

ԷկոԼուր
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 2019 թ. ֆինանսական տարվա համար իրականացրել է առաջին գումարային փոխանցումները ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գտնվող հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, կատարվել է մոտ 330 հազար եվրոյի փոխանցում:
«Շուրջ 111 հազար եվրո հատկացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 92 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 87 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 40 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին,գնվելու են վառելիք, պահեստամասեր, արտահագուստ, վճարվելու են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, ձեռք են բերվելու տեսախցիկներ և անօդաչու սարքեր,ներդրվելու են նորարարական տեխնոլոգիաներ, կատարվելու են այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքի համար»,- ԷկոԼուրին հայտնեց Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանը:
Երկրորդ փոխանցումները նախատեսվում է իրականացնել հուլիս ամսվա ընթացքում՝ մոտավորապես նույն գումարի չափով:
Կարապետյանի փոխանցմամբ, CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Ապրիլ 29, 2019 at 19:25
