Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է

ԷկոԼուր

Հունիսի 17-ին աշխարհը նշում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրը:

Այս տարի Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նվիրված է հողերի անապատացմանը և դեգրադացմանը նպաստող արտադրությանն ու ռեսուրսների սպառման անշեղ աճին միտված մարդու վարքագծի փոփոխությանը: 2020թ-ի օրվա կարգախոսն է՝ «Սնունդ.Կեր.Մանրաթել.»:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն` աշխարհի բնակչության թվաքանակի մեծացմանը զուգահեռ մեծանում է բնակչության նյութապես ապահովվածության, հողային ռեսուրսների պահանջարկը, որն անհրաժեշտ է սննդի, կերերի և մանրաթելի (հագուստի համար) արտադրության համար: Մինչդեռ առկա վարելահողերի վիճակն ու բերրիությունը վատթարանում են, ինչը խորանում է նաև կլիմայի փոփոխությամբ։ Որպեսզի ունենալ անհրաժեշտ հողերի բավարար քանակ, ինչը թույլ կտա բավարարել մինչև 2050 թվականը տասը միլիարդի հասնող մարդկանց կարիքները, անհրաժեշտ է փոխել նաև մարդկանց կենսակերպը։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն`
• այսօրվա դրությամբ դեգրադացիայի է ենթարկվում ավելի քան 2 միլիարդ հեկտար արդյունավետ հող
• բնական էկոհամակարգերի ավելի քան 70%-ի բնական վիճակը փոփոխվել է: 2050 թվականին այդ ցուցանիշը կարող է հասնել 90%-ի:
• մինչև 2030 թվականը պարենամթերքի արտադրության համար կպահանջվի ևս 300 մլն հեկտար հողատարածք
• Կանխատեսումների համաձայն` մինչև 2030թ-ը հագուստի ինդուստրիայի կարիքների համար օգտագործվող հողերը կհասնեն 115 միլիոն հեկտարի, որը համարժեք է Կոլումբիայի տարածքին:

Հայաստանը ևս զերծ չէ անապատացման երևույթներից: 2015թ-ին ընդունված ՀՀ-ում անապատացման դեմ պայքարի ռազմավարության համաձայն` Հայաստանի տարածքի 48.8 %-ն անապատացվում է, 24.3 %-ը գտնվում է անապատացման ռիսկի գոտում, միայն տարածքի 22.6 %-ի վրա անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համաձայն` Հայաստանը ի թիվս 123 երկրների, ներգրավված է հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին հասնելու ազգային թիրախների որոշման գործընթացում`նպատակ ունենալով հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին:

Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ բերրի, առողջ հողերի որակական և քանականան ցուցանիշները ժամանակի և տարածաշրջանի առումով չեն նվազում, այլ հակառակը՝ ավելանում են:

Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում հողերի չեզոք դեգրադացիայի ծրագրի հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով որպես ազգային նպատակ առաջարկվում է՝ մինչև 2040 թվականը հողում (ստորգետնյա և վերգետնյա հատվածներում) օրգանական ածխածնի պաշարների ավելացում և դրանք, 2015 թվականի վիճակի համեմատ, ավելացնել 1.5%-ով»:

Նախարարությունից հայտնում են, որ արդեն իսկ Հայաստանում իրականացվել է «Հայաստանում «Արարատյան հարթավայրի հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագիրը: Արարատի մարզի Նարեկ համայնքին տրամադրվել է 43 տոննա կենսահումուս, ինչը օգտագործվել է պտղատու այգիների և բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների բարելավման համար: 30,29 հա պտղատու այգիների տարածքում ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ: Հիմնվել է 4,735 հա քամու ուժը մեղմող ծառաշերտ, ինչի համար նույնպես կառուցվել է ոռոգման կաթիլային համակարգ:

Հունիս 17, 2020 at 17:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր