ԷկոԼուր
Չնայած ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հայտարարությանը, որ Հայաստանում ուրանի պաշարները հաշվված չեն, եւ հնարավոր է, որ ուրան ընդհանրապես չկա, պարզվում է, որ պաշարներ կան, եւ նրանք կազմում են 100 հազար տոննայից ոչ պակաս:
Դա ունի իր գիտական հաստատումը Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածում, որը հրապարակվել է «Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համարում: Ուրանի պաշարները Հայաստանի տարածքում նույնականացված են 34 հանքերեւակումներում եւ հանքավայրերում: Պարզվում է, որ Լեռնաձոր գյուղի հարեւանությամբ գտնվող Փխրուտի հանքավայրը, որն ընտրվել էր ուրանի հետախուզման աշխատանքների համար, հեռանկարային է, բայց ոչ ամենամեծը: Նրանում ուրանի պաշարները գնահատվում են 20 հազար տոննա: Բայց ահա Անտառային հանքավայրում ուրանի կանխատեսվող պաշարները գնահատվում են 30-40 հազար տոննա: Վեդու երեւակումները գնահատվում են 10-15 հազար տոննա, Անդիի հանքավայրինը` 5-10 հազար տոննա, իսկ Վայքի երեւակումները 20-30 հազար տոննա:
Հոդվածում նշված են ոչ միայն ուրանի կանխատեսվող պաշարները, այլ նաեւ քարտեզագրական տվյալները, որոնք կարող են օգնել Հայաստանում ուրանի որոնողական աշխատանքներով զբաղվող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությանը» հետախուզման աշխատանքների վայրի ընտրության հարցում: Օրինակ, մեր ուշադրությունը գրավեց Անտառային հանքերեւակումը, որը տեղակայված է Մարմարիկ գետի ավազանում, հարակից է Մեղրաձորի ոսկու, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրերին, գտնվում է Մարմարիկի խորը բեկվածքի երկարությամբ:
Սյունիքի ուրանի պաշարները սերտ կապված են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ եւ այլն: Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք ռուսերեն լեզվով:
Մայիս 06, 2011 at 14:36