

ԷկոԼուր
Ապրիլի 9-ին՝ ժամը 13։00-ին, տեղի կունենա ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանի մամուլի ասուլիսը՝ կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության վերաբերյալ: Ասուլիսը լինելու է հեռավար ձևաչափով /on-line/` ԳԱԱ հեռավար հարթակում, որին լրագրողները կարող են միանալ՝ անցնելով հետևյալ հղումով (Access Code: 839159)
Հաշվի առնելով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնելու ՀՀ կառավարության կողմից դրված գերակա խնդիրը՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հանդես է եկել Հայաստանում ախտորոշիչ թեստեր արտադրելու առաջարկով։ Ինչպես ավելի վաղ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կատարելու է ֆինանսական հատկացում:
Արտադրությունը հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը/նյութերը հնարավոր է ձեռք բերել։ Այդ նպատակով ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը բանակցում է մի շարք արտադրողների հետ։ Թեև այդ նյութերի պակաս աշխարհում չկա, բայց կա թեստերի դեֆիցիտ, և յուրաքանչյուր երկիր այսօր փորձում է լուծել իր ներքին պահանջարկը բավարարելու հարցը:
Թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։
Նախաձեռնության նպատակն է լուծել մի քանի խնդիր․
1․ ստանալ մատչելի ախտորոշիչ թեստեր
2․ կազմակերպել թեստերի դեֆիցիտի պայմաններում բավարար քանակով անխափան մատակարարում
3․ շահել ժամանակ, որն այս գործում կարևոր է:
Այս պահին ՀՀ կառավարությունը ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում է թեստերի տեղայնացման արտադրության նախապատրաստական և ֆինանսակազմակերպչական հարցերը։
Միաժամանակ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվում են ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքներ։
Հարկ է նշել, որ ինստիտուտն ունի արտադրությունը սկսելու գիտական և տեխնիկական բավարար ներուժ։ Հետազոտությունների մեծ մասում օգտագործվում են ՊՇՌ մեթոդները (այդ հետազոտությունները տպագրվում են միջազգային վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում և հանրամատչելի են)։ Ուստի այս կամ այն գիտական հետազոտության համար նոր թեստերի մշակումը և օպտիմիզացիան ինստիտուտի գիտական անձնակազմի ամենօրյա գործառույթներից մեկն է, և այդ փորձառությունը, անշուշտ, կապահովի արտադրության անխափան աշխատանքը։
Լուսանկարը՝ www.ankakh.com
Ապրիլ 08, 2020 at 22:13
