ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԻԱՅՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԻԱՅՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

Արմենուհի Մելքոնյան, Հայաստանի Հանրապետություն

Ինչպես է գործող էներգաբլոկը հանվելու շահագործումից

Միջուկային էներգետիկայի ոլորտում ուսումնասիրությունները մեկ անգամ եւս եկել են փաստելու, որ մեր երկրում գործող ԱԷԿ—ը շահագործումից հանելուն զուգահեռ, պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ՝ արդիական չափանիշներին համապատասխան։ Սա արդեն հաստատ է, եւ այն միջազգային տարբեր բարձր ամբիոններից հնչեցրել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արդեն իսկ նոր ԱԷԿ—ի համար գործուն քայլեր արված են։ Այդ իսկ պատճառով մենք հիմա կքննարկենք այլ խնդիր. թե ինչպե՞ս է գործող ԱԷԿ—ը հանվելու շահագործումից։ Սա կարեւոր հարց է, քանզի ԱԷԿ—ը արտադրական շենք—շինություն չէ, որ կողպելով փակես։ Ուստի, մշակվել է համապատասխան ծրագիր՝ ԱԷԿ—ը շահագործումից հանելու ռազմավարություն։

Ըստ մասնագետների, ռազմավարության առկայությունը այն կարեւոր նախապայմանն է, որը հիմք է ծառայում ապագայում միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու ամբողջ գործընթացի ծրագրման եւ իրականացման համար։ Ինչպես բացատրում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մասնագետները, քանի որ յուրաքանչյուր միջուկային տեղակայանք առանձնահատկություններ ունի, հետեւաբար շահագործումից հանելու համար դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է կիրառվի առանձնահատուկ ռազմավարություն։ Ռազմավարական տարբերակը, որը կկիրառվի միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու համար, կարող է լինել տարբեր՝ կախված մի շարք գործոններից։ Այդ գործոնները խնդիրների մեծ շրջանակ են ընդգրկում՝ զուտ տեխնիկական հարցերից մինչեւ սոցիալականը եւ տնտեսականը։ Յուրաքանչյուր գործոն առանձին կարող է էական ներգործություն չունենալ ռազմավարության ընտրության ընթացքում, սակայն գործոնների համակցումը որեւէ առանձին միջուկային տեղակայանքի համար կարող է ազդել ռազմավարության ընտրության վրա։

Միջազգային փորձի համաձայն, միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու երեք հիմնական ռազմավարություններ են լինում՝ անհապաղ ապահավաքակցում, հետաձգված ապահավաքակցում եւ թաղում։

Այս ռազմավարությունները սկզբունքորեն կիրառելի են բոլոր միջուկային տեղակայանքների համար, սակայն դրանք կարող են ընդունելի չլինել՝ ելնելով քաղաքական նկատառումներից, անվտանգության կամ շրջակա միջավայրի պահպանության պահանջներից, տեղական պայմաններից կամ ֆինանսական հնարավորություններից։ Մեր փաստաթղթի հիմնական նպատակն էր ընտրել ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու ռազմավարության մի տարբերակ, որն ամենահարմարը կլինի Հայաստանի պայմանների համար։ Ի դեպ, հաշվի են առնվել ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաջարկները, ինչպեսեւ՝ ներառվել են մի շարք կարգավորող, տեխնիկատնտեսական եւ սոցիալական գործոններ։ Չեն անտեսվել ճառագայթային եւ տեխնիկական անվտանգության հարցերը, թափոնների կառավարման համակարգի առկայությունը, ցածր ակտիվությամբ նյութերի կառավարման եւ վերաօգտագործման (սահմանափակ կամ ոչ սահմանափակ) համար չափանիշների առկայությունը, միջուկային տեղակայանքի կամ արտադրական հարթակի հետագա օգտագործումը, ՀԱԷԿ—ը կանգնեցնելու եւ շահագործումից հանելու սոցիալ—տնտեսական ներգործությունը։ Մի խոսքով, ըստ մասնագետների, ակնհայտ է, որ շահագործումից հանելու առկա ռազմավարական տարբերակներից յուրաքանչյուրի «մաքուր» կիրառումը դժվար կլինի։ Այդ պատճառով ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու որոշակի ռազմավարության ընտրության համար դիտարկվում են այդ տարբերակների առանձին տարրերի համակցումներ։

Այսպիսով, ո՞րն է հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ամենանախընտրելի տարբերակը։

«Ատոմային էլեկտրակայանի վերջին էներգաբլոկի վերջնական դադարից հետո անհապաղ ապամոնտաժումը համարվում է ամենանախընտրելի ռազմավարությունը համաձայն ԱԷՄԳ—ի առաջարկների». սա՝ ըստ ռազմավարության։ Ի դեպ, ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առաջարկում է ընտրել այլ ռազմավարություն միայն այն պարագայում, եթե անհապաղ ապամոնտաժման իրականացումն անհնարին է։ Քանի որ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման վերջնական դադարի պահին առկա չեն լինի բավարար ֆինանսական միջոցներ, ուստի անհապաղ ապամոնտաժման տարբերակը ՀԱԷԿ—ի համար ընդունելի չէ։ Այս հանգամանքներում ամենանախընտրելի ռազմավարությունը կլինի առնվազն ռադիոակտիվ հանգույցների (ինչպիսիք են ռեակտորի իրանը եւ այլ ակտիվացված սարքավորումներ) հետաձգված ապամոնտաժումը՝ որոշակի ժամկետով անվտանգ պահպանումից հետո։ Մասնագետները բացատրում են, որ միջազգային փորձի պակասի պատճառով թաղման տարբերակը չի դիտարկվում, նաեւ հաշվի է առնվում այն փաստը, որ ՀԱԷԿ—ի հարթակը գտնվում է խիտ բնակեցված շրջանում։ Մինչեւ այժմ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհապաղ ապամոնտաժման արժեքը շուրջ 20 տոկոսով ավելի էժան է, քան հետաձգված ապամոնտաժման տարբերակի արժեքը։ Սակայն, հետաձգված ապամոնտաժման ռազմավարությունը թույլ է տալիս երկարաձգել ծախսերի կատարումը տարիների ընթացքում, ինչը եւ մեղմացնում է ֆինանսական հիմնահարցը։

Հարց է ծագում՝ ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու համար արդյոք ընտրված է ամենաճի՞շտ տարբերակը։ Խոսքն այս պարագայում ամենաանթերի լինելու գործոնի մասին է։ Ըստ մասնագետների, վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր ռազմավարական տարբերակ ունի իր ուրույն առավելությունները, ինչպես նաեւ իր թերությունները։ Մեր պարագայում ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու ռազմավարության կիրառելի տարբերակն ընտրելու նպատակով առաջարկվում է դիտարկել մի քանի հիմնական տարբերակների հետեւյալ համակցումը. 1. բարձր աղտոտվածության եւ ակտիվացված օբյեկտների անվտանգ պահպանում, 2. միջուկային տեղակայանքի ոչ միջուկային մասի անհապաղ ապամոնտաժում, 3. անվտանգ պահպանման ճկուն տեւողությունը մինչեւ ռադիոակտիվ թափոնների թաղման հիմնահարցի լուծումը։

Ինչքա՞ն է անհրաժեշտ ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու համար

Հայկական ատոմային էլկայանը շահագործումից հանելու համար անհրաժեշտ ծախսերը գնահատելու համար գործածված է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) եւ տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության միջուկային էներգիայի գործակալության մշակած «Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ծախսերի գնահատման հոդվածների ստանդարտ ցանկ» փաստաթղթում առաջարկվող մեթոդը։ Ընդհանուր ծախսերը բաժանված են 5 խմբերի՝ աշխատավարձ, ներդրումային ծախսեր, աշխատած վառելիքի կառավարման ծախսեր, թափոնների հեռացման հետ կապված ծախսեր, շահագործման ծախսեր։ Այս մեթոդը, ըստ մասնագետների, կիրառվում է շահագործումից հանելու նախագծի ծախսերը հաշվարկելու, ինչպեսեւ՝ շահագործման ընթացքում կուտակված ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված ծախսերի համար։

Այժմ անդրադառնանք շահագործումից հանելու ծախսերին՝ ըստ հոդվածների։ Այսպիսով, շահագործումից հանելուց առաջ նախնական գործողությունների համար անհրաժեշտ է 4.5 մլն եվրո (այսքան է աշխատանքի կատարման արժեքը)։ Միջուկային տեղակայանքի հետ կապված ծախսերը 4.3 մլն եվրո են գնահատվում (դարձյալ աշխատանքի կատարման արժեքն է)։ Հիմնական սարքավորումներ ու նյութեր ձեռք բերելու համար անհրաժեշտ կապիտալ ծախսերը 2 մլն եվրո են գնահատվում։ Ապահավաքակցման աշխատանքների համար պահանջվող գումարը հետեւյալն է. աշխատանքի կատարման արժեքն է 23.4 մլն եվրո, կապիտալ ծախսերն են 12 մլն եվրո, այլ ծախսերի չափը 1.2 մլն եվրո է. ընդհանուր առմամբ հարկ է 36.6 մլն եվրո։ Թափոնները մշակելու, պահեստավորելու եւ թաղելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 38.7 մլն եվրո, այդ թվում՝ 13.5 մլն եվրո՝ աշխատանքը կատարելու համար, 24 մլն եվրո՝ կապիտալ ծախսերի համար եւ 1.2 մլն եվրո՝ այլ ծախսերի համար։ Ինչ վերաբերում է կայանի շահագործման ընթացքում առաջացած թափոնների թաղմանը, ապա պահանջվող գումարը, ընդհանուր առմամբ, 19.5 մլն եվրո է։ 22.5 մլն եվրո էլ պետք է շահագործումից հանելու ընթացքում առաջացած թափոնները թաղելուն։ Հարթակի ֆիզիկական պաշտպանության, հսկողության, տեխնիկական սպասարկմանն անհրաժեշտ է 26.4 մլն եվրո, այդ թվում՝ աշխատանքի կատարման արժեքն է 16.8 մլն եվրո, մնացյալն այլ ծախսեր են։ Միայն ծրագրի կառավարման ու ինժեներատեխնիկական ապահովման համար պետք է 16.6 մլն եվրո։ 1.9 մլն եվրո է պետք գիտահետազոտական մշակումների համար՝ ներառյալ 1.4 մլն եվրո՝ աշխատանքի կատարման համար եւ 0.5 մլն եվրո՝ կապիտալ ծախսերի համար։ Միջուկային վառելիքի՝ միջանկյալ պահեստարան տեղափոխումը, միջանկյալ պահեստարանի շահագործումն ու չոր պահեստարանի վերջին հերթի կառուցումն արժե 18 մլն եվրո (այսքան է պահանջվող կապիտալ ծախսը)։ Այսպիսով, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 191 մլն եվրո։ Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է՝ 47.75 մլն եվրո։ Այսինքն՝ ատոմակայանը շահագործումից հանելուն պահանջվող համընդհանուր գումարը 238.75 մլն եվրո է։ Ի դեպ, համընդհանուր ծախսերում ներառված չեն շենքերի ու շինությունների քանդման եւ հարթակի բնատեսարանի վերականգնման աշխատանքները։ Մասնագետները հավելում են նաեւ, «թե համընդհանուր ծախսերում չեն ներառված նաեւ արեւմտյան փորձագետների աշխատանքների դիմաց վճարումները, որոնց աջակցությունը անհրաժեշտ է ինժեներա—տեխնիկական հետազոտությունների նախապատրաստման ու մանրամասն պլանի եւ այլ փաստաթղթերի մշակման համար»։ Կարելի է ակնկալել, որ այդ աշխատանքները կֆինանսավորվեն դոնորների կողմից։ Այս ծախսերը գնահատվում են մոտ 35 մլն եվրո (ելնելով Բոհունիցե (Սլովակիա), Կոզլոդույ (Բուլղարիա) եւ Իգնալինա (Լիտվա) ատոմային էլեկտրակայանների փորձից)։ ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու ռազմավարությունում նշվում է նաեւ, թե ծախսերի մանրամասն հաշվարկը կկատարվի կայանը շահագործումից հանելու ծրագրում։

ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու գործընթացի տարբեր փուլերում ծախսերը հետեւյալ կերպ են գնահատվում։

1. Շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստման փուլի տեւողությունը 2008–2011թթ.։ Շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստման փուլի համար գնահատված ծախսերը կազմում են 5.7 մլն եվրո։ Սակայն այս փուլի համար գնահատված ծախսերն էապես կախված են այդ աշխատանքներում միջազգային փորձագետների ներգրավման հանգամանքից։

2. Իսկ հետշահագործման փուլի համար, որի տեւողությունը 2016–2023թթ. է, գնահատված ծախսերը 56 մլն եվրո են, այդ թվում՝ 21 մլն եվրոյի՝ աշխատավարձ, 32 մլն եվրոյի՝ ներդրումային ծախսեր եւ 3 մլն եվրոյի՝ այլ ծախսեր։ Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է՝ 14 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, հարկ է 70 մլն եվրո։ Ցածր եւ միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցումը դիտարկվում է որպես ծախսերի առանձին հոդված։ Մի շարք պայմաններից կախված՝ այդ ծախսերը կարող են զգալիորեն փոփոխվել՝ 30.0—ից մինչեւ 80.0 մլն Եվրո։ Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման համար նախատեսվում է 52.5 մլն եվրո։ Բայց, ըստ ռազմավարության, եթե ՀԱԷԿ—ի հարթակում կառուցվի նոր միջուկային էներգաբլոկ, ապա վերջնական թաղման համար պահանջվող միջոցները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ նոր միջուկային էներգաբլոկի շահագործման ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների քանակը նույնպես։

3. Ոչ միջուկային սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը՝ 2023–2030թթ.) համար գնահատված ծախսերը հետեւյալն են. աշխատավարձի համար՝ 21 մլն եվրո, ներդրումային ծախսերի համար՝ 3.5 մլն եվրո, այլ ծախսեր՝ 3 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ պետք է 27.5 մլն եվրո, եւս 6.8 մլն եվրո չնախատեսված ծախսեր, եւ հարկ է 34.3 մլն եվրո։

4. Ապաակտիվացվող սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը՝ 2030–2036թթ.) համար գնահատված ծախսերը հետեւյալն են. աշխատավարձ՝ 16 մլն եվրո, ներդրումային ծախսեր՝ 10.0 մլն եվրո, այլ ծախսեր՝ 3 մլն եվրո, չնախատեսված ծախսեր՝ 7.25 մլն եվրո եւ, ընդհանուր առմամբ, 36.25 մլն եվրո։

5. Ապաակտիվացման չենթարկվող սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը՝ 2037–2043թթ.) համար գնահատված ծախսերը հետեւյալն են. աշխատավարձ՝ 15 մլն եվրո, ներդրումային ծախսեր՝ 14.0 մլն եվրո եւ այլ ծախսեր՝ 3 մլն եվրո, եւս 8 մլն եվրո՝ չնախատեսված ծախսեր եւ, ընդհանուր առմամբ, հարկ է 40 մլն եվրո։ Այս ծախսերում ընդգրկված չէ վերջին փուլը՝ շենքերի եւ շինությունների քանդման ու հարթակի վերականգնման համար պահանջվող ծախսերը։

Ի՞նչ փուլերով է ՀԱԷԿ—ը հանվելու շահագործումից

Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ այս հարցին, քանզի ատոմակայանը ոչ մեկ օրում եւ ոչ էլ մեկ տարում է շահագործումից հանվում։ Այսպիսով, ըստ մասնագետների եւ ըստ ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու ռազմավարության, ատոմակայանի աշխատանքը դադարեցնելու ընդհանուր գործընթացը հետեւյալն է։

Մասնագետներն այն ներկայացնում են ըստ փուլերի։

1. Նախ՝ շահագործումից հանելու լիցենզավորումը պետք է նախապատրաստվի։ Այս փուլն ընդգրկում է 2012—2016թթ.։

2. 2016թ. կլինի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերջնական դադարը։

3. Այս փուլը ատոմակայանը շահագործումից հանելն է, որն ընդգրկում է 2016—2048թթ.։

Շահագործումից հանումը ենթադրում է հետշահագործում (2016—2022թթ.), անվտանգ պահպանման նախապատրաստում (2016—2024թթ.), անվտանգ պահպանում (2024—2037թթ.), ապահավաքակցում (2024—2044թթ.), ոչ միջուկային սարքերի ապահավաքակցում (2024—2031թթ.), ապաակտիվացվող սարքերի ապահավաքակցում (2031—2037թթ.), ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի շահագործման հանձնում (2037թ.), ապաակտիվացման չենթարկվող սարքերի ապահավաքակցում (2038—2044թթ.)։

4. Այս փուլն ընդգրկում է շենքերի եւ շինությունների քանդումը (2044—2047թթ.)։

5. Այս փուլը հարթակի վերականգնումն է (2045—2048թթ.)։

6. Այս փուլն էլ հարթակի լիցենզազրկումն է (2048թ.)։

Ինչ վերաբերում է շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստմանը. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7—րդ հոդվածի համաձայն, ՀԱԷԿ—ը ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարեւոր նշանակության օբյեկտ է, եւ նրա շահագործումից հանումը պետք է կատարվի օրենքով՝ ՀՀ կառավարության ներկայացմամբ։ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ծրագրված վերջնական դադարից 5 տարի առաջ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ—ն պետք է դիմի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային եւ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն (ՀՀ «Պետատոմհսկողություն») շահագործումից հանելու լիզենցիա ստանալու համար։

