

Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ բախշման արդյունքում Ախուրյանի գետավազանում գործող մի շարք ՓՀԷԿ-երում առաջացել են խնդիրներ` կապված ջրօգտագործման ռեժիմների հետ: ՓՀԷԿ-երի միջև ջուրը ոչ հավասարաչափ է բաշխված, ինչի արդյունքում առկա է շահերի բախում: Խնդրի կարգավորման համար Շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման մեջ, որն ընդունվեց ՀՀ կառավարություն օգոստոսի 18-ի նիստում:
Որոշման հիմնավորման մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ախուրյանի գետավազանում գործող ՓՀԷԿ-երի խնդիրները բարձրացվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից` փաստելով, որ Ախուրյան գետավազանում գործող մի շարք ՓՀԷԿ-երի կողմից շուրջտարյա ռեժիմով ջրօգտագործումը բացասական ազդեցություն է ունենում ՓՀԷԿ-երի և այլ ջրօգտագործողների վրա: Շուրջտարյա ռեժիմով ջուրն օգտագործելու պայմանում և դրանով պայմանավորված Ախուրյանի գետավազանում բավարար ջրաքանակի բացակայության պատճառով այլ ՓՀԷԿ-եր չեն կարողացել շահագործվել` կրելով էական վնասներ:
Ելնելով այն հանգամանքից, որ ՓՀԷԿ-երի խնդիրների լուծումը կապված է Շրջակա միջավայրի նախարարության անմիջական լիազորությունների հետ, ՀՀ գլխավոր դատախազությունը առաջարկել է գործադրել նախարարության լիազորությունների մեջ մտնող գործիքակազմերը՝ հայտնաբերված խնդիրների հետևանքները վերացնելու համար»:
Ընդունված որոշմամբ Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը լրացվել է նոր կետով, ըստ որի՝ ոռոգման սեզոնին Ախուրյան գետից սնվող աջափնյա ջրանցքի ջուրը պետք է օգտագործվի միայն ոռոգման նպատակով: Վերանայվել են սահմանված բնապահպանական թողքի արժեքները: Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը լրացվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» N 64-Ն որոշմամբ հաստատված պահպանման տարածքներով և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքներով, որոնք ջրավազանային կառավարման մոդելային նոր պլանի հիմնական մասերից մեկն են:
Որոշման ընդունմամբ հնարավոր է սահմանված կարգով վերանայել վեճի կողմ հանդիսացողներին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների պայմանները, մասնավորապես ջրային ռեժիմը՝ ջրօգտագործողների կողմից շահերի բախումը հետագայում բացառելու նպատակով։
Օգոստոս 18, 2021 at 18:36