

ԷկոԼուր
Հայաստանը զարգացնում է անտառային հրդեհների մարման կարողությունները: Մեր երկիրը տեխնիկական աջակցություն է ստացել «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստան-ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր/UNDP) զարգացման թրասթային հիմնադրամի կողմից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը նշել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան` գույքի օպտիմալ և նպատակային օգտագործման համար:
Գույքի խմբաքանակը ներառում է հրդեհաշիջման համար նախատեսված տարատեսակ արդիական միջոցներ՝ ուսապարկ-պոմպեր, ջրի ծալովի բաքեր, բարձր ճնշման պոմպեր, բահեր, օդի զտման դիմակներ, հրշեջ-փրկարարի հանդերձանք, լապտերներ, առաջին բուժօգնության տուփեր, կացին-քլունգներ, շղթայավոր սղոցներ և այլն:
Վերոնշյալ գույք-սարքավորումները կտրամադրվեն ԱԻՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներին և փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին:
Մարտ 20, 2019 at 14:35
