կա:
Մայիս 08, 2008
