Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը քաղհասարակության նամակին՝ Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը քաղհասարակության նամակին՝ Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է քաղաքացիական հասարակության՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին ուղղված նամակին, որում պահանջ էր դրված մերժել Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագիծը: Նամակը հեղինակել էին «ԷկոԼուր», «Հայաստանի անտառներ», «Ինֆորմացիայի ազատության կենտոն», «Կանաչ Հայաստան», «Բնապահպանական հասարակական միություն», «Գոյ», «Յանուս» ՀԿ-ներն ու Երևանի մի խումբ բնակիչները:

Նախարարությունից մասնավորապես հայտնում են, որ «Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործմանը վերաբերող հարցերին կարող են անդրադառնալ Ընդերքի մասին օրենսգրքով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով, նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համապատասխան փաթեթ ներկայացնելու դեպքում միայն: 

Նախարարության պատասխանն ամբողջությամբ ստորև. 

«Ի պատասխան Ձեր 2021թ. նոյեմբերի 16-ի գրության հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշման հավելվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ հանրային ծանուցումը և քննարկումներն առաջին և երրորդ փուլերում, ձեռնարկողի հետ համատեղ իրականացնում են հիմնադրութային փաստաթղթի դեպքում՝ մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը կամ համապատասխան ազդակիր վարչական շրջանի ղեկավարը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում՝ ազդակիր համայնքի ղեկավարը։ 

  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ներկայացվող հայտը պետք է պարունակի հանրության ծանուցման, հանրային լսումների և տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության վերաբերյալ տեղեկատվություն,

  • Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով և վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N659-Լ որոշմամբ օգտակար հանածոների պաշարների հաստատման, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման, զգուշացման, դադարեցման և հաշվառման լիազորությունները վերապահված են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ, համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N437-Ն որոշման, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և հանդիսանում է ընդերքօգտագործման պայմանագրի կողմ,

  • Համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1 մասի 1-ին կետի՝ ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման, այդ թվում ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերին համապատասխան բնապահպանական (այդ թվում՝ ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման պահանջների ու պայմանների պահպանման ապահովման իրավասությունները ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշմամբ վերապահված են Կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, 

  • Շրջակա միջավայրի նախարարությունը «Տրավ Սթոուն Գրուպ» ՍՊ ընկերության՝ Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործմանը վերաբերող հարցերին կարող է անդրադառնալ Ընդերքի մասին օրենսգրքով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով, նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համապատասխան փաթեթ ներկայացնելու դեպքում»:

Հիշեցնենք, որ նույն բովանդակությամբ նամակ էր ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ գործող քաղաքային իշխանությունների պաշտոնավորման օրոք մերժվել են նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը և նախաձեռնել են գործող և լքված հանքավայրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետազոտություն: 

 

Դեկտեմբեր 02, 2021 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր