

«Արմօյլ» ՓԲԸ-ի տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս մասին որոշումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կայացրել է հուլիսի 28-ին:
Ըստ որոշման՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետին պետք է ներկայացնի «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցված գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի կողմից առաջարկվող համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով:
Հիշեցնենք, որ «Արմօյլ» ընկերությունը նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ Նատի թաղամասի բնակելի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Այս գործարանի կառուցումը մեծ աղմուկ բարձրացրեց տեղի բնակիչների, հարակից բիզնեսների շրջանում: Բնակիչներն ահազանգում էին, որ գործարանը շատ մոտ է գտնվում բնակելի տներին ու այգիներին, և իրենք չեն կարող ապրել նման վտանգավոր արտադրության կողքին: Բացի այդ, գործարանը կառուցելիս նրանց կարծիքը հաշվի չի առնվել:
Գործարանը կառուցվել էր առանց բնապահպանական փորձաքննության անցկացման: Իսկ 2019թ-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ գործարանը կառուցվում է ՀՀ-ում գործող շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների որոշակի խախտումներով: Մասնավորապես, որոշ տարողություններից մինչև ճանապարհ, բնակելի տներ և հարևան կազմակերպություն պահպանված չեն նվազագույն միջտարածությունները:
Օգոստոս 02, 2021 at 18:07