Բիզնես ծրագրեր «Ջրվեժ» անտառպարկում

Բիզնես ծրագրեր «Ջրվեժ» անտառպարկում

ԷկոԼուր 

ԷկոԼուրին դիմեց քաղաքացի Նորայր Սահակյանը և մտահոգություն հայտնեց այն մասին, որ «Ջրվեժ» անտառպարկում շինարարություն է ընթանում։ 

«Նկատել եմ, որ «Ջրվեժ» անտառպարկում արդեն մեկ շաբաթ շինարարություն է ընթանում, թփեր են ոչնչացվում, որոշ տարածք շեբենապատվել է։ Նախորդ տարի «բեսեդկա» տեղադրեցին անտառի վերևի հատվածում։ Իսկ հիմա չգիտեմ ովքեր աշխատաքներ են անում ավելի ներքև ընկած հատվածում` դեպի Ողջաբերդ գյուղ տանող ճանապարhի ոլորանի կողմից․․․Նաև ինչ-որ վագոն է տեղադրված անտառի տարածքում, հավանաբար, աշխատող բանվորների համար։ Արդյո՞ք օրինական են այդ աշխատանքները»,- ասաց նա ԷկոԼուրի հետ զրույցում։

«Ջրվեժ» անտառպարկը որպես հատուկ պահպանվող տարածք, որտեղ աճում են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակ (սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական եւ այլն), ինչպես նաև 100-ից ավելի ծառաթփատեսակներ և պարտեզային ձևեր` եղևնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արևմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, ընդգրկված է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում, որը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ:

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն ԷկոԼուրին տեղեկացրեց. «Այս պահին անտառպարկում վարձակալների կողմից իրականացվում են պայմանագրային պարտականություններից բխող բարեկարգման աշխատանքներ։ Մրցույթները հաղթահարած կազմակերպություններն են «Արմենիան Հելիքոփթերս» և «Բեքսթեյջ» ՍՊԸ-ները, որոնք վարձակալված տարածքներում կազմակերպելու են հանգստի գոտիներ, ծավալվելու է բնապահպանական, մշակութային և հասարակական գործունեություն։ Ի դեպ, վարձակալության դիմաց վճարվող գումարներն անհամեմատ ավելի բարձր են, քան որևէ այլ վայրում։ Նախատեսված է, որ այդ կառույցների աշխատանքի միջոցով անտառպարկը կվերածվի երևանցիների (և ոչ միայն) զբոսավայր։ Զուգահեռաբար անտառպարկում ընթանում են նաև բարեկարգման այլ աշխատանքներ, վերականգնվում են ենթակառուցվածքները»:

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը դեռ 2019թ-ին մրցույթ էր հայտարարել «Ջրվեժ» անտառպարկի 1,20454 հա տարածքը 59 տարի ժամկետով վարձակալության տալու մասին: Մեկնարկային վարձավճար էր սահմանվել 1 քառակուսի մ - 50 (հիսուն) ՀՀ դրամ:

Մրցույթում հաղթելու պայմաններ էին սահմանվել.

- Առաջարկվող գինը:

- Իրականացվելիք ներդրումների չափն ու ժամանակացույցը:

- Էկոտուրիզմի զարգացման ծրագիրը:

- Անատառտնկման աշխատանքները՝ կազմակերպության կողմից հավանության արժանացած նախագծի շրջանակում:

- «Ջրվեժ» անտառպարկում վարձակալված տարածքից դուրս պահպանության և զարգացման աշխատանքներին մասնակցության և աջակցության պատրաստակամությունը:

Հանրությունը տեղեկացված չի եղել «Ջրվեժ» անտառապարկում իրականացվելիք բիզնես ծրագրերի մասին, հանրային քննարկում չի եղել, թե այդ ծրագրերն ինչպես կազդեն «Ջրվեժ» անտառպարկի վրա:

Լուսանկարը՝ Նորայր Սահակյանի

 

Ապրիլ 28, 2020 at 13:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր