Հայաստանում չի իրականացվում շրջակա միջավայրի ճառագայթման մոնիթորինգ

Հայաստանում չի իրականացվում շրջակա միջավայրի ճառագայթման մոնիթորինգ

ԷկոԼուր

Հայաստանում չի իրականացվում խմելու ջրի աղբյուրներում, օդում, հողում, բաց ջրավազաններում, տեղական արտադրության սննդամթերքում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության սիստեմատիկ մոնիթորինգ: Եւ պարզ չէ, թե որքանով է ճառագայթված մեր հողը, ջուրը, եւ սնունդը:  ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությանը», որի նպատակն է նախանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն` ապահովելու ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխանող շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության կարողությունների ստեղծումն ու զարգացումը:

Փաստաթղթից պարզ է դառնում, որ այս խնդիրը գալիս է դեռ խորհրդային տարիներից: Այսպես, 1960-ական թվականների վերջում նախկին ՀՍՍՀ առողջապահության նախարարության ռադիոմետրիկ լաբորատորիան պետք է ընտրողաբար որոշեր տեղական արտադրության սննդամթերքում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը: Սակայն լաբորատորիան լրիվ հզորությամբ (լիածավալ) չի աշխատել` չունենալով  կազմում ռադիոքիմիական խումբ և անհրաժեշտ սարքավորումները: 1976թ. նման լաբորատորիա է ստեղծվել նաև նախկին ԽՍՀՄ առողջապահության նախարարության 3-րդ վարչության Մեծամոր բանավանում տեղակայված թիվ 131 բուժա-սանիտարական մասի հակահամաճարակային  հսկողության կայանում, որը սակայն մասնագետների և անհրաժեշտ տեխնիկայի ոչ բավարար ապահովման պատճառով ևս չի գործել: ՀԱԷԿ-ի գործարկման հետ կապված, 1976թ. նախկին ՀՍՍՀ գյուղատնտեսության նախարարության Հոկտեմբերյանի շրջանային անասնաբուժական լաբորատորիայում ևս տեղադրվել էր սարքավորում տեղական գյուղատնտեսական արտադրանքում (բանջարաբոստանային բույսեր, մրգեր, միս, ձուկ, պահածոներ) ռադիոակտիվ նյութերի առկայության ստուգման նպատակով, սակայն չի գործել սարքավորումների անկատարելիության և համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայության պատճառով: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման հետ կապված, ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության օժանդակությամբ, 1996 թվականին ՀԱԷԿ-ում տեղադրվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ավտոմատ համակարգ, որը թույլ էր տալիս անմիջական կապի ռեժիմում ստանալ ՀԱԷԿ-ի դիտարկման գոտում գամմա ճառագայթման դոզայի հզորության վերաբերյալ տվյալներ: Համակարգը ներկայումս տեխնիկական պատճառներով չի աշխատում և վերանորոգման կարիք ունի:

Ներկայումս Հայաստանը չունի շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ազգային ծրագիր, անհրաժեշտ սարքավորումներ եւ կադրեր, ամբողջական  տվյալների բազա: Ռազմավարությամբ շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության բարելավման համար նախատեսված է 11 միջոցառում իրականացնել, ինչը պետք է հանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչության ճառագայթային անվտանգության բարձրացմանը և նպաստի միջուկային ու ճառագայթային անվտանգության հարցերով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից uտանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը:

Դեկտեմբեր 18, 2014 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր