

ԷկոԼուր
Սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը 110 կողմ, 1 դեմ, մեկ ձեռնպահ ձայներ հարաբերակցությամբ վավերացրեց 2016 թվականի փետրվարի 19-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ Միխադյուկը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ համաձայանգիրն իրավական հիմքեր է ստեղծում ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման, ատոմային էներգետիկայի անվտանգության մակարդակի բարձրացման, երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում համաձայնեցված ծրագրերով կադրերի պատրաստման և վերապատրաստման, համագործակցության շրջանակներում առանձին ծրագրերի ներդրման և իրականացման համար:
Լուսանկարը վերցված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:
Նոյեմբեր 15, 2016 at 12:55