Հետ շահագործման մասով. այս փուլի տեւողությունը սահմանվում է էներգաբլոկներից աշխատած միջուկային վառելիքի հեռացման պահանջներով։ ՀԱԷԿ—ում միջուկային վառելիքի չոր եղանակով պահման տեխնոլոգիայի համաձայն, աշխատած միջուկային վառելիքը անհրաժեշտ է առնվազն 5 տարի պահել էներգաբլոկի միջուկային վառելիքի թաց եղանակով պահպանման ավազանում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ թաց եղանակով պահպանման ավազաններից աշխատած միջուկային վառելիքը չոր պահման պահեստարան փոխադրելու համար անհրաժեշտ ժամանակը ընդունվում է 6—7 տարի։ Այս ընթացքում ՀԱԷԿ—ում կկատարվեն անվտանգ պահպանման նախապատրաստման աշխատանքներ։

Իսկ անվտանգ պահպանման նախապատրաստման փուլի գործողությունները կարելի է սկսել հետշահագործման փուլի ընթացքում, սակայն նրանց որոշ մասը կարող է կատարվել միայն աշխատած վառելիքը էներգաբլոկի թաց եղանակով պահման ավազանից հեռացնելուց հետո։ Ընդհանրապես, այս փուլի ընթացքում տարվում են աշխատանքներ համակարգերի ջրազրկման, ինչպես նաեւ՝ վտանգավոր ու դյուրավառ նյութերի հեռացման ուղղությամբ։ Կատարվում է համակարգերի ձեւափոխություն, որոնք անհրաժեշտ են անվտանգ պահպանման փուլի համար, օրինակ՝ օդափոխության եւ հրդեհի հայտնաբերման համակարգերը։

Անվտանգ պահպանման առումով առաջնահերթ խնդիրը անվտանգ պահպանման ժամկետները որոշելն է։ Առաջարկվում է սահմանափակվել ռեակտորի մասնաշենքով կամ հերմետիկ բաժանմունքներով, սակայն այս դեպքում օդափոխության կենտրոնը պետք է մնա շահագործման մեջ։ Անվտանգ պահպանման ընթացքում պահանջվում է սահմանափակ թվով համակարգերի դիտարկում։ Անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել շրջայցեր։ Պետք է նշել, որ անվտանգ պահպանման տեւողությունը կարող է փոփոխվել նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում։ Անվտանգ պահպանման տեւողությունը պետք է սահմանվի՝ ելնելով այն նվազագույն ժամանակից, որը կպահանջվի ՀԱԷԿ—ի ոչ միջուկային մասի եւ սարքավորումների ապահավաքակցման համար։

Ապահավաքակցման տեսակետից առաջին քայլը, որ պետք է անել նախքան ապահավաքակցման գործողություններ սկսելը, համակարգերի եւ սարքավորումների դասակարգումն է ըստ իրենց անհրաժեշտության՝ շահագործումից հանելու գործընթացի տարբեր փուլերում։ Կարելի է առաջարկել հետեւյալ երեք հիմնական խմբերը. 1. համակարգեր, որոնք կարեւոր են միջուկային ու ճառագայթային անվտանգության տեսակետից, 2. համակարգեր, որոնք կարեւոր են շահագործման եւ անվտանգության տեխնիկայի տեսակետից, 3. համակարգեր, որոնց շահագործումը հետագայում անհրաժեշտ չէ։ Ապահավաքակցումը բաժանվում է երեք հիմնական փուլերի. ա. ոչ միջուկային մասի ապահավաքակցումն ընդգրկում է տուրբինային սրահը, օժանդակ համակարգերը, այդ թվում՝ ջրի աղազրկման սարքավորումը, վթարային դիզելային գեներատորները եւ այլն, ինչպես նաեւ անվտանգ պահպանման շահագործման համար ոչ անհրաժեշտ էլեկտրական մասը։ Այս փուլը կարող է իրականացվել անվտանգ պահպանման հետ միաժամանակ։ բ. Սարքավորումների ապահավաքակցումը. դրանք հավանական է, որ կարող են աղտոտված լինել, սակայն դրանց հնարավոր է ապաակտիվացնել։ Սա ընդգրկում է ռեակտորի մասնաշենքի եւ օժանդակ շինության օժանդակ համակարգերն ու սարքավորումները՝ ենթադրելով, որ շահագործման ընթացքում կուտակված բոլոր ռադիոակտիվ թափոնները հեռացվել են։ Այս փուլը եւս կարող է իրականացվել անվտանգ պահպանման հետ միաժամանակ։ գ. Սարքավորումների ապահավաքակցում, որոնք խիստ աղտոտված են եւ/կամ ակտիվացված են ու չեն ենթարկվում ապաակտիվացման։ Այդ տեսակի սարքավորումներ են ռեակտորի իրանը, ռեակտորի ներքին մասերը, հնարավոր է՝ շոգեարտադրիչները եւ ճնշման փոխհատուցիչը։ Այդ սարքավորումների ապահավաքակցումը հիմնականում կպահանջի հեռահար կառավարվող տեխնիկա՝ դեռեւս դրանց մակերեւույթի բարձր ակտիվության պատճառով։ Սակայն, այս փուլում կարելի է վերադիտարկել բլոկների մնացած մասի օգտագործման հնարավորությունը՝ որպես երկարաժամկետ պահեստավորման տեղակայանք՝ ցածր ու միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների համար, եթե դեռեւս վերջնականորեն չի լուծված ռադիոակտիվ թափոնների թաղման հիմնախնդիրը։

Շենքերի եւ շինությունների քանդման մասով. շահագործումից հանելու գործընթացի հաջորդ քայլը սարքավորումների ապահավաքակցումից հետո շենքերի եւ շինարարական այլ կառուցվածքների քանդումն է, ինչպիսիք են սառեցման աշտարակներն ու օդափոխության խողովակները։ Այս քայլը խստորեն կախված է հարթակի հետագա օգտագործման ծրագրերից, ինչպեսեւ՝այդ ժամանակ առկա ֆինանսական միջոցներից։ Էներգաբլոկների մնացած մասի՝ որպես ցածր ու միջին մակարդակի ռադիոակտիվ թափոնների համար երկարաժամկետ պահեստավորման համակարգ օգտագործելու հնարավորության վերաբերյալ որոշումը կարող է խստորեն ազդել կառույցների քանդման վրա։

Հարթակի վերականգնում. ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու գործընթացի վերջին քայլը հարթակի ամեն աղտոտված հողածածկույթի հայտնաբերումն ու հեռացումն է։ Այս քայլով ավարտվում է գործընթացը եւ թույլ տալիս, որ հարթակը ազատվի կարգավորող վերահսկողությունից։ Սակայն հարթակի որոշ մասը՝ առնվազն աշխատած վառելիքի չոր պահեստարանը, կմնա հսկողության տակ մինչեւ օգտագործված վառելիքի հիմնահարցի վերջնական լուծումը։

Այսպիսով, ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու համար առաջարկվող տարբերակը անվանվում է «հաջորդական ապահավաքակցում», եւ դա, ըստ մասնագետների, ունի մի շարք կարեւոր առավելություններ։ Մասնավորապես, թույլ է տալիս օգտագործել ռադիոակտիվ թափոնների կառավարման առկա ենթակառուցվածքը եւ դրա ընդլայնումը, որպեսզի հնարավորություն տրվի կառավարել թափոնների առանձնահատուկ տեսակները, որոնք առաջանում են միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու ընթացքում։ Կամ՝ թույլ է տալիս օգտվել խիստ աղտոտված եւ ակտիվացված սարքավորումների ռադիոակտիվ տրոհումից, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել անձնակազմի ճառագայթահարումը։ Նաեւ՝ «թույլ է տալիս փորձարկել ապամոնտաժման մեթոդները ոչ աղտոտված սարքավորումների վրա, որը հետագայում կօգնի նվազեցնելու անձնակազմի ստացած դոզաները»։ Եվ վերջապես, թույլ է տալիս ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու հիմնադրամում կուտակել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

