2019 թ-ը՝ երկրորդ ամենատաք տարին դիտարկումների պատմության մեջ. ՄԱԿ-ի կլիմայագետների եզրակացությունը

2019 թ-ը՝  երկրորդ ամենատաք տարին դիտարկումների պատմության մեջ. ՄԱԿ-ի կլիմայագետների եզրակացությունը

ԷկոԼուր

Անցած 2019 թ-ը երկրորդ ամենատաք տարին էր դիտարկումների պատմության մեջ: Ավելի տաք եղել է միայն 2016 թ-ը: Այս մասին հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: 

Անցյալ տարի միջին ջերմաստիճանը 1,1 աստիճանով բարձր է եղել, քան 1850-1900 թթ-ին: Սպասվում է, որ մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիաների ռեկորդային ցուցանիշների ֆոնին այս միտումը կշարունակվի:

«2020 թ-ն ընդունեց էստաֆետան 2019 թ-ից, և սկսվեց եղանակային էքստրեմալ երևույթներով: Ավստրալիայում 2019 թ-ն աննախադեպ շոգ և չոր էր, ինչն էլ դարձավ զանգվածային հրդեհների պատճառ, որն էլ հանգեցրեց աղետալի հետևանքների մարդկանց, կենդանիների, ամբողջ էկոհամակարգերի և ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի համար», - արձանագրել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:

Վերլուծելով հինգ աղբյուրներից ստացված տվյալները, ներառյալ ՆԱՍԱ-ից՝ ՀՕԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ վերջին հինգ տարիների և տասնամյակի միջին ջերմաստիճանները հասել են ռեկորդային մակարդակի: Ընդ որում, 80-ականների սկզբից ի վեր յուրաքանչյուր հաջորդ տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը:
«Նախարդյունաբերական դարաշրջանի ավարտից ի վեր գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով, իսկ օվկիանոսի տաքացումը հասել է ռեկորդային մակարդակի: CO2-ի արտանետումների աճի ներկայիս տեմպերով մինչև դարի վերջ ջերմաստիճանը կարող է բարձրանալ 3-5 աստիճանով», - ասել է Պետերի Թաալասը:

ՄԱԿ-ը հիշեցնում է, որ Փարիզյան կլիմայական համաձայնագրով պետությունները պարտավորվել են պահպանել միջին ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանի սահմաններում: Եթե այդպես չլինի, ապա մարդկությանը սպասվում են աղետալի հետևանքներ, և մոլորակի շատ հատվածներ կդառնան անմարդաբնակ:

Բայց ջերմաստիճանի բարձրանալը դեռ ամենը չէ, նշում են ՀՕԿ-ի կլիմայագետները: Անցյալ տարի, ինչպես վերջին տասնամյակի ամբողջ ընթացքում, սառույցի ծածկն արագորեն հալվեց, ծովի մակարդակը բարձրացավ ռեկորդային մակարդակների, օվկիանոսը տաքացավ, տեղի ունեցան եղանակային էքստրեմալ երևույթներ: Այս ամենը լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:

2019 թ-ի դեկտեմբերին Մադրիդում անցկացված ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ներկայացրեց զեկույց մոլորակի կլիմայի վիճակի վերաբերյալ: Զեկույցի վերջնական տարբերակը կհրապարակվի այս տարվա մարտին:

Լուսանկարը՝ ՆԱՍԱ

Հունվար 16, 2020 at 17:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր