

ԷկոԼուր
«…Մենք չենք ցանկանում մեռնել ուրանի կողքին: Գլխավորը` մենք ուզում ենք իմանալ` մեզ տեղափոխելո՞ւ են, թե` ոչ… Ուրանը գլոբալ խնդիր է: Այն ոչ միայն տներին, այլ ամեն ինչին է առնչվում… Մեզ մոտ բարձր ռադիացիա կա: Չգիտենք, թե ում դիմենք, ումից պահանջենք…»: Շրջանում հնարավոր ճառագայթային ռիսկերի վերաբերյալ իրենց անհանգստությունները հայտնեցին Ճամբարակ եւ Մարտունի համայնքների ներկայացուցիչները, ովքեր հավաքվել էին «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հետ հանդիպմանը: Հանդիպումը Ճամբարակի շրջանում կազմակերպել էր «ԷկոԼուր»-ը տեղական «Արեգունի» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Մինչ այդ «Արեգունի» կազմակերպությունը երկու անգամ բարձրացրել էր այդ հարցը:
2009թ. դեկտեմբերին Գավառի Օրհուս կենտրոնում կազմակերպության նախագահ Գայանե Խաչատրյանը հայտարարեց այն մասին, որ տեղի բնակիչները տագնապի մեջ են, թե իսկապես իրենց մոտ մտադիր են շահագործել ուրանի հանքերը, եւ արդյոք Գետիկ գետի վրա մեծ քանակությամբ փոքր ՀԷԿ-երի կառուցումը այդ շահագործումների հետ կապված չէ:
2009թ. հոկտեմբերին «Արեգունի» ՀԿ-ն դիմեց ՀՀ հանրային խորհրդին` խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, «թե կա արդյոք այդպիսի պետաիրավական նախագիծ: Եթե կա, ապա ինչ է սպասվում ազգաբնակչությանը»:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի անունով գրված նամակում կազմակերպությունը նշել է, որ «Ականատես ենք եղել տարիներով աշխատող երկրաբանների, սակայն տեղեկատվություն չենք կարողացել ստանալ նրանց նպատակների մասին»: Հանրային խորհրդից պատասխան չհետեւեց: Տեղի բնակիչները հայտնեցին, որ վստահ են, որ իրենց բնակավայրում բարձր ճառագայթում ունեցող տարածքներ կան. «Մեր համագյուղացին երկրաբան է, ասաց, որ մեր Գետիկ գյուղի տարածքներից մեկը տեղակայված է հենց ուրանային հանքերակի վրա… Հետո եկան ճապոնացիները, ուզում էին սողանքների ծրագիր անել: Մենք նրանց հետ խոսել ենք, եւ նրանք նույնպես ասացին, որ ճառագայթում կա: Նմուշներ վերցրին ու տարան Երեւան: Հետո զանգահարեցին եւ ասացին, որ մենք էլի նմուշներ տանենք: Բայց մենք հնարավորություն չունեինք անընդհատ նմուշներ Երեւան տանել: Ճապոնացիները մեկնեցին եւ դրանով ամեն ինչ վերջացավ… Ես շատ գիտարշավներ եմ հիշում, մեկ ոսկի են փնտրում, մեկ պղինձ: Ուրան փնտրել են ռուսները 60-ական թվականներին: Ես ուսանող էի, ուզում էի նրանց մոտ աշխատել: Մեր տղաները աշխատում էին, լավ փող էին վճարում: Ռուսներն ասացին, որ ուրան կա, իսկ մեր հայերն ասում էին, որ չկա: Մենք այնպես հասկացանք, որ մերոնք չեն ուզում, որ ուրանը շահագործեն…»,-պատմեցին հանդիպման մասնակիցները: Բնակիչներից շատերը չեն հավատում, որ իշխանությունները ուշադրություն կդարձնեն վեր հանված խնդիրներին. «Ինչպես ուզեն, այնպես էլ կանեն, հատկապես եթե ուրանով զբաղվում է այդպիսի խոշոր կազմակերպություն (խոսքը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» մասին է)»:
«ԷկոԼուր» եւ «Արեգունի» հասարակական կազմակերպությունները որոշեցին դիմել պետական կառույցներին` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար եւ հայտնել հնարավոր ճառագայթային ռիսկերի կապակցությամբ տեղի բնակչության անհանգստության մասին եւ առաջարկել Միափոր Գետիկի իջվածքում եւ Ճամբարակ ու Մարտունի համայնքներում ճառագայթային ֆոնի մոնիտորինգ անցկացնել:
Ապրիլ 21, 2010
