

Զարինե Համբարձումյան, Սյունաց Երկիր
Լեռնաձորում նոյեմբերի 18-ից վերսկսել են ուրանի որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին մեկ տարի առաջ:
2010թ. հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Լեռնաձոր գյուղի մերձակայքում հրկիզվեց ուրանի որոնողական աշխատանքներ կատարող մեքենան: Դրանից հետո` նոյեմբերի 11-ին, Կապանում տեղի ունեցավ հանրահավաք` ընդդեմ որոնողական աշխատանքների: Հանրահավաքին հաջորդեց ստորագրահավաք` նախաձեռնությամբ "Կապանի տարածաշրջանի զարգացման" հիմնադրամի եւ "Ազատամարտ" կոմիտեի:
Ստորագրահավաքին մասնակցած 13850 կապանցիների 99 տոկոսից ավելին դեմ արտահայտվեց Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Ե՛վ հանրահավաքը, ե՛ւ ստորագրահավաքի արդյունքները ցույց տվեցին, որ Կապանը միասնաբար դեմ է շրջանում ուրանի որոնման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Ստորագրահավաքի արդյունքները 2010թ. դեկտեմբերի 6-ին ուղարկվեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: 2010թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան ստորագրահավաքի արդյունքներն ամփոփող փաստաթղթի, գրություն հղեց "Կապանի տարածաշրջանի զարգացման" հիմնադրամի գործադիր տնօրեն Ա.Փարսադանյանին, "Ազատամարտ" կոմիտեի նախագահ Խ.Հարությունյանին: Գրության մեջ մասնավորապես նշվել էր. "ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Ըստ կատարված երկրաբանական եւ լաբորատոր աշխատանքների տվյալների` նշված տարածքում ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել: 2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում են իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորության վրա": Այդ ամենով հանդերձ, սակայն, ինչպես նշեցինք, նույն Լեռնաձոր գյուղի հարավային ծայրամասում վերսկսվել են երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները: Նոյեմբերի 18-ին արդեն տեղադրվել էին հորատող մեքենաները եւ անցել գործի:
Հիշեցնենք, որ ուրանի հանքաքարի հայտնաբերման նպատակով Սյունիքի մարզում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ է կատարում "Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ-ն` ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 23-ի N419-Ն որոշման, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրված N88 ուսումնասիրության հատուկ լիցենզիայի, ինչպես նաեւ 2009թ. սեպտեմբերի 3-ին կնքված N459 լիցենզային պայմանագրի համաձայն:
"Կապանի տարածաշրջանի զարգացման" հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը նոյեմբերի 21-ին մեզ հետ ունեցած զրույցում հավաստեց, որ իրենց հիմնադրամը եւ "Ազատամարտ" կոմիտեն մշակում են միջոցառումներ` Կապանի հանրությանն ընդդեմ ուրանի որոնողական ծրագրերի ոտքի հանելու համար:
Դեկտեմբեր 06, 2011 at 17:54
