Հայաստանն այսօր տոնում է բնության հատուկ պահպանվող տարածքների օրը

Հայաստանն այսօր տոնում է բնության հատուկ պահպանվող տարածքների օրը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանը նշում է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) օրը: 2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:

Այսօրվանից մեկնարկել են և մեկ ամիս շարունակ ԲՀՊՏ-ներում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական շրջայցեր, էկոկրթական դասընթացներ: «Սեպտեմբերի 17-ին նախատեսվում է մեծամասշտաբ միջոցառում, կլինեն դեսպանների այցեր բնության հատուկ պահպանվող տարածքներ»,- ԷկոԼուրին տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը:

Ներկայումս Հայաստանում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 387054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը: ԲՀՊՏ-ներում կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը:
 
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որշման հիմնավորման մեջ նշված է, որ որոշումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը,  բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը, կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքները՝ որպես պետական սեփականություն, պահպանմանը, դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատվության բարձրացմանը:

Սեպտեմբեր 13, 2021 at 19:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր