Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՀԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՀԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ԷկոԼուր

Ապրիլի 14-ին Սյունիքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` Հայաստանում ուրանի ծրագրի վերաբերյալ հանգստացնող հայտարարությունն առաջացրեց տեղի հասարակայնության բացասական ռեակցիան:

Կապանից «ԷկոԼուր»-ին հայտնում են, որ նախարարի այցի մասին չեն տեղեկացվել ո'չ Կապանի Օրհուս կենտրոնը, ո'չ հասարակական կազմակերպությունները, ո'չ անկախ մամուլի ներկայացուցիչները:

Ինչպես նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ, տեղի բնակչությունը հատուկ ուշադրություն է դարձրել նախարարի` մամուլի միջոցով բարձրաձայնած խոսքերին. «Ինչպես գիտեք, ուրանը վտանգ է ներկայացնում հարստացման ժամանակ, այսօր այդ խնդիրների քննարկման ժամանակը չէ»:

Կազմակերպությունը նշում է, որ նախարարի դիրքորոշումը բերեց նրան, որ Լեռնաձոր համայնքի ազգաբնակչությունն անորոշ ժամանակով պետք է սպասի որոշման` ուրանը շահագործվելու է, թե` ոչ  եւ «բորբոքվի ստի ճիրաններում»:

Հայտարարության մեջ նշված է, որ խախտվել է մարդկանց սահմանադրական իրավունքը:

«ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ հենց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է 2008թ. ապրիլի 22-ին ստորագրել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծման պայմանագիրը` դրանով իսկ ընկերությանը Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհային իրավունք տրամադրելով: Պայմանագիրը ստորագրելիս` նախարարը հայտարարեց. «Հետախուզական աշխատանքները, որոնք իրականացվելու են, իրականացվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

Պայմանագիրը, որը շոշափում է Հայաստանի ողջ բնակչության շահերը, չի անցել հասարակական լսումներ, թեպետ Հայաստանը 2001թ. վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը սահմանում է հասարակայնության մասնակցությունը էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին:

Բնապահպանության նախարարությունը Սյունիքում ուրանային պաշարների ուսումնասիրության ծրագրին  տրամադրեց պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն: Դրա հետ մեկտեղ հաշվի չէր առնվել տեղի բնակիչների, 2009թ. օգոստոսի 4-ին Կապանում տեղի ունեցած հասարակական քննարկման մասնակիցների պահանջը`ուրանային հանքաշերտի ամբողջականության խախտման դեպքում ճառագայթային ռիսկերի եւ շրջակա միջավայրի աղտոտման մոնիտորինգի անցկացման անհրաժեշտության մասին:

Նախարարությունը ընկերությանը չի պարտավորեցրել ուրանի արդյունաբերական պաշարների հայտնաբերման դեպքում հանքավայրի շահագործման ծրագրեր ներկայացնել, հաշվի չի առել էկոլոգիական հասարակական կազմակերպությունների այդ պահանջը:

Պարոն նախարարի ուշադրությունն ենք հրավիրում, որ ճառագայթային ռիսկերի հարցում գիտական մեծ գրականություն կա, որում նշվում ուրանի իզոտոպներից առաջացող ռիսկերը: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի առաջարկած ստորգետնյա տարալվացման մեթոդով ուրանի հանքահանման գործընթացից հետո իզոտոպները չեն վերանում:

Ապրիլ 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր