Երևանի բնապահպանական խնդիրների լուծման համար ստեղծվել է նոր կառույց

Երևանի բնապահպանական խնդիրների լուծման համար ստեղծվել է նոր կառույց

ԷկոԼուր

Մայրաքաղաք Երևանի բնապահպանական խնդիրներով այսուհետ կզբաղվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Ս.թ. դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանին հավանություն տվեց քաղաքապետի որոշման նախագծին:

Համայնքային կառույցի ստեղծմամբ կանաչապատման նպատակով քաղաքապետարանի տրամադրած գումարները կկենտրոնացվեն: Կազմավորված մասնագիտական թիմը Երևանի կանաչապատման, խնամքի ու ոռոգման համար կառաջարկի նոր՝ համալիր լուծումներ, աշխատանքներն էլ կկրեն միասնական բնույթ: Համայնքային հիմնարկը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ, տեղանքային հստակ մոտեցումներ, ինչպես նաև կիրականացնի շրջակա միջավայրի պահպանության որոշ լուծումներ:

«Մենք սկսում ենք մի գործընթաց, որը երբևիցե չէր արվել համայնքի կողմից, աղբի տեսակավորումն է և դրանով իսկ բնապահպանական մեծ խնդիրների լուծումը: Նաև ստեղծվելու են վտանգավոր աղբատեսակների հավաքակայաններ, որոնց մասին ևս երբևիցե Խորհրդային Միությունից ի վեր չէր խոսվում: Այսինքն, վտանգավոր աղբը նույնկերպ իր տեղն է գտնում Նուբարաշենի աղբավայրում՝ հասարակ աղբի կողքին, որն անթույլատրելի է 21-րդ դարում: Ճիշտ է, սրանք չերևացող հարցեր են, բայց ես բազմիցս նշել եմ. մենք չենք անելու ինչ-որ ամբոխավարական քայլեր, որոնք միանգամից երևալու են, այլև սկսելու ենք գործընթացներ, որոնց արդյունքը երևալու է 15-20 տարի հետո: Աղբահանություն, տրանսպորտ և այլն. ամբողջ Եվրոպան անցել է այս ճանապարհը. սկզբից եղել է պետական, համայնքային, հետո սկսել են գործընթացն իրականացնել մասնավորի հետ, որոշ ժամանակ անց հասկացել են, որ վիճակը վատացել է, և կրկին վերադառնում են համայնքային կառավարմանը, որովհետև համայնքն ավելի մեծ պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների հանդեպ», - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերն է մեջբերում քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Հաշվի առնելով, որ համայնքային կառույցը նորաստեղծ է և ողջ գույքը չի կարող համալրել, քաղաքապետ Հայկ Մարությանն այս գործում ակնկալել է Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող ընկերությունների ու անհատների աջակցությունը:

 

Դեկտեմբեր 16, 2019 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր