

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում մաքսային արտոնություններ տրամադրեց արևային էներգետիկայի ոլորտի 2 ընկերության: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Առաջինը «Մագնակ Սոլար» ՍՊԸ-ն է, որը նախատեսում է կառուցել «Արև-1» և «Արև-2» արևային ֆոտովոլտային կայանները՝ յուրաքանչյուրը 5000 կՎտ հզորությամբ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 635 միլիոն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը 61 միլիոն դրամ է:
Կայանները կառուցվելու են Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք և Շողակաթ գյուղերում: Յուրաքանչյուր կայանը տարեկան կարտադրի 10.5 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Կայանների կառուցման համար կներդրվի 3.6 միլիարդ դրամ, որից 2.9 միլիարդ դրամը՝ սարքավորումների, 30 միլիոն դրամը՝ հողի, իսկ 700 միլիոն դրամը՝ շինարարական և նախագծային աշխատանքների համար: Արդեն ներդրված է 3 միլիարդ դրամ: Ընկերությունը ունի էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ մինչև 2042թ-ի ապրիլի 2-ը:
Մաքսային արտոնություն ստացած երկրորդ ընկերությունը «Շարոսոլար» ՍՊԸ-ն է, որը նախատեսվում է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կառուցել «Շարոսոլար 1» արևային ֆոտովոլտային կայանը՝ 4810 կՎտ հզորությամբ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 69.5 միլիոն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 5.5 միլիոն դրամ:
Կայանի տարեկան արտադրողականությունը 10.5 մլն կՎտ/ժ է: Կայանի կառուցման համար կներդրվի 1.8 միլիարդ դրամ, որից 1.4 միլիարդ դրամը՝ սարքավորումների, 17 միլիոն դրամը՝ հողի, 350 միլիոն դրամը՝ շինարարական և նախագծային աշխատանքների համար: Արդեն ներդրվել է 1.5 միլիարդ դրամ:
Ընկերությունը ունի Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա մինչև 2041թ-ի դեկտեմբերի 25-ը:
Դեկտեմբեր 09, 2021 at 17:20