ԷկոԼուր
Սույն թվականի հունվարի 8-11-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 37դեպք: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 6 միլիոն 790 հազար 800 դրամ: Նշված 37 դեպքից 4-ի վերաբերյալ նշանակվել է 350 հազար դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 432 հազար 200 դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 11 դեպք, որի համար հաշվարկվել է 6 միլիոն 410 հազար 800 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել` 5 հազար դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բոխի) հաշվարկվել է 75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (2 ուռենի, 5 բոխի, 1 հաճարենի, 1 կաղնի, 7 սոճի) հաշվարկվել է 1 միլիոն 611 հազար դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2.7 խմ)` 85 հազար 300 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիք՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքով (տարբեր տեսակի 66 ծառ)
հաշվարկվել է 4 միլիոն 639 հազար 500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կատարված զննման արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (տարբեր տեսակի 21 ծառ, 1 ընկուզենու ճյուղ) վերաբերյալ գործի նյութերը գտնվում են ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 24 դեպք, հաշվարկվել է 380 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել` 100 հազար դրամի վարչական տուգանք, որից՝
Տավուշ՝ այծյամի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 250 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արմավիր՝ 1 շրջայցի ընթացքում առգրավվել է 50 հատ՝ 23 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Էջմիածին քաղաքի «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը:
Գեղարքունիք՝ հայտնաբերվել է իրավախախտման 19 դեպք, որից 1 դեպքով առգրավվել է 23 հատ սիգ տեսակի ձուկ, նշանակվել է 100 հազար դրամի վարչական տուգանք: Ապօրինի սիգ տեսակի ձուկ տեղափոխելու 1 դեպքով հաշվարկվել է 130 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Ստուգայցի ընթացքում 17 դեպքով Սևանա լճից հանված ցանցերում առկա 835 հատ՝ 294 կգ սիգ տեսակի ձուկը, սահմանված կարգով հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ», «Գավառի համար 1 հատուկ դպրոց», «Սևանի N 3 «Հեքիաթ մսուր-մանկապարտեզ» ՊՈԱԿ-ներին և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:
Երևան՝ սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառքի վերաբերյալ 1 շրջայցի արդյունքում առգրավվել է թվով 92 հատ ձուկ, որը հանձնվել է բարեգործական ճաշարանին:
2 շրջայցի ընթացքում առգրավվել է 300 հատ՝ 115 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ին և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, որոնց վերաբերյալ նշանակվել է 200 հազար դրամի վարչական տուգանք, որից՝
Գեղաքունիք՝ «Ավրորա Պրոդուկտ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 100 հազար դրամի վարչական տուգանք։
Արարատ՝ արձանագրված իրավախախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 100 հազար դրամի վարչական տուգանք։
Հունվար 22, 2019 at 17:57