ԷկոԼուր
Հայաստանը հաստատում է իր մտադրությունը զարգացնել ատոմային էներգետիկան, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Իր ելույթում ՀՀ Նախագահը մասնավորապես խոսել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման տեւողության երկարաձգման ծրագրերի, ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների խնդրի, ատոմակայանի սեյսմանվտանգության եւ կադրային քաղաքականության մասին: Նա մասնավորապես ասել է. «2014թ. դեկտեմբերին և 2015թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրի երկարաձգման համագործակցության և այդ ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ:
Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել, և աշխատանքներն սկսվել են:
Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով.
• Առաջին փուլ՝ ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր,
• Երկրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը:
Առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալը:
Սույն թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցով Համատեղ համակարգող կոմիտեի առաջին նիստը: Այդ նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է «Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման, միջուկային և ռադիացիոն անվտանգության ասպարեզում տեղեկատվության փոխանակման» համաձայնագիր:
Նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատման» վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում:
Անվտանգության խորհրդի նախորդ նիստի առաջարկությունների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն Հայկական ԱԷԿ-ի և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավարները: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային հարցերի վրա:
Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը գործնականորեն ավարտված է: Իրականցվել է ընթացիկ իրավիճակի վերլուծություն: Անցկացվել է գործող օրենսդրության վերլուծություն: Կառավարության կողմից ռազմավարության հաստատումից հետո կմշակվի և կհաստատվի դրա իրականացման ծրագիրը:
«Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիա»-ի դրույթների համաձայն` Հայաստանը 2015թ. մայիսին ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է առաջին ազգային զեկույցը:
«ՕՍԱՐՏ» առաքելության կողմից արված նկատողությունները վերացնելու համար Հայկական ԱԷԿ-ում մշակվել է «Ծրագիր և վարվեցողություն Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների հետ» փաստաթուղթը: Ծրագրի նպատակն է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կիրառման մակարդակը հասցնել ժամանակակից պահանջներին: Պլանավորված է ծրագրի փուլային իրականացում 2016-2019թթ. ժամանակահատվածում` օգտագործելով շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի վարկային միջոցները:
ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն:
ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Կարելի է արձանագրել, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:
Հայկական կայանի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է կայանում գործող վարժասարքը դարձնել լիարժեք, լիամասշտաբ վարժասարք: Արդեն այս տարի կայանի սեփական միջոցներից առաջիկա աշխատանքների իրականացման համար կտրամադրվեն միջոցներ:
Հայկական կայանը պետք է կենտրոնացնի իր բոլոր ջանքերը` և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, հետագա աշխատանքների հաջող ավարտի համար:
Մի քանի խոսք Հայկական ԱԷԿ-ի կադրային իրավիճակի մասին:
Անցյալ տարի զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայկական ԱԷԿ-ի որոշ ղեկավարներ՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրությունն եմ հրավիրում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վրա՝ կայանի շահագործման անվտանգության և հուսալիության ապահովման ու առաջադրված խնդիրները ժամանակին իրականացնելու համար: Մենք պայմանավորվել ենք Էներգետիկայի նախարարության և ԱԷԿ-ի նոր ղեկավարության հետ, որ պետք է լիովին բացառենք բացասական երևույթները:
Առաջնային եմ համարում Հայաստանի ատոմային էներգետիկայի բոլոր ճյուղերում կադրային քաղաքականության հարցերը: Հարկավոր է ամրապնդել և պահել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես կայանում, այնպես էլ բոլոր մասնագիտացված կազմակերպություններում»:
ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:
Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և ոլորտի մասնագետներից:
Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ:
Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են`
- ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաuտումը.
- ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:
Խորհրդի անդամներն են՝
• Ադոլֆ Բիրկհոֆեր՝ Խորհրդի նախագահ (Գերմանիա)
• Վահրամ Պետրոսյան՝ Խորհրդի գործադիր քարտուղար (Հայաստան)
• Ռոբերտ Ավագյան (Հայաստան)
• Ալեքսանդր Լոկշին (ՌԴ)
• Վլադիմիր Ասմոլով (ՌԴ)
• Ալեքսեյ Ֆերապոնտով (ՌԴ)
• Ռոբերտ Բադնից (ԱՄՆ)
• Բերնարդ Գեսդոն (Ֆրանսիա)
• Ջերալդ Օուզունյան (Ֆրանսիա)
• Քրիստոֆեր Վաթսոն (Մեծ Բրիտանիա)
• Միրոսլավ Լիպար (ԱԷՄԳ, Ավստրիա)
• Ժոզեֆ Միշակ (Չեխիա:
Այ մասին նշված է www.president.am կայքում:
Հոկտեմբեր 27, 2015 at 18:17