ԱԷԿ—ը ԱԷԿ—ով փոխարինելը ձեռնտու է ֆինանսապես

ԱԷԿ—ը ԱԷԿ—ով փոխարինելը ձեռնտու է ֆինանսապես։ Սա միանշանակ այսպես է։ Եթե ՀԱԷԿ—ը շահագործումից դուրս բերվի առանց նոր ատոմային էներգաբլոկ ունենալու, ապա մենք կկորցնենք մեր էներգամատակարարման անվտանգության ներկայիս մակարդակը։ Նոր ատոմային էներգաբլոկ ունենալու օգտին է խոսում այն փաստը, որ չնայած միջուկային վառելիքի գինը մոտակա 20 տարվա ընթացքում տարեկան 3 տոկոսով ավելանալու է (հաշվարկների համաձայն), բայց, այնուամենայնիվ, այն՝ նոր ԱԷԿ ունենալն ավելի ձեռնտու կլինի մի քանի գործոններով պայմանավորված։

Խոսքը, նախ եւ առաջ, վերաբերում է այն բանին, որ աշխարհում բնական գազի գնի անկասելի աճ է սպասվում, ինչի ականատեսն ենք։ Դա պայմանավորված է նախ՝ բնական գազի պաշարների նվազմամբ եւ հետո՝ արդյունաբերող երկրների թվի կրճատմամբ։ Եվ այս համապատկերում է, որ համեմատաբար կայուն է դիտարկվում միջուկային վառելիքի գինը։ Ու քանի որ բնական գազի գինը հիմնական որոշող գործոնն է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքի կանխատեսման գործում, ապա միջուկային վառելիքը հաստատ ձեռնտու կլինի իր՝ գոնե համեմատաբար կայուն արժեքով։

Ինչ վերաբերում է մյուս գործոններին։ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով, զարգացման 2006թ. ծրագրի» արդյունքներն արձանագրում են, որ՝

ա) մինչեւ 2016թ. ՀԱԷԿ—ի շարունակական շահագործման համար տնտեսական այլընտրանք չկա։ Սակայն դրա շարունակական շահագործումը պետք է հիմնավորվի երաշխիքով, որ կայանը լիովին կֆինանսավորվի՝ պահպանման եւ անվտանգությանն ուղղված բարեփոխումներ կատարելու համար։

բ) 2016թ. Հայաստանը մոտ 2000 ՄՎտ նոր հզորության կարիք կունենա, եթե ՀԱԷԿ—ը շահագործումից դուրս բերվի 2016թ. եւ շահագործումից հանվեն նաեւ հնացած ջերմային հզորությունները։

գ) Իսկ ծրագրված Մեղրիի հիդրոէլեկտրակայանը, թեեւ հզոր կլինի, բայց չի կարողանա ծառայել Հայաստանի բեռը բավարարելու համար այս դիտարկվող ժամանակահատվածում, որովհետեւ ՀԷԿ—ի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն, դրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան։

Այս համապատկերում պարզ է դառնում, որ նոր ատոմային էներգաբլոկի թողարկումը նվազագույն ծախսերով միակ տարբերակն է, որն առաջնային վառելիքի տեսակների բազմազանության, վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին լինելուց բացի ապահովում է նաեւ էներգետիկ անվտանգության ու անկախության, ինչպես նաեւ բնապահպանական անհրաժեշտ մակարդակ։

Այսպիսով, հիմնվելով գազի եւ միջուկային վառելիքի գների աճի վերլուծության, ինչպես նաեւ ռազմավարական եւ տնտեսական քննարկումներին՝ մասնագետների կողմից հաստատակամ առաջարկվում է.

ՀԱԷԿ—ը շահագործումից հանել ատոմային նոր էներգաբլոկի կառուցումից եւ թողարկումից հետո միայն։

բ) Սեփական միջոցներով ու դոնոր կազմակերպությունների օգնությամբ լիովին ֆինանսավորել անվտանգության բարեփոխումները եւ ՀԱԷԿ—ին անհրաժեշտ ներդրումները՝ մինչեւ 2015թ. ներառյալ այն անվտանգ շահագործելու համար։

գ) Մշակել գործողությունների պլան՝ ուղղված մինչեւ 1000 ՄՎտ միավոր հզորության նոր ատոմային էներգաբլոկների ֆինանսավորման սխեմայի եւ կառուցման հետ կապված խնդիրների լուծմանը՝ ներառյալ կայանի չափերի եւ հետագայում շահագործումից դուրս բերման հետ կապված հարցերի լուծումը։

Հ. Գ. Կա կարեւոր մի հանգամանք եւս. ռազմավարության ընդունված տարբերակը նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում պետք է պարբերաբար վերանայվի եւ արդիականացվի։

Մարտ 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր