

2018 և 2020 թվականներին նախորդ տարիների համեմատությամբ նվազել են ապօրինի ծառահատումները: Այս մասին ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը 2021թ. մայիսի 3-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայական կարգավորիչ դեր ունեցող Հայաստանի անտառների խնդիրները և լուծումները» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:
«2017թ. 30 հազարից ավելի ծառի ապօրինի հատման դեպք է արձանագրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անտառտնտեսություններում: 2018թ. ծառահատումների դեպքերը նվազել են՝ կազմելով 12 հազար 821, ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպքը կազմել է 892 խմ: 2019թ. տեսչական մարմնի կողմի հայտնաբերվել է 16 հազար 800 ծառ 3192 խմ տեղափոխման դեպքով: Արդեն 2020թ. ապօրինի հատվել է 12 հազար 978 ծառ, ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպքերը կազմել են 1646,4 խմ»,- ասաց Միքայել Սանթրոսյանը:
Նա նշեց, որ ապօրինի ծառահատումների փաստով հարուցվել են տարբեր քրեական գործեր, և քննիչների կողմից մասնագիտական ստուգում նշանակելու մասին որոշումներ են կայացվել: «Տարեկան նախատեսված ստուգումներ ունենք: Իրավական աջակցության վարչությունը փորձում է մշակել մի մեխանիզմ անտառտնտեսություններում շուրջօրյա աշխատանքի, հերթապահության հետ կապված: Անհրաժեշտ է նախևառաջ նյութատեխնիկական հարստացվածությունը շատ բարձր մակարդակի բերել: Սա ֆինանսների և մուլտիտեխնիկական բազայի հետ է կապված: Պետք է հզորանան տնտեսությունները, որպեսզի կարողանան միջոցներ ունենալ: Վերահսկողության մասով տարեկան ծրագրային ստուգումներ, շրջայցեր ու կանխարգելիչ գործողություններ ենք իրականացնում: 2019թ. ստուգվել է չորս անտառտնտեսություն քրեական գործերի հիման վրա: 2020թ. մեկ պլանային ստուգում ունեինք, բայց ռազմական դրության պատճառով կասեցվեց»,- նշեց նա:
Ապօրինի անտառահատումների դեպքերի նվազման վերաբերյալ փորձագետ Ռոզա Ջուլհակյանն արձագանքեց. «Ասացիք, որ 2020թ. խախտումները քիչ եք հայտնաբերել: Դա ոչ թե խախտումներն են քիչ եղել, այլ՝ իրավիճակից ելնելով աշխատանքները նորմալ չի կազմակերպվել»:
Քննարկման մասնակից, Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն անդրադարձավ սեփականաշնորհված տարածքներում անտառածածկի ոչնչացման խնդիրներին:
«Ստեփանավանում հաստաբուն, տասնամյակների աճ ունեցող կեչիները չգիտես ինչպես հայտնվել են մասնավոր տարածքներում: Հայաստանում հատուկ պահպանվող շատ տարածքներ սեփականշնորհվել են այս կամ այն անձերի կողմից: Եվ այդ խնդիրը շատ սուր է, որովհետև հանրային նշանակություն ունեցող և տարիներ շարունակ հանրության կողմից մշակված ծառերն այսօր անխնա հատվում են, և որևէ պետական կառույց իրավասություն չունի միջամտելու: Այս խնդրի լուծման երկու ճանապարհ ենք տեսնում, կամ խորանալ սեփականաշնորհման հիմքերի մեջ, կամ ընդունել այնպիսի օրենսդրություն, որը թույլ չի տա այդպիսի երկար ժամանակահատվածով հանրային սեփականություն հանդիսացող ծառերը վերցնել ու կտրել: Մենք այսօր ցանկանում ենք տասը միլիոն ծառ տնկել, բայց ունակ չենք պահպանել եղածը: Նախ պահպանման պարտավորության հիմքեր դնենք, հետո նոր մտածենք անտառների տնկման մասին», - ասաց Օլեգ Դուլգարյանը:
Ի պատասխան՝ Միքայել Սանթրոսյանը նշեց, որ տեսչական մարմինը սեփական տարածքներում վերահսկողություն չի իրականացնում: «Օրենսդրական խնդիրներ ունենք: Բնապահպանական վերահսկողության մասին օրենքով բնապահպանական վերահսկողություն՝ կենդականան և բուսական աշխարհին պատճառած վնասներ հաշվարկելը, չի տարածվում սեփական տարածքների վրա: Չենք կարող բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասների հատուցման սակագին ասել: Այն չի կիրառվում սեփական տարածքների վրա, չի կիրառվում նաև վարձակալության, պայմանագրային հիմունքներով ձեռք բերված տարածքների վրա: Աշխատում ենք այդ օրենքի վրա: Առաջարկներ պետք է ներկայացնենք, որպեսզի կարողանանք հնարավորության դեպքում գոնե վարձակալությամբ տարածքների վրա, որոնք պայմանագրային հարաբերություններով են կարգավորվում, վերահսկողություն իրականացնել»,- ասաց նա:
Իր հերթին Անտառային կոմիտեում խորհրդական Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ անտառային համակարգը վերականգնելու մի մեխանիզմ ունի Անտառային օրենսգիրքը, որը, սակայն, չի գործում: «Օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն՝ այն տարածքներում, որտեղ հատումներ են եղել կամ անտառ չկա, մասնավորը կարող է վերցնել անհատույց վարձակալության անտառ տնկելու համար: Անտառը տնկելուց հետո իրավունք կունենան այդ անտառը սեփականաշնորհել: Բայց երկիրը պետք է օգնի մասնավորին, սուբսիդիաներ անի, ազատի հարկերից, տնկանյութ տրամադրի, որպեսզի մեխանիզմը սկսի աշխատել»,- ասաց նա:
Փորձագետ Ռոզա Ջուլհակյանն առաջարկեց տարածքի սեփականշնորհման դեպքում գոնե պահպանել ելային վիճակը. «Տասը ծառ է եղել, այդ տասը ծառը պահպանվի և դա պայմանագրային պարտականությունների մեջ մտնի: Այդ դեպքում դուք կլինեք առաջարկող, պայմանագրի կողմ և կարող եք վերահսկել դրանց կատարումը»,- ասաց նա:
«ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը հետաքրքվեց, թե, ի վերջո, ինչու Թեղուտում անտառ չտնկվեց: «Թեղուտի հետ կապված ունենք հարուցված քրեական գործ: Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի վարչությունում է գտնվում: Մասնագիտական ստուգում նշանակելու մասին որոշում է կայացված Թեղուտի հանքավայրում: Արդեն ուղարկված է մեզ: Մոտ ժամանակներս է նախատեսվում ստուգումը: Պետք է քննիչի կողմից առաջադրված և մեր լիազորությունների շրջանակում գտնվող հարցերին տրվեն պատասխաններ: Փայտանյութի շարժի հետ է կապված, թե ինչ ծավալի փայտանյութ է առաջացել, 357 հա-ից որքան շինափայտ, որքան՝ վառելափայտ»,- պատասխանեց տեսչական մարմնի ներկայացուցիչը:
Մայիս 17, 2021 at 14:37
