Հայ-ադրբեջանական պատերազմ՝ օր 6-րդ

Հայ-ադրբեջանական պատերազմ՝ օր 6-րդ

6-րդ օրն է շարունակվում է հայ-ադրբեջանական պատերազմը: 

...Հոկտեմբերի 2-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը. կան վիրավորներ: 

...«Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է ԱԻՆ փրկարար ծառայությունը»,- հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Վիրավորներ և ավերածություններ կան նաև Հադրութում. «Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»,- գրել է նա:

... Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ՝ ժամը 12:15-ին, խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում, երկու ԱԹՍ։

Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես, տանկեր:

…Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

…ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հոկտեմբերի 1-ի 1110-Ա որոշմամբ տեղծվել է Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որը մարտական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողներին, զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն կցուցաբերի:  Շտաբի աշխատանքները կհամակարգի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

…ՀՀ կառավարության 2020թ-ի հոկտեմբերի 2-ի 1626-Ն որոշմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների) և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալը՝ պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նաև կարող են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ՝ արգելելով անձանց  Հայաստանի որևէ վարչատարածքային միավոր կամ որևէ առանձին տարածք (ճանապարհ) մուտք գործելը կամ դուրս գալը՝ պետական անվտանգության երաշխավորման, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Նախատեսված ռեժիմն ապահովելու նպատակով կարող են նաև տեղադրվել հատուկ անցակետեր:

...Սահմանափակումներ են կիրառվել նաև դեպի Արցախ քաղաքացիների մուտքի համար: Արցախի սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝

1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝

ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները:

բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:

գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով

դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով

ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ․ փոստի հասցեով

2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:

3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի»,- նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հոկտեմբեր 02, 2020 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր