«Ռոսատոմը» և Հայկական ԱԷԿ-ը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին

«Ռոսատոմը» և Հայկական ԱԷԿ-ը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին

ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան ու «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին: Այս մասին հայտնում է «Ռոսատոմ օվերսիս» ԲԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Հուշագիրը ստորագրվել է Դուբայում անցկացվող «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ՝ հունվարի 20-ին կայացած Փոքր հզորությամբ ատոմային էլեկտրակայանների ռուսական օրվա միջոցառման ժամանակ  «Ռոսատոմ օվերսիս» ԲԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի կողմից։

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ մշակելու հնարավորություններ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա, ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման համար։

«Աշխարհի շատ երկրներում կայուն էներգաապահովման անքակտելի մասն է ռուսական ժամանակակից ատոմային տեխնոլոգիայի օգտագործումը: Վստահ եմ, որ նոր ատոմային էլեկտրակայանների կառուցմանն ուղղված մեր հետագա համագործակցությունը  կարևոր գործոն կլինի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և բարեկեցության աճի համար, այլև մեր երկու երկրների ամուր, բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար»,- ասել է «Ռոսատոմ օվերսիս» ԲԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը:

«Հայաստանն ուշադիր հետևում է հակաածխածնային ոլորտում համաշխարհային միտումներին և համատեղ տեխնոլոգիաների զարգացմանը: 1977թ-ից սկսած Հայաստանի միակ ատոմակայանն արտադրում է ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը և համարվում է էներգիայի մաքուր և վստահել աղբյուր: Նրա շահագործման ժամկետի ավարտից հետո մենք ցանկանում ենք հետագայում ևս ատոմային էներգետիկա ունենալ երկրի էներգաբալանսում, դրա համար առաջին հերթին դիտարկում ենք ռուսական ժամանակակից ատոմային տեխնոլոգիաները, որոնք աշխարհում առաջատար են»,- ասել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը)» համաձայն, ՀՀ կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերջնաժամկետ է սահմանել 2035 թվականը: 

Հունվար 21, 2022 at 11:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր