

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տրամադրել «Էներջի Էս Ջի Էյ» ընկերության՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում 4.81 ՄՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը:
Կայանի կառուցման համար կներդրվի 3.3 միլիոն դոլար: Այն կզբաղեցնի 4.25 հեկտար տարածք և կշահագործվի 25 տարի:
Բնապահպանական եզրակացության պահանջներից է շահագործման ավարտից հետո թվով 10.764 վնասված կամ ժամկետանց արևային ֆոտովոլտային մոդուլները, որպես վտանգավոր թափոնատեսակ, պահեստավորել, տեղափոխել, վերամշակել կամ վնասազերծել ընկերության միջոցներով:
Ընկերությունն իր հայտում վտանգավոր թափոնների հստակ կառավարման պլան չէր առաջարկում, այլ թվում էր հնարավոր տարբերակները՝ նշելով. «Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի զարգացած երկրներում, դեռևս գոյություն չունի արևային կայանների սարքավորումների, մասնավորապես ֆոտոէլեմենտներ պարունակող պանելների և այլ ուղեկցող մասերի՝ որպես թափոնատեսակի, լուծումները»։
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն էր տվել նաև Արագածոտնի մարզի Թալին համայնքում մեկ այլ՝ «Դիզափայտ» ՍՊԸ-ի 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը: Այստեղ ևս պարզաբանված չէր թափոնների կառավարման հարցը:
Դեկտեմբեր 17, 2021 at 09:16